Երբ կհարվածի նեյտրոնային «ժողզենքը» Հայաստանին

117

«ՌԴ ներգաղթի քաղաքականության նոր հայեցակարգի» մասին նախագահ Պուտինի հրամանագիրը կարելի է համարել ԽՍՀՄ նախկին ծայրամասերում հայտարարված ռուսական համընդհանուր զորահավաք, որ ծանր հեեւանքներ է ունենալու նորանկախ պետությունների, նախ եւ առաջ Հայաստանի համար

Նախկին սովետական ծայրագավառի ռուսական ընկալումները ակներեւաբար փոխվում են: Ռուս Հայրենակիցների VI Համաշխարհային Կոնգրեսին արված Վլադիմիր Պուտինի նվերը իր հետեւանքներն է ունենալու նույնիսկ Մոսկվայից ռազմա-քաղաքական իմաստով առավել հեռացած Մերձբալթյան շրջանի համար: Գործադրվում է մի ընթացակարգ, որ էֆեկտիվորեն վնասելու է բոլոր նորանկախ պետություններին, անկախ դրանց մեջ ռուսական բնակչության բաժնեկշռից: Միաժամանակ լրջորեն փոփոխվում է բուն Ռուսաստանի Դաշնության զարգացման տեսլականը:

ԽՍՀՄ փլուզումից հետո ծայրամասից փախչող ռուս հայրենակիցների մուտքը Ռուսաստան շուրջ 30 տարի ծաղրուծանակի եւ խտրականության պատկեր է ներկայացրել: Ոստիկանության ներգաղթի մարմինները ռուսներին բացեիբաց ասում էին. վերադարձեք ձեր դուշանբեները: Սա պետական մի քաղաքականություն էր, որ առաջին հայացքից անտրամաբանական է թվում: Հայրենադարձությունը կարող էր էապես բարելավել Մեծ հայրենական պատերազմից տուժած Ռուսաստանի ժողովրդագրական վիճակը եւ ամրապնդել ռուս տարրի դիրքերը պետության ներսում: Անշուշտ դա այդպես է, բայց ոչ «մայրցամաքային» կայսրությանների պարագային, որոնց դասին է կարգվում Խորհրդային Միությունը ռուսական ներկայիս ղեկավարության կողմից [Ս.Լավրով]: Փորձենք պարզել իսկությունը, մանավանդ մեծ երկրի քաղաքականությունը՝ ամայացնող «ժողովրդագրական լիցքերով» սպառազինումը անմիջական առնչություն ունի Հայաստանին:

Ռուս եւ ռուսալեզու ներգաղթողների մուտքը Ռուսաստան արգելափակվում էր երկու եղանակով: Նախեւառաջ, ներգաղթի եւ քաղաքացիության շնորհման օրենսդրական հիմքը ծայրաստիճան բարդացված էր: Հատկապես ռուսների մուտքը կանխվում էր նաեւ օրենքի կիրառության ստորին բաժիններում զանազան ձգձգումների միջոցով: Այսպիսով անշուշտ սահմանափակվում էր ներգաղթի ընդհանուր օժանդակությունը երկրի տնտեսությանը եւս:

Այժմ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է վերացնել ռուսների ներգաղթի արգելափակումը եւ լայնորեն բանալ երկրի դարպասները բոլոր կարգի էթնիկ եւ մշկութա-դավանաբանական հոսքերի առջեւ: Քաղաքացիության հարցը հնարավորինս դյուրացվելու է: ԽՍՀՄ ծայրագավառներից ռուսախոս եւ ոչ միայն ռուսսախոս աշխատունակ բնակչությունը հավաքվելու է հսկա էլեկտրամագնիսի կամ մթնոլորտային չափերի հասնող յուրատեսակ մրրկային փոշեկուլի միջոցով:

Ինչպե՞ս է բացատրում պաշտոնական Մոսկվան զանգվածային նշանառության «ժողզենք» գործադրելու իր որոշումը: Էքստենսիվ գյուղատնտեսական շրջաններին, հսկայական քաղաքային միաձուլումներին շաղկապող տարածքներին, ինչպես նաեւ գերարդիական չինական մեգաքաղաքներին հակադիր հեռավորարեւելյան տարածքներին անհրաժեշտ աշխատուժի մասին հայտնի էր վաղուց: Հատկանշական է, որ սփյուռքահավաք եւս մեկ կառույցի՝ Համաշխարհային Ռուսական Ժողովի XXII հավաքին հայրենադարձության հիմնավորման մեջ նախագահ Պուտինը, բացի տնտեսական պատճառներից, հիշատակել է օտար իշխանությունների կողմից մշակութային հալածաքների, մասնագիտական արգելումների եւ, նույնիսկ, այսպես կոչված «ռուսատյացությունը»: Վերջինս պարզվում է տարածված է ամենուր, որտեղ կան ռուսներ, այսինքն՝ 85 երկրներում:

Այսպիսով, բացի իրական եւ վաղուց հայտնի պատճառներից, պաշտոնապես հաստատվել է ողջ աշխարհի՝ հակառուսական բնույթ ունենալու թեզը: Հաստատապես հայ ժողովրդի բարեկամներ Դուգինին կամ Պրոխանովին պատկանող այս թեզի առաջադրումը թերեւս կարելի էր ագրեսիվ պոպուլիզմ համարել, սակայն այն ունի ֆունկցիոնալ այլ նպատակ: Խորհրդավոր ոգու ճիչը կոչված է ընդամենը քողարկել բուն իրողությունը: Այստեղ է, որ մոտենում ենք սովետական կայսրության հարատեւության միանգամայն արդիական խնդրին:

Իրականում Ռուս հայրենակիցների VI Կոնգրեսին ներկայացվել է «կենտրոնից կառավարելի ապագաղութացման» յուրօրինակ մի հայեցակարգ, որի համաձայն ԽՍՀՄ ազգային ծայրագավառներից ետ է կանչվելու շարքային «գաղութարարների» եւ նրանց ժառանգների ռուսալեզու 20 միլիոնանոց բանակը: Լրացել է տեղաբնակների սերնդափոխության 25-30 տարի տեւող շրջանը, եւ փարատվել են կայսրությունը «գաղութային» ռեժիմում պահելու պատրանքները: Ռուսաստանում ռուսալեզու եւ այլ աշխատուժի սակավության բացասական հետեւանքներն այլեւս գերազանցում են ծայրամասերում մնացող ռուսների՝ կենտրոնամետ ազդեցության օգուտներին: Նորանկախ երկրներում նրանց գաղութային դասական ոգով հետագա ներկայությունը այլեւս նպատակահարմար չի դիտվում: Արտագաղթի հետեւանքով տեղերում առաջացող քաղաքակրթական, տեխնոլոգիական եւ տնտեսական բնույթի փոփոխությունները պետք է ծանրությամբ համեմատելի լինեն ԽՍՀՄ փլուզման շրջանի հետ: Ներգաղթի շնորհիվ տնտեսական վիճակը պայմանական մետրոպոլիայում ընդհակառակը՝ բարելավվելու է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache