Երդմնակալությունը հրապարակում կամ երբ սկսում են հարցեր տալ

33

Տվյալ պահին չի կարելի վստահ ասել, որ այսօր լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Երևանի ապագա քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է հրապարակում անցկացնել իր երդմնակալության արարողությունը, ճշմարիտ է։ Ամեն դեպքում ո՛չ քաղաքապետարանում, ո՛չ էլ համապատասխան նախարարությունում այդ մասին դեռ չգիտեն։

«Ժողովուրդ» թերթի տվյալներով` «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջնորդ ու Երևանի ավագանու ընտրություններում հաղթած Հայկ Մարությանը որոշել է իր երդմնակալության արարողությունը անսովոր կերպով անցկացնել` Հանրապետության հրապարակում։

Բնականաբար, մարդկանց բազմության ներկայությամբ։

«Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության հաղթանակի հետ, նաև դարձել է ժողովրդի հետ իշխանությունների հաղորդակցության յուրօրինակ հարթակ: Ինչպես հիշում եք, վարչապետ Փաշինյանն էլ իր 100 օրն ամփոփեց հենց Հանրապետության հրապարակում: Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մարությանն իրենց հետ չի քննարկել իր ծրագրերը՝ չնայած այն բանին, որ քաղաքապետարանի աշխատակազմն է զբաղվում երդմնակալության արարողության կազմակերպման աշխատանքներով», – գրում է թերթը։

Ընդհանրապես, քանի որ հենց հրապարակում (լայն իմաստով) է տեղի ունեցել իշխանափոխությունը, այնուհետև հրապարակում Փաշինյանը հաղթեց Մարությանի համար նախընտրական քարոզարշավում, լրիվ տրամաբանական է նման արարողությունները հրապարակում անցկացնել։ Հոգեբանական աջակցությունը երաշխավորված է, հատկապես, երբ պատճառներ կան ենթադրելու, որ երդմնակալության հերոսը, եթե կարելի է այդպես ասել, այդքան էլ չի համապատասխանում այն աթոռին, որը պատրաստվում է զբաղեցնել։

Հրապարակը, որում բազում ծափահարող մարդիկ են հավաքվում, ոչ միայն ոգեշնչում է, ուժ տալիս ու հոգեբանորեն նորացնում է, այլև թույլ է տալիս այս կամ այն նախատեսված գործողության համար «հավանություն» ստանալ։ Վարչապետի դեպքում դա օրինակ ցանկացած գնով հնարավորինս շուտ արտահերթ ընտրությունների անցկացումն է։ Իսկ քաղաքապետը մարդկանց դրական ձայների ներքո կարող է քաղաքի կենտրոնում հեթական ապակե-բետոնե հյուրանոցի կամ առևտրի կենտրոնի կառուցման թույլտվություն ստանալ։

Ոչ, սա լավ գաղափար է, քանի որ հրապարակում կարելի է ժամանակ առ ժամանակ հաշվետվություն տալ անցկացրած աշխատանքի վերաբերյալ։ Եթե նախկինում քաղաքապետերն ու այլ պետական պաշտոնյաները իրենց գործունեության մասին հաշվետվություն էին տալիս գրավոր տեսքով, ու այդ հաշվետվությունները այդքան էլ տպավորիչ տեսք չունեին ու կազմված էին գրասենյակային լեզվով շարադրված մի երկու նախադասությամբ, ապա հիմա  կրեատիվ մարդու համար լիքը անելու բան կա։

Այժմ լսարանին հնարավոր կլինի լարվածության մեջ պահել հնարավորինս երկար, ունենալով միակ կատարված կամ նույնիսկ մշակման փուլում գտնվող ծրագրային կետ, և պարտադիր` հետաքրքիր, երկար և համոզիչ ամբիոնից խոսելու կարողություն։ Կատարված աշխատանքի մասին նման հաշվետվություն ներկայացնելուց հետո բոլորի մոտ տպավորություն կստեղծվի, որ գերատեսչության ղեկավարն այնքան շատ բան է արել, չէ՞ որ նա այդքան երկար պատմում էր։

Ճիշտ է «հրապարակը», որպես հարթակ երդմնակալության և հաշվետվության համար, նաև լուրջ վտանգ է պարունակում նրա համար, ով քիչ է անում, բայց գեղեցիկ խոսում է։ Հրապարակում լսարանը գտնվում է բոլորին միավորող հոսքի տակ, այն սկսում է մտածել և արձագանքել, որպես միասնական օրգանիզմ։ Սակայն ցանկացած հանրահավաք կամ ժողով վաղ թե ուշ ավարտվում է, լսարանը բաժանվում է անհատների, նրա բաղկացուցիչների, և այդ անհատները կարող են նայել շուրջն ու հանկարծ գիտակցել, որ իրենց ստեր էին փչում։

Այդ իսկ պատճառով ցանկացած ոք, ով որոշել է հրապարակում ելույթ ունենալ, վաղ թե ուշ, ստիպված է լինելու իրական, տեսանելի և շոշափելի քայլեր և գործեր անել, քանի որ հեքիաթներ երկար պատմել չի հաջողվի, նույնիսկ Ցիցերոնին։ Եթե «պատմիչն», իհարկե, կարող է իրական գործեր անել։

Երդմնակալությունն ու հաշվետվությունը հրապարակում անցկացնողները ձախողվում են նույնիսկ ոչ այն ժամանակ, երբ լսարանը անհատների է բաժանվում։ Ձախողումը, ընդ որում վայրկենական ձախողումը, տեղի է ունենում այն ժամանակ, երբ փլուզումը լինում է հենց միջոցառման ժամանակ, երբ անհատները սկսում են հարցեր տալ և, որն ամենատհաճն է, դրանց պատասխանները պահանջել։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache