Խուճապ վերեւներում. Երկրորդ զտումը

0

Բանակի թեման կրկին ուշադրության կենտրոնում է ապրիլյան պատերազմից հետո: Եվ եթե այն ժամանակ թեման արծարծվեց հիմնականում սպառազինության ու այլ մատակարարումների անբավարարության մասով, ներկայում առաջնային պլանում է «արդարությունը»: Այս օրերին Ազգային ժողովը քննարկում է մի շարք օրինագծեր, որոնք վերաբերվում են պաշտպանության կազմակերպմանը, զինծառայությանը եւ սոցիալական խնդիրներին:

Այս քննարկումների ֆոնին բարձրացվել է հավասար զինծառայության խնդիրը: Չնայած օրենսդրական սահմանափակումներին, բարձր պաշտոններ են ստանում զինծառայություն չանցածները: Բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն այս կամ այն օրենսդրական «անցքերով» խուսափում են զինծառայությունից: Բանը հասավ այնտեղ, որ «բացահայտվեց», որ այդ օրենքները ներկայացնող պաշտպանության նախարարը եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը զինծառայություն չեն անցել:

Նշվում է, որ մարդիկ, տեսնելով այս ամենը, փորձում են ամեն կերպ իրենց որդիներին ազատել ծառայությունից: Խորհրդարանում նշվեցին նաեւ տվյալներ զինծառայությունից խուսափածների մասով հետախուզման մեջ գտնվող անձանք ահռելի թվաքանակի, բանակից ազատվածների գաղտնի պահվող, բայց կրկին ահռելի թվերի մասին:«Ժամանակ» թերթը գրում է, թե իշխանական վերնախավում որոշակի խուճապային տրամադրություններ են նկատվում: Բարձրագույն ղեկավարությանը ներկայացվել են չծառայած նախարարների, փոխնախարարների, աշխատակազմերի ղեկավարների ու ստորաբաժանումների ղեկավարների ցուցակները, որոնց գերակշիռ մասը չի ծառայել, եւ հնարավոր է 2018-ին նրանց պաշտոնները իջեցնեն։

Հետաքրքիր տեղեկություն է, հատկապես այն մասով, որ բարձրագույն ղեկավարությունը սկսել է ուսումնասիրել պաշտոնյաների կենսագրությունը, զինծառայության մասով իրավիճակը պարզաբանելու համար:Ապրիլյան պատերազմից հետո բանակի մատակարարումների ու կոռուպցիայի մասով ստեղծված իրավիճակը բարձրագույն ղեկավարությունն օգտագործեց իշխանության վերաձեւման երկրորդ փուլը սկսելու համար: Հեռացվեց հեղաշրջման արդյունքում կառավարությունը «գրաված» խումբը, եւ սկսվեցին ակտիվ վերադասավորումները:

Ըստ ամենայնի, բանակի շուրջ այս երկրորդ կենտրոնացումը, եւ մասնավորապես զինծառայության արդարության թեման դառնալու է իշխանության անցման ներկայիս փուլի «ֆիլտրը», որի միջոցով էլ կատարվելու է նոր իշխանության զտումը: Դրա նախանշաններն արդեն երեւում են, դա լիովին տեղավորվում է «անվտանգության հայեցակարգի» տրամաբանության մեջ, որով ընդգծվում է բարձրագույն իշխանության անայլընտրանքայնությունը:



Загрузка...