«Եկել է հնձի ժամանակը՝ ինչ ցանել են, այն էլ կհնձեն».

1

«Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» վանկարկելով՝ «Իմ քայլը» նախաձեռնության, «Հայաստանի փրկության ճակատի» և «Մերժիր Սերժին» շարժման անդամներն ու համախոհներն առաջ են շարժվում: Թեև իրենք՝ ակցիայի կազմակերպիչները, պնդում են, որ միասնական են և հասնելու են նպատակակետին, սակայն արդեն իսկ նրանց օրակարգում անհամաձայնություններ են նկատվում:

Մասնավորապես՝ «Հայաստանի փրկության ճակատի» անդամները ցանկանում են օրակարգում տեսնել նաև «Սասնա ծռերի» քաղբանտարկյալների հարցը, որը, կարծես թե, գոնե առայժմ, Նիկոլ Փաշինյանը չի ուզում բարձրաձայնել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախաձեռնող խմբերում կան այլ վիճելի հարցեր ևս: Թե այս ֆոնին ինչ զարգացումներ կարելի է սպասել, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը վաղ է համարում կանխատեսումներ անել:

Ամեն դեպքում, նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ քաղաքական դաշտում արդեն իսկ ընդունված գործելաոճ է՝ այլ քաղաքական ուժի պարտադրել սեփական օրակարգը կամ դրա պատկերացումները:

«Ես չեմ ուզում խոսել երկու տարի առաջ «Սասնա ծռերի» և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ «փոխհրաձգությանն» ու Փաշինյանի տված որակումներին: Գիտեմ, որ Նիկոլը զերծ կմնա այդ ամենից, բայց եթե այսօր «Քաղաքացիական պայմանագիրն» իր օրակարգում խնդիր է դրել՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանի վարչապետությունը, ապա մյուսների պահանջը՝ օրակարգը ծանրաբեռնել այլ խնդիրներով և պահանջել առաջնահերթություններ փոխել, ճիշտ չէ: Հիմա լավ է դա, թե վատ՝ ՔՊ-ն այդ խնդիրն է դրել, և դա քննարկման առարկա չէ»,- նկատեց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակել է իր ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ նրա հիմնական մարտահրավերը հանրային մոբիլիզացիում ապահովելու խնդիրն է, իսկ թե որքանով այն կստացվի, Ստյոպա Սաֆարյանը վաղ է համարում գուշակել:

«Կարծում եմ՝ ո՛չ թե այսօր, այլ ավելի շատ առաջիկա օրերին կտեսնենք արդյունքը, քանի որ այժմ կարծես եկել է հնձի ժամանակը. քայլարշավի ընթացում ինչ ցանել են, այն էլ կհնձեն»,- ասում է քաղաքական վերլուծաբանը:

Նա վստահ է, որ անկախ այն բանից, թե այս երեք նախաձեռնություններն ինչ օրակարգ ունեն և ինչպես են դա անում կամ ինչ չափով է նրանց մոտ այդ ամենը ստացվում, չի կարելի անտեսել, որ այս լճացման սպառնալիքին ընդառաջ այս ամենը քաղաքացիական ու քաղաքական անհամաձայնություն է, որը թույլ չի տալիս Հայաստանը վերածել Ադրբեջանի նման մի երկրի, որտեղ անգամ այդ բողոքը չես կարող արտահայտել: Այս առումով էլ հենց Ստյոպա Սաֆարյանը գնահատում է շարժումը:

«Ի վերջո, անկախ այն բանից՝ ընդդիմադի՞ր ես, ծրագիրը կիսո՞ւմ ես, թե՞ չէ, գոնե այս պահին հիմնական դիմադրության ճակատն է դա»,- ասում է Սաֆարյանն ու միաժամանակ նկատում, որ մյուս կողմից էլ այս ամենը բավականին ռիսկային է:

«Ես չգիտեմ՝ որքանո՞վ են «Հայաստանի փրկության ճակատը» կամ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները կիսում «Իմ քայլը» միավորման հայացքներն ու օրակարգը և ինչի շուրջ ունեն համաձայնություններ, բայց չեմ պատկերացնում միավորում. մի խումբը փորձում է օրակարգում դնել այլ խնդիրներ, քան դրված են «Քաղաքացիական պայմանագրի» օրակարգում: Եթե գա նաև գործողությունների ժամանակը, մենք այդ դեպքում ևս կտեսնենք ռիսկեր, կոնֆլիկտներ: Այն ուժերը, որոնք հակված են բռնի գործողությունների, չգիտեմ, թե ինչի շուրջ են համաձայնության գալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը կանխավ հայտարարել է խաղաղ երթի մասին»:

Արձագանքելով հարցին, թե գործն արդյոք կհասնի՞ հեղափոխության՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե «Լինենք 5 հոգով՝ կանենք 5 հոգու հնարավորությունների սահմանում գործողություններ, 100 հոգով՝ 100-ի, իսկ 100 000-ի դեպքում կանենք հեղափոխություն», Սաֆարյանը նշեց՝ առայժմ այս հարցի պատասխանը չունի:

«Մինչ այժմ ունեցել ենք դիտարկումներ՝ հաշվի առնելով իրազեկման արշավները, հրապարակված ճանապարհային քարտեզը, գործարկված տեխնոլոգիական հնարքները, բայց բուն պրոցեսի և իրավիճակային զարգացումների մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ սա դեռ առաջին հանրահավաքն է: Սպասենք և կտեսնենք»,- եզրափակեց վերլուծաբանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache