Երեւանի նոր զգուշացումը Բաքվին

55

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Բաղրամյան զորավարժարանում հետեւել է հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությանը: Նա նշել է, որ կարեւոր է հայ-ռուսական համատեղ այդօրինակ զորավարժության անցկացումը հատկապես ոչ պլանային սցենարներով եւ հրամանատարների ինքնուրույն որոշումներով` «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի կիրառմամբ:

Տոնոյանը կարեւոր է համարել, որ բարձր մարտունակության ապահովմամբ համատեղ զորքերը կարողանան վարել հաջող մարտական գործողություններ տարբեր, այլ աշխարհագրություն ներկայացնող, չնախատեսված օպերացիոն ուղղություններում:

Հատկանշական է, որ Հրամանատրում առաջադրանքի միջոցով սկզբունքը փաստացի ներառվում է ոչ միայն Հայաստանի զինված ուժերի, այլ նաեւ հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության մեջ: Այլ կերպ ասած, խոսքը կարծես թե տեղում ռազմական գործողությունների օպերատիվ որոշումների իրավասության մասին է, եւ հաշվի առնելով այն, որ խոսքը հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին է, այդ ռեժիմը ստանում է առանձնահատուկ քաղաքական նշանակություն եւ պարունակում է որոշակի քաղաքական համաձայնության դրսեւորում ավելի բարձր մակարդակում:

Խնդիրն այն է, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի ներգրավումը ռազմական գործողություններին պայմանավորվում է Հայաստանի եւ ՌԴ Առաջին դեմքերի համաձայնությամբ: Այն, որ Հայաստանի պաշտպանության նախարարը խոսում է միացյալ զորախմբում Հրամանատրում առաջադրանքի միջոցով սկզբունքի կիրառման մասին, հուշում է, որ միացյալ զորախումբը առնվազն որոշակի մակարդակում ստանում է տեղերում ավելի ցածր մակարդակում օպերատիվ որոշումներ կայացնելու եւ գործելու քաղաքական իրավասություն: Հասկանալի է, որ խոսքը լայն մասշտաբի գործողությունների մասին չէ, սակայն այս դեպքում հատկանշական է, որ հայ-ռուսական զորախումբը գործնականում անվտանգության ապահովման ռազմա-քաղաքական ավելի լայն մասշտաբի ֆունկցիոնալությունից բացի, փաստացի դիտարկվում է նաեւ օպերատիվ խնդիրների լուծման ռեժիմում, ինչը թերեւս նոր արձանագրում է:

Եվ դա առավել հետաքրքիր է Դավիթ Տոնոյանի այն դիտարկման ֆոնին, որ համատեղ զորքերը կարողանան վարել հաջող մարտական գործողություններ տարբեր, այլ աշխարհագրություն ներկայացնող, չնախատեսված օպերացիոն ուղղություններում:

Բանն այն է, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի «գործունեության տիրույթ» դիտարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանը կամ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի դիտարկվող տարածքը, մասնավորապես Նախիջեւանի ուղղությունը: Միացյալ զորախումբը կազմված է Հայաստանում Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանից եւ Հայաստանի բանակային հինգերորդ կորպուսից, որը տեղակայվցած է հենց Նախիջեւանի ուղղությամբ:

Այդպիսով, մի կողմից միացյալ զորախումբը փաստացի ստանում է այդ ուղղությամբ անհրաժեշտության դեպքում տեղում օպերատիվ հրամանատարական որոշումով գործելու հնարավորություն, մյուս կողմից Դավիթ Տոնոյանը խոսում է «այլ աշխարհագրություն ներկայացնող, չնախատեսված օպերացիոն ուղղությունների» մասին: Իսկ դա կարող է նշանակել, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը օպերատիվ որոշումներով եւ հրամանատրումներով գործողություն կարող է իրականացնել իր  հիմնական կամ դե յուրե պատասխանատվությունից դուրս, խորքային առումով դե ֆակտո պատասխանատվության գոտում, որը կարող է ներառել ոչ միայն հայկական պետական սահմանը, այլ նաեւ Ադրբեջանի հետ շփման գիծը ամբողջությամբ:

Սա անշուշտ քաղաքական ազդակ է Բաքվին: Ադրբեջանի կառավարության նիստում Ալիեւը հայտարարել է, թե բանակցության ձեւաչափ փոխելու հայկական փորձը չի ստացվել, եւ բանակցություն կարող է լինել միայն Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով: Նա ասել է նաեւ, թե շուտով հնարավոր կլինի ազատել «օկուպացված տարածքները»:

Երեւանից հնչում է բավական հստակ պատասխան, ակնարկով, որ սահմանին լարվածության շուրջ Դուշանբեի համաձայնության առումով Բաքուն չպետք է ունենա դա իբրեւ թուլություն դիտարկելու գայթակղություն եւ չփորձի մտածել Դուշանբեի համաձայնությունը շանտաժի միջոց դիտարկելու մասին:

Ընդ որում, պատասխանը հնչում է հայ-ռուսական միացյալ զորախմբի հարթակից: Ադրբեջանի ռազմական շանտաժի քաղաքականությունը ապրիլյան քառօրյայից հետո ՌԴ համար ուղղակի փակուղային է: Միաժամանակ, բավական սահմանափակ է Բաքվի հետ առավել կոշտ լեզվով խոսելու Մոսկվայի կարողությունը: Այդ առումով, Երեւանից հնչող միարժեք դիրքորոշումներն ու հստակ մեսիջներն անկասկած օժանդակություն են նաեւ Մոսկվային Ադրբեջանի, ու նաեւ խոշոր հաշվով Թուրքիայի եւ Իսրայելի ռազմա-քաղաքական որոշակի ճնշմանը դիմակայելու հարցում:

Ըստ այդմ, թերեւս Մոսկվան էլ իր հերթին դրան կատարում է ընդառաջ քայլը միացյալ զորախմբի օպերատիվ հրամանատրման ռեժիմի հարցում քաղաքական համաձայնության տեսքով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache