good-banner
Լրահոս

Եհովան դպրոց է հասել, ո՞վ է տերը…

 

Եհովան դպրոց է հասել, ո՞վ է տերը
Միլիոնավոր ներդրումների տեսլականն անկարող է ուղղել մեր կրթական համակարգի ծուռ ողնաշարը: Կրթադաստիարակչական հստակ հայեցակարգ մշակելու փոխարեն նախարար Մկրտչյանն էլ իր հերթին է համակարգի կիսախարխուլ պատերը տաշում. տնօրենների նշանակման ձևաչափ մշակում՝ կոռուպցիոն ռիսկերի մեծ հեռանկար բացելով, ավատրական դասարանների առարկայական <բեռնաթափում> ծրագրում՝ կրկնուսույցի անհրաժեշտությունը մնում է անխուսափելի, խրթին ու անմատչելի քանի՞ անուն դասգիրք է հրատարակվել ու շրջանառության մեջ չի դրվում՝ պետբյուջեին մեծ վնաս պատճառելով:
Որպես չգրված օրենք՝ Հայաստանին հասցված նյութական վնասի համար վերադասը պատասխանատվության չի ենթարկվում, առավելագույնը՝ <կուժը կոտրվում է> ենթակայի գլխին: Հայաստանում պատգամավորական մանդատը շատերի համար կենսական անհրաժեշտություն է, անձեռնմխելիության երաշխավոր: Նրանց հոգը չէ մատաղ սերնդի կրթադաստիարակչության ռազմավարական նշանակությունը պետականաշինության գործում: Աթոռների ամրագրման խայտառակ պայքարի ստվերում, աղանդները բացահայտ շարունակում են իրենց որսը. <Եհովայի վկաներ> աղանդավորական կազմակերպության քարոզիչները այժմ անարգելք հոգեորսություն են անում դպրոցների տարածքներում՝ խեղելով մատաղ սերնդի ներաշխարհը, նրա ազգային-հոգևոր աշխարհընկալումը:
Անտարբերության անամոթ շղարշով աչք փակեցինք ամեն ինչի առաջ. աղանդավորական կառույցներին պատվեցինք ինքնադրսևորվելու և ազատ գործելու հնարավորությամբ՝ հանուն անբարո եվրոբարքերի հաճոյության ու նրանց տված հոնորարների: Աղանդների միջազգային ֆինանսական աղբյուրներից օգտվելով՝ մեր պետական և հոգևոր այրերը շարունակում են անտեսել ազգային և հոգևոր արժեքների խեղումը Հայաստանում:


Աղանդավոր <առաքյալներին>՝ հաճախ ճամփադ կտրող եհովայի վկաներին, հասուն մարդը կարող է ընդդիմանալ, հակադարձել գիտելիքներով, վանել իրենից, իսկ մանկահասակ երեխաները խոցելի են և անպաշտպան են անգամ դպրոցի բակում:
Մատաղ սերնդի հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը այլևս եկեղեցու խնդիրը չէ. պետական և եկեղեցական տոնակատարություններում հնչած հայրապետական խոսքն առ ոչինչ է, եթե գործ չի դառնում: Պաթետիկ խոսքերով հնարավոր չէ սատարել ժողովրդին, ով ոչ միայն տնտեսական, այլև հոգևոր ճգնաժամ է ապրում: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը ձեռնպահ է մնում մասնակցություն ունենալ հայ ժողովրդի ազգային, հոգևոր ու պետականաշինության գործում, առավելագույնը՝ դրանք որպես ցանկություն մնում են Կոնդակի վրա:
Աղանդավորական կառույցները, մի շարք արտոնություններից օգտվելով, տնավորվել են մեր երկրում: Եհովայի վկաները փոխել են իրենց մարտավարությունը, այժմ թիրախում մանկահասակ երեխաներն են՝ դպրոցահասակ երեխաների շրջանում տարածվող <Իմ դասը Աստվածաշնչից> գրքույկը դրա վառ օրինակն է: Պատկերազարդ գրքույկում նշված է, որ այն նախատեսված է երեք տարեկան և ավելի փոքր տարիքի երեխաների համար, սակայն իր պատկերազարդ գրավչությամբ ու պարզ ընթեռնելիությամբ այն հասանելի է նաև տառաճանաչ փոքրիկներին: Առաջին թեման ուսումնասիրելուց հետո, երեխայի ստացած ինֆորմացիան ստուգելու համար տրված առաջին հարցին եմ ուզում հրավիրել ձեր ուշադրությունը <Հարցրեք ձեր երեխային, թե… ինչ է Աստծու անունը, որտեղ է ապրում Եհովան, ինչ է նա ստեղծել>:
Ակնհայտ է, այս գրքույկը չափազանց լուրջ մարտահրավեր է ուղղված հայ ժողովրդի ազգային անվտանգությանը, նրա հոգևոր արժեքներին: Մինչ Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդվում է հանրակրթական դպրոցների միջին դասարաններում, Եհովայի վկաները ծրագրավորված, մեկ քայլ առաջ անելով, անցել են գրոհի՝ թիրախում ունենալով տարրական դասարանների առավել խոցելի ու անպաշտպան երեխաներին: Գրքույկն ավարտվում է այս փոքրիկ բանաստեղծությունով.
<Հայելու մեջ նայիր քեզ,
Ու տես՝ ինչքան լավիկն ես,
Եհովայի ստեղծածն ես,
Նրա փոքրիկ հրաշքն ես>:

Տևական ժամանակ զբաղեցնելով ՀՀ կրթության նախարարի պաշտոնը պարոն Մկրտչյանը նոր է նկատում դասագրքերում (և ոչ միայն) «բեկումնային փոփոխություններ» կատարելու հրամայականը: Ավա՜ղ, Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումներ ասվածը միայն գեղեցիկ հայերեն արտահայտություն է և ուրիշ ոչինչ…
Եհովան դպրոց է հասել, ո՞վ է տերը…

Ջեմմա Բաղդադյան

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing