Լրահոս

Երեւանի քաղաքապետարանը ստո՞ւմ է կարմիր գծերի թանկացման հարցում

 

Բջջային կապի օպերատորներ Beeline-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել են, որ իրենք կապ չունեն SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիների վճարի թանկացման հետ: Այնինչ, մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանը հակառակն էր պնդում:
Օրերս վարորդները «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունից SMS ծանուցում ստացան այն մասին, որ բջջային հեռախոսով «կարմիր գծերի» վճարման դեպքում օգոստոսի 1-ից ավելի շատ գումար կգանձվի: Ըստ այդմ՝ մեկ ժամվա համար նախատեսված վճարը հեռախոսային հաղորդագրության միջոցով կատարելիս 100 դրամի փոխարեն օգոստոսի 1-ից կգանձվի 149 դրամ, որից 24.8 դրամը միջնորդավճարն է, իսկ 24.2 դրամը՝ ԱԱՀ-ն: Իսկ մեկ օրվա համար 500 դրամ մուծումը բջջային հեռախոսով կատարելու դեպքում օգոտոսի 1-ից պետք է վճարել 748 դրամ, որից 123.4 դրամն է միջնորդավճար: Կայանատեղիների համար վճարն առանց միջնորդավճարի կատարելու համար ընկերությունն առաջարկում է օգտվել տերմինալներից:
Այս հաղորդագրությունը մեծ արձագանք ունեցավ քաղաքացիների շրջանում, Երևանի քաղաքապետարանը հուլիսի 7-ին պարզաբանում տարածեց՝ թանկացման մեղքը բարդելով բջջային կապի օպերատորների վրա: Մասնավորապես, ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, ավտոկայանատեղիների վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել մեկ ժամվա համար՝ 100 դրամ, մեկ օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, մեկ տարվա համար 12000 դրամ:
«Գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին և ավելացված արժեքի հարկին»,- հայտարարել էր քաղաքապետարանը:
Քաղաքապետարանի այս պարզաբանումից հետո ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են: Ըստ ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ:
Այսօր էլ նմանօրինակ հաղորդագրություն է տարածել Beeline ընկերությունը՝ նշելով, որ կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որևէ փոփոխություն չի կատարվել։ Ընկերությունը նաև հայտարարում է, որ հանդես չի եկել որևէ առաջարկով՝ հաղորդագրությունների ուղարկման ձևի, վճարի կամ միջնորդավճարի չափի հետ կապված փոփոխություն կատարելու համար:
Փաստացի ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ստում է՝ հատարարելով, թե գնի փոփոխությունները կապված են կապի օպերատորների սահմանած միջնորդաավճարների հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին «կարմիր գծերի» բիզնեսը փաստացի նվիրվեց Երևանի քաղաքապետարանին: Կառավարության որոշմամբ «կարմիր գծերի» 100 տոկոս սեփականատերը դարձավ քաղաքապետարանը: Այն ժամանակ քաղաքապետարանը հայտարարեց, որ երբ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման համար ներդրված ակտիվները դառնան համայնքային սեփականություն, ավտոկայանատեղիներից Երևանի բյուջե հավաքագրվող գումարներն առաջին 10 տարվա ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 միլիոն դրամով, իսկ դրանից հետո՝ տարեկան 400 միլիոն դրամով: Փաստորեն աճը փորձում են ապահովել նաև թանկացման հաշվին:
Այնինչ, երբ քաղաքապետարանը դարձավ այս բիզնեսի սեփականատերը, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հայտարարեց, որ «Շահում է Երևանը, շահում է քաղաքացին» մոդելում կայանատեղիների գները մնալու են նույնը, թանկացում չէր նախատեսվում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing