«Երեւան սիթիի» գանձապահներին ԱԱԾ են հրավիրում՝ հարցաքննության

151

Aravot.am-ի տեղեկություններով՝ այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:

Մեր տեղեկություններով, ըստ ԱԱԾ-ի բացահայտման, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: Այսինքն՝ այս սուպերմարկետում առեւտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ով, այլ նաեւ առանձին Ա/Ձ-ների միջոցով: Եվ այս ամենն արվում է, որպեսզի «Երեւան սիթիում» առեւտրի մի մասը կատարվի Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչեւ 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում հարկը ավելացված արժեքի հարկով է վճարվում, սա նշանակում է 20% հարկ պետք է վճարի:

Այս սուպերմարկետի գանձապահներն «Ալեքս հոլդինգից» առանձին ՀԴՄ- ներով են աշխատել, իսկ նրանց վերահսկելու համար սեփականատերը համակարգչային հատուկ ծրագիր էր պատվիրել, որ դրա միջոցով վերահսկել է բոլոր Ա/Ձ-ների ֆինանսական հոսքերը: Այսպիսով, Սամվել Ալեքսանյանի ընտանիքը, երեւի թե հենց ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, բավականին «հնարամիտ» մեթոդ է կիրառել հարկերից խուսափելու համար, ինչը տնտեսական լուրջ հանցագործություն է: Հոլդինգում առանձին Ա/Ձ-ների ու դրանց ՀԴՄ-ների գործունեության արդյունքում պետությանը հասցված վնասն, ըստ մեր տեղեկությունների, հասնում է մի քանի տասնյակ միլիոնների՝ դրամով:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավարից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ բացահայտել են՝ 350 սովորական քաղաքացիների անուններով Ա/Ձ-ներ են բացած եղել, ու սրանց անունով որոշները բիզնես իրականացրել:

Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սամվել Ալեքսանյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ նրա օգնականն էլ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Ըստ որոշ լուրերի, «Երեւան սիթի» ՀԴՄ-ների «հնարամիտ» մեթոդը նաեւ «ՍԱՍ» սուպերմարկերտում է գործում:

Լուսանկարում պատկերված է «Երեւան սիթի» ՀԴՄ կտրոնը, մեկ կտրոնի վրա ե՛ւ «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ի տվյալներն են, ե՛ւ ոմն Ղարիբ Ղարիբյանի անունով Ա/Ձ-ի ՀԴՄ-ի տվյալները: Այս Ղարիբ Ղարիբյան Ա/Ձ-ի գրանցման հասցեն համընկնում է ընտրողների ռեգիստրում գրանցված նույն անձի բնակության հասցեի հետ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache