Ե՞րբ է իրական Փաշինյան-Ալիև հանդիպումը

155

1in.am — Երեկ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականին տված բացառիկ հարցազրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հորդորել է չշտապել Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման ժամկետների հարցում: Այնուամենայնիվ, նախարարն անմիջապես ակնարկել է, որ ուղղակի շփումներ կարող են լինել ոչ թե ամիսների, այլ շաբաթների ընթացքում: Նման ակնարկը հուշում է, որ դիվանագիտական խողովակներով այս օրերին ակտիվորեն քննարկվում է ԼՂ խնդրի բանակցային գործընթացը վերսկսելու հարցը:

Մյուս կողմից՝ բանակցային գործընթացի ռեստարտի համար օբյեկտիվորեն բացակայում են պոզիտիվ ազդակները: Թավշյա հեղափոխությունն անշուշտ բանակցային գործընթացում ուժեղացրել է Հայաստանի դիրքերը, ինչի դրսևորումը մենք տեսանք իշխանափոխության արդեն հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում բարձրացրեց բանակցային գործընթացին Արցախի մասնակցության վերականգնման հարցը: Բաքվի բացասական արձագանքը հետևեց անմիջապես, ինչը կանխատեսելի էր, սակայն դրանով ավելի ամրապնդվեց այն կարծիքը, որ առաջիկայում հնարավոր չէ բեկում ակնկալել բանակցային գործընթացում:

Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության վերականգնման հարցում պաշտոնական Երևանի մոտեցումն առայժմ ոչ միայն չի ընդունվում Բաքվում, այլ նաև առնվազն չի խրախուսվում միջնորդների և միջազգային լուրջ փորձագետների կողմից: ԼՂ խնդրում միջազգային լավագույն փորձագետներից մեկը՝ Թոմաս դե Վաալը, ծավալուն հոդվածով հանդես է եկել Strategic Europe-ում և անդրադարձել է նաև այս խնդրին: Փորձագետն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Փաշինյանի առաջարկը, սակայն հասկացնում է, որ լսելի պետք է լինի ոչ միայն Արցախի հայերի, այլ նաև այնտեղից հեռացած ադրբեջանցիների ձայնը:

Նման կոնֆիգուրացիան, բնականաբար, չի կարող բավարարել հայկական կողմին, որովհետև այդ դեպքում Արցախի սուբյեկտությունը ոչ թե վերականգնվում, այլ տարրալուծվում է: Մյուս կողմից՝ միջազգային հանրությունը հասկանում է, որ Հայաստանում հեղափոխությունը կամ դասական ձևակերպմամբ՝ ընտրական գործընթացը ավարտվելու է միայն խորհրդարանական ընտրություններում, ինչը ենթադրում է, որ Փաշինյանի ժամանակավոր կառավարության հետ նպատակահարմար չէ խոսել կարգավորման հեռանկարների կամ կարգավորման կոնկրետ տարբերակների մասին:

Այս ամենը ենթադրել է տալիս, որ առաջիկա ամիսներին միջնորդների հիմնական առաքելությունը պետք է լինի այսօրվա ստատուս քվոյի, այսպես կոչված՝ հարաբերական խաղաղության ռեժիմի պահպանումը: Սա կենսականորեն բխում է նաև Հայաստանի կառավարության շահերից, որն առաջիկա ամիսներին օբյեկտիվորեն կենտրոնացած է լինելու ներքին խնդիրների վրա և շահագրգռված է կայունությամբ, որովհետև բանակցային գործընթացի հնարավոր տապալումը կամ նոր պատերազմի վերսկսումը կարող են զգալիորեն չեղարկել թավշյա հեղափոխության դրական էֆեկտը:

Արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությունը հավատարիմ կմնա, այսպես կոչված, դիվանագիտական դադարի ռեժիմին, թե՞ կթեժացնի առաջնագիծը՝ տեսանելի կլինի առաջիկա շաբաթների ընթացքում:



Загрузка...