Լրահոս

Երեք նախագահների մեկ շրջանակը

 

arm138998529247-720x340

 blogerevan.ru-ը գրում է. Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 11-ին այցելելով Արցախ, Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նրան հորդորել է տարածքային հարցում սկզբունքային դիրքորոշում ունենալ և հանդես գալ որևէ զիջման դեմ, անգամ մեկ թիզ: Այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հերքվել ու չեն հաստատվել:

Փաստն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո վերստին հրատապ դարձած տարածքային թեմայի առնչությամբ երկրորդ նախագահ Քոչարյանի մոտեցումը պարզ չէ: Արցախ այցի կապակցությամբ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, թե առաջիկայում Քոչարյանն առիթ կունենա իր մոտեցումներն արտահայտել ապրիլյան իրադարձությունների և դրանցից հետո ստեղծված իրավիճակի մասին: Այդ մոտեցումները կներառե՞ն տարածքային թեմայի վերաբերյալ դիրքորոշում, թե՞ ոչ: Միաժամանակ պարզ է նաև, որ հենց Քոչարյանի նախագահության ընթացքում է որդեգրվել Մադրիդյան սկզբունքը՝ որպես բանակցության հիմք: Իսկ այդ սկզբունքը ենթադրում է տարածքների հանձնում, հետևաբար դրանից բխում է, որ Քոչարյանն ինքը իր նախագահության ընթացքում առնվազն պաշտոնապես ընդունել է դրա հնարավորությունը: Առավել ևս, որ Քոչարյանն ունի նաև դրա մասին վկայող հայտարարություններ, օրինակ՝ սիրիական թերթերից մեկին տված հարցազրույցի տեսքով:

Միևնույն ժամանակ, իհարկե, սխալ է այդ ամենի համար պատասխանատվությունը լոկ Քոչարյանի վրա դնելը, քանի որ Հայաստանում այդ տրամաբանությունը պաշտոնական շրջանառության, նաև հանրային զգալի շրջանառության է դրվել դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությունից, իսկ Սերժ Սարգսյանն էլ դեռևս 2005 թվականին է ԱԺ ամբիոնից արել Աղդամի վերաբերյալ իր հայտնի հայտարարությունը: Այնպես որ, այս իմաստով Հայաստանի երեք նախագահների մոտեցումները, մեղմ ասած, ընդհանուր են:

Ապրիլյան պատերազմը փոխել է իրադարձությունների զարգացման դինամիկան, բնույթը, տրամաբանությունը: Դա նկատելիորեն իր ազդեցությունն է թողնում նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Թվում է, որ սահմանադրական փոփոխություններով պատմության գիրկն անցնող նախագահական եռանկյունին որոշակիորեն վերականգնվում է: Ակտիվանում է Լևոն Տեր-Պետրոսյանը, նկատվում են Ռոբերտ Քոչարյանի ակտիվության նախանշաններ՝ առնվազն Վարդան Օսկանյանի «միջնորդությամբ»: Իհարկե, եռանկյունին չի կարող վերականգնվել նախկին տրամաբանությամբ և խորհրդարանական մոդելը կթելադրի իր «շտկումները»: Բայց, բոլոր դեպքերում, այստեղ կա երկու խնդիր:

Նախ՝ նախագահական եռանկյունու վերականգնումը, հասարակական-քաղաքական գործընթացները վերստին այդ շրջանակում պարփակելու հեռանկարը մարտահրավեր է հասարակական, քաղաքացիական զարգացմանը: Եթե առաջին իսկ ֆորս-մաժորը կարող է վերականգնել իրեն լիովին սպառած եռանկյունու շրջանակը, ապա դա նշանակում է, որ Հայաստանի հասարակությունը այս տարիներին խիստ անարդյունավետ է եղել այլընտրանքային հաստատուն գործընթացներ և հարթակներ ձևավորելու, այլընտրանքային շրջանակ ձևավորելու հարցում: Դա նշանակում է բոլոր այն սուբյեկտների ձախողումը, որոնք հասարակությանը ներկայացել են կամ ներկայանում են հենց այլընտրանքային հայտով, հենց եռանկյունու շրջանակից հանրությունն ու պետությունը դուրս բերելու հայտով:

Հետևաբար՝ հատկապես նոր ընտրական փուլին ընդառաջ հանրային շրջանակներում կա լրջագույն հետևությունների և վերանայումների անհրաժեշտություն, իրավիճակը ախտորոշելու, հասկանալու, վերագնահատելու և այդ համատեքստում նաև սեփական մոտեցումները, շեշտադրումներն ու գաղափարա-արժեքային, ծրագրային թիրախները վերանայելու անհրաժեշտություն: Պետք է հասկանալ քաղաքական գործընթացների բաղադրությունն ամբողջությամբ և ցուցաբերել այդ բաղադրությունը, տարրերի համամասնությունը լիարժեք ընդունելու պատասխանատվություն, արտաքինն ու ներքինը համահունչ սպասարկելու կամք, ոչ թե որևէ կոնֆիգուրացիայով ստորադասելու խորամանկություն:

Մյուս հանգամանքն այն է, թե ինչքանո՞վ կարող է օբյեկտիվ լինել երեք նախագահների եռանկյունու վերականգնման ավելի ու ավելի շոշափելի դարձող հեռանկարը: Այստեղ եռանկյունու անկյունները օգտվում են ընդամենը հասարակության անհաջողությունից և անարդյունավետությունի՞ց, իրավիճակի ամբողջական ընկալման հարցում այլընտրանքային սուբյեկտների անհամարժեքությունի՞ց, թե՞ օբյեկտիվ իրավիճակ է, երբ, մեծ հաշվով, հենց քառորդ դարի պետական ընթացքի աղաղակող ճգնաժամի պայմաններում առաջին պլան պետք է գան այդ ճգնաժամի համար համակարգային պատասխանատվություն կրող երեք առաջին դեմքերն ու պատասխաններ տան հանրությանը: Բայց ի՞նչ պատասխան են նրանք տալիս, տալի՞ս են արդյոք կամ ի վիճակի՞ են տալ:

Այդ մարդիկ համարժեք չեն գտնվել քառորդ դար, հետևաբար՝ մեծ հարց է, թե արդյո՞ք նրանք համարժեքության ունակ են գոնե այժմ: Ապրիլյան պատերազմը նրանց մտածողության, պատկերացումների, պատասխանատվության, հանրային շահի և պետական անվտանգության խնդիրների գնահատման հարցում նրանց մտածողությունը ենթարկե՞լ է փոփոխության, թե՞ նրանք ընդամենը լռելյայն համաձայնությամբ հասկացել են, որ հարմար պահ է կորուսյալ կամ կորսվող դիրքերը վերականգնելու համար և լծվել են այդ պահն օգտագործելուն:

Ապրիլյան պատերազմի ֆոնին նրանցից որևէ մեկը, համենայնդեպս, չի ցուցաբերել մինչ այդ դավանած մտածողության, պատկերացումների, աշխարհայացքի և գաղափարական ու արժեքային կողմնորոշումների փոփոխության համոզիչ միտում: Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ օրակարգում պետությունը չէ, այլ ընդամենը ընտրությունն ու վերարտադրությունը: Սա այն գլոբալ շահն է, որը պահել և պահում է համակարգը՝ անկախ տարբեր տարաձայնություններից և անգամ դրանց շարքում նաև հանրային և պետական խնդիրներին վերաբերողներից, այդ թվում որոշ դեպքերում թեկուզ միանգամայն անկեղծ մղումներով:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...