Երբ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախարարների ազատման որոշումներն ուժի մեջ մտնեն, դրանից հետո ես հրաժարական կտամ. Փաշինյան

46

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի ժամանակ անդրադարձավ ծրագրին, թե ինչպես պետք է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ ամեն ինչ լինի դե յուրե ճիշտ։

Նա հայտարարեց, որ երբ որ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատվելու մասին որոշումը դե յուրը կմտնի ուժի մեջ, դրանից հետո ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից։ Փաշինյանը կոնկրետ օր չնշեց:

 

«Նախ որպեսզի որեւէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից։ Հիմա 7+1 օր հետո ԱԺ–ն պետք է ընտրի վարչապետ, եթե այս ընթացքում չընտրի, եւս մեկ ընտրություն պետք է լինի 7+1 օր հետո: Եթե այդ ժամանակ էլ չընտրեց վարչապետ, պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հիմա կախված մի քանի հանգամանքներից, մի քանի օր կանցնի եւ ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից եւ եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ ԱԺ–ն ընտրի նոր վարչապետ, բայց հրաժարականից հետո ողջ ընթացքում ես կշարունակեմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները: Մենք հիմա անելու ենք այն, ինչ կիսատ թողեցինք 2018 թվականի ապրիլի 16-ին»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

Նա Բաղրամյան պողոտայից ուղեւորվում է Ազգային ժողովի շենք՝ պատգամավորների եւ քաղաքական ուժերի հետ ստեղծված իրավիճակը հաղթահարելու շուրջ բանակցություններ վարելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա նրանց խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:

Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր ավելի ուշ արտահերթ նիստում 67 կողմ ձայներով ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache