Լրահոս

Երբ մենակ ես համակարգի դեմ-հանդիման՝ քեզ տանում են ուղիղ հոգեբուժարան

 

arm146363993510

lragir.am Լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են մի տեսանյութ, որում կինն ընդվզում է իր գործողությունները կասեցնող ու դրանց իրագործման պահն ապրելու հնարավորությունից զրկած համազգեստավորների դեմ: Հանրությունն էլ կանգնած նայում, ծիծաղում է ու որևէ մեկի մտքով չի անցնում ասի՝ թողեք, թող մնա էդ շատրվանի մեջ, ու՞մ է վնաս տալիս, ինչու՞ եք մարդուն իր ինքնիշխան ու ինքնաբուխ վիճակից զոռով, ձեռնաշղթայելով, ուժով ու սպառնալիքով հանում: Մարդն ապրում է, թեկուզ շատրվանի մեջ, ջրի ու բնության միասնության ու ամբողջականության զգացողության տիրույթում, ու՞մ է վնաս տվել:Չէ, կյանքի մշակույթն էս երկրում անընդունելի ու անհասկանալի է: Ես որևէ ազատ երկրում չեմ տեսել, որ մարդուն շատրվանի մեջ մտնելու համար ձեռնաշղթա հագցնեն: Հակառակը, բոլոր երկրներում, որտեղ հարգվում է մարդու իրավունքն ու ազատությունը, քաղաքացին ազատ է մտնել ուր ուզում է, կուզի մեդիտացիա կանի, կուզի պերֆորմատիվ ակցիա կիրականացնի, ո՞վ իրավունք ունի նրան բռնի հանելու այդ վայրից ու հռչակելու աննորմալ:Իսկ երկրներում, որտեղ մարդու ազատության ու արժանապատվության մասին ընկալումը բացակայում է՝ բռնությունը միակ միջոցն է, որը գործում է միշտ, ամեն տեղ, իրեն հատուկ մեթոդներով: Եթե խմբով են ու տարբեր տարիքի մարդիկ են հանրույթի մեջ ստեղծագործում, պայքարում ու դիմադրում՝ տանում են ոստիկանություն, վարչական տույժ վզիդ դնում, որ մի օր էլ փող չունենաս տուգանք մուծելու ու  ստեղծագործական միտքդ խեղդես իր բնօրրանում:Եթե բացառապես երիտասարդներ ենք՝ սկզբից տանում են նարկոդիսպանսեր, ուզում են ասել, թե մի բան օգտագործել եք, ու չէր կարող նորմալ երիտասարդն իրեն կտրեր սպառողական կյանքից՝ փաբերից ու քլաբերից: Փոխարենը երազեք ջիփ քշել ու առանձնատուն ունենալ՝ լողավազանով, ջակուզիով, եկել ակցիա եք անում: Ուրեմն ինչ-որ բան ծխել-մխել եք, նորմալ չեք, երեխեք:Իսկ երբ մենակ ես համակարգերի դեմ-հանդիման՝ քեզ տանում են ուղիղ հոգեբուժարան: Ու դա արդեն դարձել է հստակ գործելաոճ: Դեռևս 2012 թվականի մարտին, Հ1 հեռուստատեսության դիմաց պիկետ անող Երվանդ Կարապետյանին տեղափոխեցին Նորքի հոգեբուժարան: Դե հա, իհարկե, ո՞ր նորմալ մարդը պլակատը ձեռքին  կկանգնի Հանրային հեռուստատեսության դիմաց ու կպահանջի ցուցադրել Մարտի 1-ի մասին պատմող ֆիլմը, չէ, նա լրիվ աննորմալ է: Նորմալները հանգիստ նստում են իրենց  տներում ու նայում Հ1-ի այդ օրվա զվարճալի շոու-ծրագրերը, խնդում տափակ կատակների ու ցինիկ նմանակումների վրա: Իսկ Երվանդը պահանջում էր ցույց տալ հանրության հանդեպ գործած ոճիրն ու հույս ուներ այդ ցուցադրումով կանխել նման հանցագործության կրկնությունը: Բայց չէ, ինչու՞ փչացնել սպառողական խրախճանքը, թողեք թող հանգիստ մարսեն, թե ինչպես զրկեցին ՀՀ քաղաքացիներին ընտրության իրավունքից, կրակեցին, մարդկանց սպանեցին: Չէ, Երվանդը լրիվ աննորմալ է , կանգնել Հ1-ի առջև ու եթերից հորդող վարդագույն, կերած-խմած, հզոր ու տնտեսական աճ գրանցող Հայաստանի պատկերն ուզում է խաթարել, որ ի՞նչ…Հա, մեկ էլ մեկ ուրիշ աննորմալ կա, Վարդգես Գասպարին, որ խաղաղ բողոքի արտահայտման  իր յուրօրինակ լեզուն ունի՝ պառկում է որտեղ պատահի, փողոցում, դատարանում, գրասենյակի շեմքին: Դե հա, աննորմալ է,  նորմալ մարդիկ չեն կանգնում բանակում սպանված զինծառայողների ծնողների կողքին, տեսանելի դարձնում համակարգի արատներն  ու «ջուր լցնում թուրքի ջրաղացին», նորմալ մարդիկ ամբողջ օրը գրում են, թե ինչ հզոր է մեր բանակը, ինչ ազնիվ են մեր չկոռումպացված գեներալները, ինչ լավն են մեր օլիգարխները, որ տուփերով ողորմություն են բաժանում զինվորներին, ինչ հանճարեղ են մեր բանակում չծառայած պաշտոնյաները: Իսկ Գասպարին աննորմալ է, բողոքում է, պառկում ասֆալտին, մի հատ էլ երիկամները ձմռան ցրտին շարքից հանում: Նորմալ մարդիկ կուսակցական են դառնում ու ցուցակ կազմած մտնում Ազգային ժողով, հայրենասիրական ճառեր ասում, հայտնի դառնում, իսկ աննորմալը ակցիաներ է անցկացնում ու բաց թողնում իր աստեղային ժամը՝ խորհրդարանում, և նրան ոտքից-ձեռքից բռնած տեղափոխում են հոգեբուժարան:Ու ամենևին զարմանալի չէ, որ նորմալների երկիրը հայտնվում է մի մեծ փոսում, ու երբ հանրային գիտակցության մեջ հեղափոխություն անող ու ազգային հավաքականության էս անկենդան պատկերը փոխող Արմինե Առաքելյանը իր մարմնով պերֆորմատիվ ապրում է էդ փոսի վիճակը ու ճիգ գործադրում անձնական ապրումի միջոցով ճեղքել համակարգային խավարը, գալիս ու կնոջը հռչակում են աննորմալ: Հա, դե ո՞ր նորմալ կինը կնստի կմտածի հանրային դաշտի փոփոխության ու նոր մտածողության մասին, բա սուպերմարկետը, բա վարսավիրանոցը: Նորմալները նստած հերթական սերիալն են դիտում ու սպասում են, թե իրենց կյանքի մասին ինչ վճիռներ կկայացնեն տղամարդիկ, նորից քանի՞ երիտասարդ կզոհեն սահմանին ու կհայտարարեն, որ էդ հանձնված 800 հեկտար հողը առանձնապես արժեք չունի:Հա, էդ հայտարարողն էլ շատ նորմալ է, իհարկե արժեք չունի էդ հողը, էդ հողին ոչ Դրմբոնի, ոչ Կաշենի հանքավայրերը տեղակայված չեն, որ կոնկրետ շահույթով չափվի այդ հողերի արժեքը՝ նորմալ գրպանին համապատասխան: Իսկ մարդկային կյանքերը ի՞նչ արժեքով են չափվում, նորմալները կյանքի արժեքը չգիտեն: Իսկ նա, ով լավ գիտի ու լավ է զգում, և հանրային վայրում ցույց է տալիս էդ ապրումը աննորմալ է, պետք է ձեռնաշղթա հագցնել ու տանել հոգեբուժարան:Ահա այն նորմալների երկիրը, որը մենք ավելի քան 20 տարի կառուցել ենք, այս քրեա-օլիգարխիկ պետության մեջ մարդը, բնությունն ու հոգևորը որևէ արժեք չեն ներկայացնում` արժեքը նյութն է, իրավունքը բացակայում է, փոխարենը գերակայում է բռնությունը, անհավասարությունն ու անարդարությունը, իսկ արժանապատվությունը նահատակվում է անձնական նեղ հեղինակությունների պաշտպանությամբ` մերժելով այլոց նկատմամբ հարգանքը, կարեկցանքն ու գոտեկցությունը:Հետաքրքիր է, երբևէ մեկի մտքով կանցնի՞ էս երկրում ձեռնաշղթա հագցնել էն բարձրաստճան պաշտոնյային, ով շարունակում է դղյակներում ապրել, իսկ իր երկրի ժողովուրդը 70 տոկոսից ավելին աղքատ է, կամ ձեռնաշղթա հագցնել այն սպային, որ բենզին է գողանում բանակից ու դիմադրող զինվորին սպանում: Չէ, դա շատ նորմալ է մեր երկրի համար: Իսկ քրեա-օլիգարխիկ համակարգի տրամաբանությունից դուրս եկած որևէ մեկն, ուղղակի ցնցումներ, վախի զգացում և սարսափ է առաջացնում, նա աննորմալ է:Դե ինչ, նորմալները թող սողան, նրանք ունակ չեն թռիչքի, պոռթկումի, խիզախումի, ստեղծագործության, բայց թող իմանան, որ հենց աննորմալների շնորհիվ է, որ դեռ մարդկությունը կա ու միայն նրանց շնորհիվ է, որ հնարավոր է կանխել էս անել վիճակում մեր պետության առջև կատարվելիք ամենաարյունալի ոճիրները:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing