Երբ գլխացավը գլխացավանք է․ Մարտի 1-ից «ցավերն» ավելի կսրվեն

1

 

Մարտի 1-ից այլևս չեք կարող վազել մոտակա դեղատուն, օրինակ, ամենահասարակ ցավազրկողը ձեռք բերելու:

Դրա համար նախ պետք է բժիշկ կանչել կամ գնալ բժշկի:

Շատերը կհարցնեն՝ դե, հո ամեն անգամ գլխացավի համար բժշկի չե՞նք դիմելու, ասեմ՝ դիմելու ենք, քանի որ առողջապահության փոխնախարարը խորհուրդ է տվել՝ այսուհետ, այսինքն, մարտի 1-ից ցավին լուրջ վերաբերվել:

Այսօր, վաղը շտապեք նեղ օրվա համար դեղ գնել, քանի որ մարտի 1-ից կամ ստիպված կլինեք գլխացավի համար շտապ օգնություն կանչել, կամ էլ՝ հաղթահարելով գլխացավը, հասնել մոտակա հիվանդանոց կամ պոլիկլինիկա, որպեսզի բժիշկը դեղատոմս գրի:

Ասպիրինը, անալգինը, սոլպադեինը, կետանոլը, նիմեսիլը և մի շարք այլ ցավազրկողներ շատ շուտով հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով:

Այս պահին Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման է ենթակա 2700-ը:

Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի համար:

Միևնույն ժամանակ հասկանալի է, որ, օրինակ, հուլիսի 1-ից բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը դասվելու են դեղատոմսով դուրս գրվող դեղերի շարքին։

Հաճախ ենք մեր արտագաղթած կամ խոպան մեկնած ու հետ չեկած ազգականներին ու ծանոթներին դիմում անհրաժեշտ դեղորայքի խնդրանքով, որովհետև Հայաստանում վաճառվող շատ դեղերը ընդունված է կարծել ոչ օգտակար կամ կեղծ:

Մարտի 1-ից այդ խնդիրն ավելի կսրվի՝ դեղերը ոչ միայն կեղծ, այլև դժվար հասանելի կդառնան:

Մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված դեղերը, որոնց մասին գաղափար չունեն երբեմն նույնիսկ դեղատան «բժիշկ» աշխատակիցները, անհայտ չեն:

Գնորդի համար ի՞նչ տարբերություն՝ այդ դեղը բժի՞շկն է նշանակել, թե՞ ինքն է գնել, միևնույն է, այն կեղծված է:

Եթե քաղաքացին հնարավորություն ունենա գնելու որակյալ գլխացավի դեղ, ապա նրա գլխացավին չի ավելանա ևս մեկ գլխացավանք՝ իր բոլոր հետևանքներով:

Թե ինչո՞ւ է, օրինակ, Վրաստանում դեղորայքն ավելի որակյալ և էժան, քան մեր երկրում, պատասխանը շատ պարզ է:

Վրաստանում դեղերի վրա ավելացված արժեքի հարկ չի գործում:

Առողջապահության ոլորտում սահմանափակումների ավելի կարևոր օղակներ կան, քան դեղատոմս պարտադրելը: Ակներև է, որ մենք փորձում ենք Հայաստանում ստեղծված իրականությունը համապատասխանեցնել արևմտյան որոշ երկրների հետ, որտեղ իրավամբ, առանց դեղատոմսի հակաբիոտիկներ չեն վաճառում, սակայն ինչպես ասում են՝ ամեն մեկը պետք է ոտքը, ինչու չէ նաև ձեռքը, գլուխը իր վերմակի չափով մեկնի… թե չէ՝ կմրսի։

Դեղեր առանց դեղատոմսի կարելի է գնել եվրոպական որոշ երկրներում, սակայն, ոչ օրինակ, Գերմանիայում: Օրենքն այնտեղ շատ ավելի խիստ է, քան նույնիսկ Միացյալ Նահանգներում, որտեղ հանրախանութում իբուպրոֆենը վաճառվում է յոգուրտի հարևանությամբ :

Նախքան մեր երկրի դեղերի շուկայում «հեղափոխություն» անելը, կարելի է հետևել մի շարք բուժհաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակին, այդ հաստատություններում պարտադրել, եթե ոչ գերազանց՝ գոնե բավարար պայմաններ:

Ինչևէ. մինչև մարտի 1-ը փորձեք հոգեբանորեն և ֆիզիկապես դառնալ բուժհաստատություններում հերթերի մեջ ձեր գլխացավի դեղատոմսին սպասող դժգոհ քաղաքացիների մի մասնիկը: Բայց երբեք և ոչ մի դեպքում հույսը մի կտրեք վաղվա օրվա նկատմամբ և ․․․ և չհիվանդանաք։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache