Լրահոս

«Երաշխիքների ճակատամարտ». Նոր իրավիճակ Արցախի խնդրում

 

Մարտի 8-9-ին Սերժ Սարգսյանն այցելելու է Փարիզ, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Այցից մի քանի օր առաջ տեղի է ունեցել Հայաստանի ու ԱՄՆ արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ զրույցի ժամանակ նշվել է Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի վեհաժողովների պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը:
Փորձագետները չեն բացառում, որ Ֆրանսիան Սարգսյանին կարգավորման ինչ-որ պլան, ավելի շուտ, պատերազմի չվերսկսման երաշխիքներ կառաջարկի: Ընդ որում, առաջարկների միջակայքը ներառում է Ղարաբաղի անկախության ճանաչումից մինչեւ Ադրբեջանին զսպելու երաշխիքների տրամադրումը: Այդպիսի երաշխիք կարող է լինել Ղարաբաղում միջադեպերի հետաքննության եւ Ադրբեջանին զսպելու մեխանիզմների միակողմանի ներդրումը:
Հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ-ն կաջակցի Ֆրանսիայի հեռացող նախագահի առաջարկներին: Ջանքերին աջակցելու մասին Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը կարող է նշանակել աջակցություն Ֆրանսիայի քայլերին եւ խաղաղ կարգավորման այլ երաշխիքներին:
Խաղաղ կարգավորման ուրիշ ի՞նչ երաշխիքներ կարող են լինել եւ ո՞վ կարող է տալ: Մարտի 14-ին Սերժ Սարգսյանն այցելելու է Մոսկվա: Քննարկվող հարցերի թվում են ռազմաքաղաքական նոր պայմանավորվածությունները: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի բացառում, որ Ռուսաստանն ու Հայաստանը կարող են ընդլայնել Գյումրիի 102-րդ ռուսական բազայի համաձայնագիրը: Մինասյանը չի բացառում, որ Ռուսաստանը կառաջարկի ռուսական բազայի գործառույթներն ընդլայնել մինչեւ «տարածաշրջանային մակարդակի»:
Դժվար է ասել, թե ինչ կարող է առաջարկել Մոսկվան, սակայն եթե ելնենք այն բանից, թե ինչ է պետք Երեւանին, կարելի է ենթադրել, որ Մոսկվան կարող է միջամտության որոշակի երաշխիքներ տալ ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում:
Մինչեւ հիմա Ռուսաստանն այդպիսի երաշխիքներ չի տվել՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Հայաստանի տարածքը չէ, եւ Ռուսաստանի պարտավորությունները Հայաստանի հետ երկկողմ ու ՀԱՊԿ պայմանագրերով չեն տարածվում Ղարաբաղի վրա: Դա, իր հերթին, «երաշխիք» էր Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների համար: Բաքուն գիտի, որ Մոսկվան չի միջամտի, եւ ոչ միայն սրում է վիճակը սահմանին, այլ նաեւ ցանկանում է ապացուցել, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է եւ կարող է անել ինչ կամենա:
Ըստ ամենայնի, ղարաբաղյան կարգավորումը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների փուլից անցել է ռազմական գործողությունների չվերսկսման «երաշխիքների ճակատամարտի»: Այժմ համանախագահները մրցակցում են ոչ թե կարգավորման առավել ընդունելի տարբերակ առաջարկելու, այլ պատերազմի չվերսկսման երաշխիքներ առաջարկելու համար:
Ու՞մ երաշխիքներին կաջակցի Ռեքս Թիլերսոնը՝ ֆրանսիական, թե ռուսական: Կարո՞ղ է իրավիճակ ստեղծվել, երբ երեք երկրները համակարծիք կլինեն, որ պետք է զսպել Բաքվին ու քայլեր հարկադրել: Դրա համար կարող են պետք գալ թե Ֆրանսիայի առաջարկները, թե Ռուսաստանի նոր երաշխիքները, որոնց կաջակցի ԱՄՆ-ն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing