good-banner
Լրահոս

Խուճապ իշխանության շարքերում. Ինչ են պարզել ՊՆ նախարարից

 

arm146089117047

lragir.am-ը գրում է. Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ-ի նիստը, որին հրավիրվել է նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստից հետո ավանդական ճեպազրույցը տեղի չի ունեցել, որի ժամանակ սովորաբար լրագրողներին հայտնում էին, թե ինչ հարցեր են քննարկվել եւ ինչ որոշումներ ընդունվել: Այս անգամ ՀՀԿ-ականները խուսափել են հարցերից, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միայն ասել է, որ Սեյրան Օհանյանը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը:
Սեյրան Օհանյանի մասնակցությունը նիստին հետաքրքիր է, ինչ որ առումով՝ անակնկալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը սովորաբար կարեւորագույն հարցերով չի կիսվում անգամ իր մերձավորների հետ, ուր մնաց՝ ՀՀԿ-ի: Արդյոք ներկայում ինչ որ հարցեր են առաջացել ՀՀԿ-ի հետ, կամ ՀՀԿ-ն ինչ որ վտանգ է զգացել:
Հնարավոր է՝ հարցեր իսկապես առաջացել են, հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության հակասական պահվածքն ու հայտարարությունները, ինչպես նաեւ ՀՀԿ-ի խայտառակությունը:
Ռազմական գործողությունների օրերին ՀՀԿ-ն ընդհանրապես սսկվել էր, իսկ Սերժ Սարգսյանն այդպես էլ մինչ օրս հանրությանը չի ներկայացրել, թե ինչ է կատարվել այդ օրերին: Նա միայն հայտարարություններ էր անում արտաքին շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում, որոնք սակայն այդպես էլ շարունակություն չէին ունենում, ավելին՝ երբեմն հակասում էին միմյանց:
Նկատելի էր զգալի շփոթվածություն իշխանության շարքերում, ինչպես նաեւ հակասություններ քաղաքական եւ ռազմական ղեկավարների հայտարարությունների միջեւ, որոնք երբեմն իրարամերժ էին: Տպավորություն էր, որ չկար միասնական ինչ որ դիրքորոշում, քաղաքական մշակված գիծ:
Իսկ ապրիլի 5-ին հաստատված այսպես կոչված զինադադարն ավելի սրեց իրավիճակը: Հայկական ուժերի հակագրոհը եւ սահմանագիծն ապրիլի 1-ի դրությամբ վերականգնելու մտադրությունը, որի մասին խոսում էր ռազմա-քաղաքական ղեկավարությունը, կասեցվեց: Բացի այդ, հայկական կողմը նահանջեց իր բառացիորեն մեկ օր առաջ հռչակած քաղաքական դիրքորոշումից:
Վերջին օրերին նկատելի է դարձել նաեւ, որ փորձ է արվում ինչ որ կերպ լղոզել, «սվաղել» այդ օրերի քաղաքական եւ ռազմական ղեկավարության հայտարարությունների հակասականությունը:
Ըստ ամենայնի, իշխանությանը շփոթեցրել էր համազգային զարթոնքի ալիքը, որը դարձել էր անվերահսկելի, առավել եւս հանրության բարձրացրած հարցերի համատեքստում: Օրինակ, ինչու ադրբեջանական գրոհի ժամանակ այդ ուղղություններում չի գործել տարրական կապը դիրքերի միջեւ, ինչու չի աշխատել հետախուզությունը, որտեղ են եղել հետախույզները, ինչու է կասեցվել հայկական ուժերի գրոհը, ինչու զինվորները զրկված են եղել տարրական պարագաներից ու հնարավորություններից, ով է գողացել անվտանգության ու պաշտպանության համար նախատեսված փողը, ում գրպաններում է այն «նստել», եւ այլն:
Ըստ ամենայնի, իշխանությունը հույս է ունեցել, որ այս հարցերը կխլացվեն հայրենասիրական պաթոսի, հայ զինվորի անօրինակ հերոսությունների վերաբերյալ պատմությունների ֆոնին: Սակայն դա տեղի չունեցավ, եւ չէր էլ կարող տեղի ունենալ, քանի որ ժողովուրդը զգացել է իր արժանապատվության ու պատասխանատվության արժեքը:
Ահա այս ֆոնին, առավել ընդգծվել է իշխանության, իշխող կուսակցության անհամարժեքությունը, անգործունակությունը եւ պետական հանցագործության աստիճանը: Ժողովուրդը պաշտպանել է երկիրը եւ հիմա հարցեր է տալիս, որոնցից անհնար է փախչել:
Իսկ ինչպես է արձագանքել իշխանությունը: Թվում էր, ուշքի գալով առաջին օրերի շոկից, այն պետք է ինչ որ հետեւություններ աներ եւ փորձեր մի քանի համարժեք քայլերով մեղմել իրավիճակը, հանրությանը պարզաբաներ իրադարձությունների էությունը եւ առաջիկա անելիքները: ՀՀԿ ԳՄ նախորդ նիստից հետո, սակայն, իշխանության առաջին արձագանքը մոտավորապես հետեւյալն էր՝ բա ասում էին էսքանից հետո ժողովուրդը չի կռվի, տեսա՞ք ոնց եղավ, ժողովուրդը թող գնա երկիրը պաշտպանի ինչպես ուզում է, թող զոհվի, մեզնից ի՞նչ եք ուզում: Այսինքն, ՀՀԿ-ին երկրի պաշտպանությունը հուզում է այնքանով, որքանով հանկարծ իրենց սեփականությանը եւ իրենց ընտանիքներին վնաս չլինի:
ՀՀԿ-ն փաստացի հայտարարեց պատասխանատվությունից հրաժարվելու մասին: Իսկ դա էլ նշանակում է, որ ՀՀԿ-ն խոստովանել է իր հանցավոր ու հակապետական բնույթը, եւ այդ խոստովանությունն անկասկած օգտագործվելու է հենց իր դեմ:
Եվ ահա, ՀՀԿ-ն մի քանի օր անց կրկին հավաքվել է եւ հրավիրել Սեյրան Օհանյանին: Բացատրությունը, թե հրավիրել են սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու համար, ծիծաղելի է: ՀՀԿ-ին հուզել է իր ճակատագրի հարցը, առավել եւս, որ բանակում նույնպես՝ սպաների ու զինվորների մոտ, հասունանում է լուրջ դժգոհություն, քանի որ հենց ռազմական գործողությունների ընթացքում է պարզվել պետական հանցագործության աստիճանն ու ծավալները:
Ամենայն հավանականությամբ, Սեյրան Օհանյանից փորձել են պարզել հենց այդ դժգոհության աստիճանը, կամ էլ նրան հրավիրել են եւ փորձել պարզել՝ նախարարն «ում կողմից» է:
Բանակի ու ժողովրդի միասնությունը լուրջ ուժ է, անհաղթելի ուժ, որն ընդունակ է խառնել ցանկացած ծրագիր:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am