Լրահոս

ԵԼՔ-ի նոր արդյունքը. Երկու վտանգավոր արձանագրում

 

ԵԼՔ դաշինքը Երեւանի Ավագանու ընտրությունից հետո հայտարարել է ընտրության արդյունքն ընդունելու մասին, նաեւ արձանագրել մի քանի իրողություն: Դրանցից ուշագրավ են մասնավորապես երկուսը: Դաշինքն արձանագրում է, որ Հայաստանում հանրային հանդուրժողություն կա ընտրակաշառք երեւույթի նկատմամբ, եւ դա պետականության դանդաղ գործող ռումբ է: Մյուս արձանագրումն այն է, որ կա հանրային հուսահատություն, եւ դաշինքն իր ռազմավարական նպատակ է հռչակում դրա հաղթահարումը:Ինչո՞վ են ուշագրավ երկու այդ արձանագրումները: Իրականությունից իրենց կտրվածությամբ եւ մակերեսայնությամբ:Մակերեսային եւ իրականությունից կտրված է պնդումը, թե Հայաստանում հանրային հանդուրժողություն կա ընտրակաշառքի վերաբերյալ:

 

Անկասկած, այդ երեւույթը ունի մեծ տարածում: Ընդ որում, հանրության մի մասը փողին սպասում եւ այն վերցնում է կամովին:Բայց խնդրի լուծմանը անշահախնդրորեն խորամուխ որեւէ քաղաքացիական կամ քաղաքական սուբյեկտի խնդիրն է արձանագրել այն ամբողջ խորությամբ, ինչը նշանակում է դրա հանգամանալից ուսումնասիրություն, խնդրի ախտորոշում եւ ըստ այդմ միայն եզրակացություն, թե ինչպիսին են դրա ծավալները, որոնք են պատճառները:Գուցե պարզվի, որ Հայաստանում կա ոչ թե հանրային հանդուրժողություն ընտրակաշառքի հանդեպ, այլ հանրային անվստահություն քաղաքական ուժերի, քաղաքականությամբ զբաղվող սուբյեկտների հանդեպ, ինչի հետեւանքն էլ դառնում է ընտրակաշառքի ընտրությունը:

Գուցե պարզվի, որ ոչ թե ընտրակաշառքի հանդեպ հանրության, այլ ընտրական ու ընդհանրապես քաղաքական գործող համակարգի, կանոնների հանդեպ քաղաքական ուժերի հանդուրժողությունն է խնդիրը, իսկ ընտրակաշառքը դրա ընդամենը մի բաղադրիչ է՝ հետեւանք: Գուցե պարզվի, որ ոչ թե ընտրակաշառքի հանդեպ հանրային հանդուրժողությունն է պետականության տակ դրված դանդաղ գործող ռումբ, այլ հայտնի խաղի կանոններով ընտրական ցուցանակային գործընթացին քաղաքական ուժերի մասնակցությունը: Չէ՞ որ մասնակից ուժերից մեկը որպես ընտրակաշառքի դեմ պայքարի միջոց առաջարկում էր բյուջետային ընտրակաշառքը, հայտարարելով, թե դա սոցիալական աջակցություն է:

Իրավիճակը հիշեցնում էր անեկդոտը, երբ մեղր վաճառողը ասում է, թե ապրանքի վրա պղպեղ է գրել ճանճերին խաբելու համար:Ի վերջո, հանրությունը կարող է հարցնել՝ իսկ արդյոք քաղաքական ուժերի բաժին ընտրակաշառքն էլ մանդատները չեն, որոնք նրանք վերցնում են՝ մասնակցելով իրենց իսկ հռչակած ապօրինի կանոններով խաղին: Ինչու՞ իրենց մասնակցությունը դանդաղ գործող ռումբ չէ, իսկ հանրության մասնակցությունն արդեն դառնում է դանդաղ գործող ռումբ:Հետեւաբար, այդ արձանագրման մեջ կա բավական վտանգավոր տարր՝ կամ ինքնարդարացման նպատակով իրականության նենգափոխման դիտավորություն, կամ իրականությունից կտրվածություն: Երկու դեպքում էլ շահառուն հանրությունը չէ:

Մյուս արձանագրումը հանրային հուսահատությունն է: Այստեղ առկա է խնդրի ձեւակերպման խորքային, մեթոդաբանական սխալ: Քաղաքական որեւէ գործընթացի հանրային մասնակցությունը հույսով կամ հուսահատվածությամբ չէ, որ պետք է չափվի: Հայաստանում հենց այդ չափորոշիչն է հանդիսացել նաեւ քաղաքական պայքարի անարդյունավետության պատճառներից մեկը: Հասարակությունը չպետք է հույս դնի կամ չդնի որեւէ ուժի կամ գործչի վրա, հույս կապի կամ չկապի այդ ուժի կամ գործչի հետ:Հայաստանում հանրությունը քաղաքական ուժերից մեկ քայլ առաջ է գիտակցել սխալը, թեկուզ բնազդորեն, ենթագիտակցաբար: Մեկ քայլ առաջ է հասկացել, որ անարդյունավետ է հույսով առաջնորդվելը: Հանրությունն այդ իմաստով ոչ թե հուսահատվել է, այլ ընդամենը մերժել հին մոտեցումը:
Այժմ հասարակությունը սպասում է շատ կոնկրետ, բովանդակային, նպատակային քաղաքական առաջարկ կամ արդյունք: Կամ առաջարկ, որտեղ նրան ներկայացվում է մասնակցության այլ տարբերակ, քան գնալն ու քվեարկելը՝ որովհետեւ այդ տարբերակի անարդյունավետությունը տեսել է երկու տասնամյակ շարունակ, կամ արդյունք, երբ հանրությանը ներկայացվում է շատ կոնկրետ նվաճում, ձեռքբերում եւ հայցվում դրա արձանագրում:Այստեղ է խնդիրը, ոչ թե հույս արթնացնելը:ԵԼՔ-ը հանրությանը ներկայացրել է մի կոնկրետ արդյունք՝ երեք կուսակցությունների միավորում, որին արձագանքել է ավելի քան 120 հազար մարդ: Այդքանն է այդ արդյունքի առավելագույնը: Ավելիի համար պետք է այլ արդյունք կամ խիստ կոնկրետ առաջարկ:Այդ իմաստով, ԵԼՔ-ը սահմանել էր լավ հեռանկար՝ դաշինքից մեկ կուսակցության ձեւավորում: Ենթադրաբար իհարկե որակապես եւ սկզբունքորեն այլ բովանդակության եւ կառուցվածքի կուսակցություն, քան Հայաստանում ընդունված տարբերակները:Խորհրդարանի ընտրության արդյունքից հետո հաջորդ օրը ԵԼՔ-ը պետք է թերեւս ձեռնամուխ լիներ այդ հեռանկարի իրագործմանը, հանրությանը նոր արդյունք ներկայացնելու համար: Դրա փոխարեն ԵԼՔ-ը մասնակցեց Երեւանի Ավագանու ընտրությանը, արձանագրելով գործնականում նույն ցուցանիշը:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing