Լրահոս

Եռանկյունու պատանդները. Երեք նախագահների վահանը պարզվեց

 

arm148128223951

lragir.am— ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը պետք է գլխավորի Սերժ Սարգսյանը: Էլ ով, եթե ոչ Սարգսյանը, փաստացի կարծում է Բաղդասարյանը: Կասկած չկա, որ այդպես են կարծում բոլոր ՀՀԿ-ականները, իհարկե քանի դեռ այլ բան չի կարծի Սերժ Սարգսյանը:ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իհարկե դեռ պարզ չէ, թե ի վերջո ինչ կկարծի եւ կորոշի Լեւոն Տեր-Պետրոսյանը:Պատմա-բարոյագիտական տեսանկյունից տրամաբանական կլիներ, եթե օրինակ Համախմբում կուսակցությունն էլ հայտարարեր, որ կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը: Բայց այդպիսի բան հավանաբար չի լինի, քանի որ Ռոբերտ Քոչարյանն այդպես չի կարծի:

Այդ տեսանկյունից, նրա խնդիրը տրամագծորեն տարբեր է Տեր-Պետրոսյանից ու Սարգսյանից: Եթե առաջին եւ երրորդ նախագահների դեպքում հարցն այն է, թե կհրաժարվե՞ն նրանք երբեւէ որեւէ կուսակցական ցուցակ գլխավորելուց, ապա Քոչարյանի պարագայում հարցը հակառակն է` իսկ երբեւէ նա կհամաձայնի՞ գլխավորել որեւէ կուսակցական ցուցակ:Բայց, չնայած իրենց մարտավարական տարբերություններին, ռազմավարության իմաստով աներկբա է, որ Հայաստանի ներքին գործընթացները շարունակում են ուղղակի թե անուղղակի թելադրել երեք նախագահները: Նրանք դա անում են իհարկե տարբեր սուբյեկտների ներգրավումով, թեկուզ ոչ ուղղակի ցուցումներով:Այստեղ խնդիրը լոկ երեք նախագահները չեն, նրանց ստվերային ինչ որ թելերը չեն:

Այստեղ խնդիրն այն է, թե ինչպես է փոխվելու քաղաքականության ընկալումը Հայաստանի հասարակության, հասարակական-քաղաքական այլ ուժերի շրջանում:Հայաստանում երեք նախագահների եռանկյունի ասվածը ամենեւին Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ Սարգսյանի ինչ որ դավադիր կամ ստվերային, լուռ կամ պայմանավորված համաձայնությունը եւ գործակցությունը չէ: Երեք նախագահների եռանկյունին հասարակական այն ընկալումները, մտածողությունը, ուղենիշներն են, որ սահմանել են նրանք իրենց նախագահության ընթացքում եւ լինելով այդքան տարբեր` թե մարդկային, թե քաղաքական ոճային առումով, նրանք փաստացի պարփակել են հայաստանյան ներքաղաքական կյանքը արդեն 25 տարի:

Նրանք այլեւս պատասխանատու չեն դրա համար: Պատասխանատու է այն հանրությունը, քաղաքական ու քաղաքացիական սուբյեկտները, որոնք չեն կարողանում դուրս բերել հանրային-քաղաքական կյանքը եռանկյունուց, չեն կարողանում դրան հակադրել «երկրաչափական» որեւէ այլ մարմին, հասարակական-քաղաքական հարաբերությունների եւ կյանքի այլ համակարգ, որը կգրավի հասարակությանը՝ ոմանց ֆիզիկապես` մասնակցության տեսանկյունից, իսկ ոմանց էլ ընկալումների, մտածողության ուղենիշների առումով:Իհարկե դա հեշտ խնդիր չէ, հատկապես երբ ռեսուրսները կենտրոնացած են եռանկյունում, եւ եռանկյունին հենց ռեսուրսների պահպանման «բունկերն» է:

Բայց այլ տարբերակ չկա: Երեք նախագահները դարձել են նրանց տակ ձեւավորված բազմաբնույթ մակաբուծությամբ օժտված լայն համակարգի պաշտպանական զրահը:Մեծ հաշվով, այդ նախագահներն էլ այլեւս իրենց իսկ եռանկյունու զոհն են կամ պատանդը, նրանց հանգիստ չի տալու իրենց իսկ ստեղծած համակարգը, եթե անգամ ձգտեն այդ հանգստին: Նրանք չեն պահում այդ եռանկյունին, այլ նրանց տակ ձեւավորված համակարգերն են գիտակցաբար թե ենթագիտակցաբար, նյութապաշտության, թե կռապաշտության մղումով պահպանում եռանկյունին եւ դարձնում այն սեփական գոյության վահան:Անկախությունից մեկ սերունդ` 25 տարի անց վահանը կրկին պարզված է: Քանի սերունդ անց է այն տեղի տալու հասարակական-պետական շահին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing