Երեւանի, մարզերի բոլոր փողոցներում, ՀՀ ողջ տարածքում բողոքի գործողություններ են. թարմացվող

0

armtimes.am13:43- ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը երեկ վարչապետի ընտրություններում կողմ քվեարկեց Փաշինյանին:

«Երեկ շատ ճիշտ բան էին գրել: Ասում էին՝ այն, որ ազգային անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտը կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, դրանով տալիս է այն մտահոգությունների պատասխանը, որ իմ՝ վարչապետ ընտրվելը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգությանը: Ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտը այդպես չի մտածում: Բա ո՞վ է այդպես մտածում, Էդուարդ Շարմազանո՞վը: Երեկ էլ ասացի, որ Ֆելիքս Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով գրեց հայ ժողովրդի հոգիներում եւ սրտերում»,- ասաց Փաշինյանը:

«Տարբերակ չկա: Նրանք այս 15 օրերի ընթացքում անընդհատ մտածում էին՝ լավ մի 2 օր հանրահավաք կլինի, կմարի, կգնա, բայց նրանք հաշվի չեն առել մի բան. նրանց գնահատականն է, թե այս մարդիկ փողոց են դուրս եկել ինձ համար, և բնականաբար, եթե ինձ համար դուրս եկած լինեին 1-2 օր… բայց այս մարդկանցից ամեն մեկն իր համար է դուրս եկել, իր ընտանիքի, իր արժանապատվության, իր իրավունքի: Սա է նրանց հաշվարկի սխալ կետը: Նրանք չեն հասկանում, շարունակում են չհասկանալ՝ ինչ է կատարվում ՀՀ-ում»,- ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դերակատարությունը.

«Շատ դրական եմ համարում Ռոբերտ Քոչարյանի ներգրավելը պրոցեսում, որովհետև դա ավելի է մեծացնում մեր հեղափոխության ծավալը եւ ալիքը: Ինչքան Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ակտիվանան, այնքան կմեծանան մեր հեղափոխության ծավալները»,- ասաց նա:

Երեկոյան հանրահավաքի ընթացքում Փաշինյանն ամփոփելու է օրվա ընթացքում կատարվածը:

13:30- «Միջազգային լրատվամիջոցների տվյալներով Երեւան տանող բոլոր ճանապարհները փակ են: Նախկինում ինչ-որ ճանապարհներ բաց էին լինում, բայց այսօր կարծես բոլորը փակ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, թե սա ինչի կարող է տանել:

«Դե յուրե վարչապետի նոր ընտրություն պետք է տեղի ունենա կամ եթե տեղի չի ունենում ընտրությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն: Մենք վերլուծում են սցենարները, եւ բոլոր սցենարներով՝ համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել: Ժողովուրդը, որ զգացել է հաղթանակի շունչը, կարծում եմ այդ ժողովուրդը չի կարող ձեռքից բաց թողնել հաղթանակը»,- ասաց Փաշինյանը:

Եթե հաջորդ շաբաթ կրկին նրան չընտրեն.

«Անկեղծությամբ եմ ասում, այն, ինչ տեղի է ունենում այդ գրասենյակներում էական չէ, էականը սա է, որ Հայաստանում իշխանություն-ժողովուրդ հին հարաբերություններն այլեւս չեն լինելու: Կապ չունի՝ ես կլինեմ, ուրիշը կլինի, դա տեխնիկական հարց է, բայց իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունը չկա այլեւս եւ չի լինելու: Այն, որ դպրոցականներն են մասնակցում այս պրոցեսին, երաշխիք է, որ ոչ թե 10-20 տարի չի լինելու այս ամենը, 10 տարի այդպես չի լինելու, իսկ, որ 100 տարի չլինի, այդ ավանդույթը արդեն հավերժ շարունակվելու է: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագայի որեւէ բան չի սպառնում»,- ասաց նա:

Եթե այպես ստացվի, որ ՀՀԿ-ի իշխանությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն:

«Այո՛, մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք եւ յուրաքանչյուր սցենարի դեպքում ունենք մեր գործողությունները»,- ասաց նա:

Կմասնակցե՞ն, թե՝ ոչ:

«Դա կախված կլինի մթնոլորտից: Եթե պրոցեսն այս ծավալով է ընթանում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխություն ենք տեսնում: Վերջին 15 օրերի ընթացքում երկրում քաղաքական իրավիճակն ամեն օր փոխվում է եւ շուտով կփոխվի ամեն ժամ: Եվ դա կախված կլինի իրավիճակից»,- ասաց նա:

Թե ինչու չեն ուզում զիջել իշխանությունը:

«Նրանք ուղղակի օգտվում են առիթից: Քանի որ միայն բիրտ ուժն են հասկանում, ուրիշ որեւէ բան չեն հասկանում կամ դժվար են հասկանում, նրանք մտածում են, որ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն է, ուրեմն օգտվենք դրանից, մի 4 օր ավելի նստենք մեր աթոռներին:

Երկորդ, ես համոզված ե, որ նրանց պահվածքը սադրիչ է: Նրանք ուզում են մարդկանց ջղայնացնել, նրանք ուզում են մարդկանց հունից հանել, բայց դա նրանց մոտ չի ստացվելու: Անընդհատ երեկ խոսում էին սրացումներից բախումներին: Ի՞նչ բախման մասին է խոսքը: Ժողովրդի 95%-ը շարժման աջակից է, ո՞վ ո՞ւմ հետ է բախվելու: Հիմա էլ լուրեր են տարածում, թե այսինչն է սադրիչ խումբ ուղարկել, այնինչն է սադրիչ խումբ ուղարկել բախումներ են հրահրում: Ոչ մի բախում ոչ մեկ չի կարող հրահրել: Ամբողջ իրավիճակը 100%-ով գտնվում է մեր վերահսկողության տակ, եւ ինչքան շուտ սա արձանագրեն, այնքան լավ:

Կլինեն սադրիչները, ես ասում եմ, մենք նոււյնիսկ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու: Ես էլի կոչով ուզում եմ դիմել մեր կողմնակիցներին: Եթե կլինեն քաղաքացիական ինչ-որ անձանց կազմակերպված խմբեր, առանց բռնության վնասազերծում ենք. ոտքերը, ձեռքերը բռնում ենք ծալում ենք, պառկացնում ենք հանգիստ գետնի ու մի քանի հոգով նստում ենք վրան, այսքանը»,- ասաց նա:

12:41- Փակված որոշ փողոցներում քաղաքացիները գնդակով խաղում են:

12:32- Բողոքի խաղաղ ակցիաներին միացել է Դիլիջան-Երեւան մայրուղու վրա միացել է Մոնթե Մելքոնյանի վարժարանը:

12:10- Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը այս պահին վերսկսել է աշխատանքը: Աշխատակիցները գործադուլ էին սկսել այսօր՝ մայիսի 2-ի առավոտյան: Նրանք ՀԺ-ի հետ զրույցում նրանից մեկն ասաց, որ այդպես են վարվել, որպեսզի արտասահմանցիները կարողանան վերադառնալ իրենց երկրները: Բացի այդ՝ նման կոչով հանդես էր եկել ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար, #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը:

«Կոչ եմ անում ժամը 14.00 վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում:

Աշխատակիցները սպասում են Նիկոլ Փաշինյանի հետագա կոչերին: Ըստ նրա կոչերի են որոշելու շարունակել գործադուլը, թե՝ ոչ:

11:24- «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները երթով Հալաբյան փողոցով շարժվում են դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:

11:03- Նիկոլ Փաշինյանի առաջնորթած երթը

10:58- «Պլանը պարզ է, հաղթանակը հասցնել մինչեւ վերջ: Ներողություն ենք խնդրում (խմբ. նրանցից, ում անհանգստաություն ենք պատճառում), բայց մենք պետք է պայքարենք Հայաստանի ապագայի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ այսօր բողոքի գործողություններն ավելի մեծ մասշտաբների են, քան նախկինում, ու ի տարբերություն առաջվա՝ գրեթե բոլոր փողոցները փակ են. Փաշինյանն ասաց.

«Սա ՀՀԿ-ի նախաձեռնությունն է, նրանք են այսօրվա ակցիայի հեղինակները: Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնց համար ստեղծված իրավիճակն անհարմարություններ է առաջացնում, այդ հարցերով պետք է դիմեն նրանց»

10:40- Վանաձորում արդեն փակ են կենտրոնական բոլոր փողոցներն ու խաչմերուկները: Քիչ առաջ ցուցարարներին են միացել «Գլորիա» կարի ֆաբրիկայի թվով 3 հազար աշխատակիցները: 

10:28- Ցուցարարներին միացավ Նիկոլ Փաշինյանը, նա ողջունեց բոլորին՝ Արշակունյաց փողոցի հատվածում, հայտնեց շնորհակալություն ու շարժվեց դեպի այլ փողոցներ:

10:18- Երեւանի մետրոպոլիտենի մուտքի դռները փակված են, այնտեղ մուտք գործել հնարավոր չէ:

10:16- Երրորդ մասի ճանապարհը փակ է ավտոմեքենաների, տեղադրված աղբամանների միջոցով:

10:14- Երեւանի որոշ փողոցներում շրջափակման գործողությունները վերածվել են իրական տոնախմբության: Կայանած մեքենաները միացրել են երաժշտություն, փողոցը փակած քաղաքացիները պարում են:

10:12- Փակ է Շենգավիթ փողոցը եւս:10:10- Արդարադատության նախարարության մուտքի մոտ կայանված մեքենան հեռացվել է ոստիկանության կողմից, փաստաբանները որպես պատասխան գործողություն՝ նստացույց են սկսել հենց մուտքի դռան դիմաց: Նրանց հետ բանակցում են ոստիկանները, տեղում է Վալերի Օսիպյանը:

10:04- Փարաքարի հատվածում են նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի այն աշխատակիցները, որոնք հանձնել են հերթափոխը: Նրանք հայտարարել են գործդուլ ու միացել դեպի օդանավակայան տանող ճանապարհի ցուցարարներին:

10:01- Փակ է նաեւ Բաղրամյան փողոցը:9:59- Կայանված մեքենաներով փակվել է նաեւ Սփյուռքի նախարարության մուտքը:

9:56- ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Արդարադատության նախարարության մուտքի մոտ հավաքված փաստաբաններին, մուտքի դռան դիմաց մեքենա կայանելը որակեց որպես լկտիություն, խուլիգանություն, պահանջեց անհապաղ հեռացնել մեքենան, որովհետեւ մոտենում է հատուկ տեխնիկան ու այդ միջոցով կհեռացնեն կայանված մեքենան:

9:53- Չորս կողմից երթեւեկությունը կաթվածահար է Բարեկամության հատվածում:9:50- Փակ է նաեւ Կրթության եւ գիտության նախարարության մուտքը, մուտքի դիմաց մեքենա է կայանված:

9:47- Երեւանի բոլոր ծայրերում ոստիկանական հսկողություն է սահմանված, հատկապես շատ են կենտրոնացած հատուկ ուժայիններ ու ոստիկաններ Փարաքարի հատվածում՝ օդանավակայան, Էջմիածին ու Արմավիրի մարզ տանող ճանապարհին, որը փակ է ժամը 8:15-ից: Ոստիկանները պարբերաբար մոտենում են ցուցարարներին, փողոցում կայանած մեքենաների վարորդներին՝ հորդորելով բացել ճանապարհը, սակայն ապարդյուն:

9:35-  Երեւանում հազարավոր մարդիկ ժամը 8:15-ից սկսել են տոտալ շրջափակման գործողությունները, փակ են մայրաքաղաքի տասնյակ փողողցներ, նաեւ մարզերից Երեւան բերող փողոցները: Երեւանի բոլոր խոշոր բուհերում դասադուլ է, ուսանողները փակում են փողոցները, նրանց միանում են երեւանաբնակ տարբեր տարիքի քաղաքացիներ, դասադուլին միանում են նաեւ բարձր դասարանների աշակերտներ, օգնում փողոցների շրջափամանը:

Ճանապարհները փակված են նաեւ հարյուրավոր կայանված մեքենաներով:

Փակ են նաեւ դեպի օդանավակայան, Արարատի մարզ, Էջմիածին, Արմավիրի մարզ տանող ճանապարհները: Բոլոր մասերում ոստիկանական հսկողություն է սահմանվել, բախումներ դեռեւս չեն գրանցվել:

Փակ է Արդարադատության նախարարության 3 մուտքերը, որը փակվել է մի խումբ փաստաբանների կողմից:

Գյումրիում 8:15-ից փակված է Շիրակի մարզպետարանի մուտքը, բոլոր աշխատակիցները դրսում են:

Տոտալ դասադուլ է Լոռու մարզկենտրոնում ու հարակից գյուղերում, Վանաձորի կենտրոնական հրապարակում հազարավոր ուսանողներ կան, հարակից գյուղերի աշակերտական խմբերը գյուղերից գալիս են՝ միանալու ցուցարարներին:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache