««Երևան» հիմնադրամի աղմկոտ բացահայտումները կարող են հանգեցնել Տարոն Մարգարյանի հրաժարականին»

197

1in.am — «Զուտ այն առումով, որ «Երևան» հիմնադրումում տեղի է ունեցել աղմկահարույց կոռուպցիոն բացահայտում, Տարոն Մարգարյանը, որը հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, պետք է հրաժարական ներկայացնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ անցկացրեց «Երևան» հիմնադրամում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ:

«Երևան» հիմնադրամի գործունեության հետ կապված քրեական գործով կա երկու ձերբակալված՝ հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամարին չի մուտքագրվել և հափշտակվել է:

Այնուամենայնիվ, Դավիթ Խաժակյանի խոսքերով՝ քաղաքական առումով այս երկու հարցերը տարբեր են, որովհետև ներկա քաղաքական իրավիճակում Երևանի ավագանու լուծարման կամ քաղաքապետի փոփոխության հարց չկա օրակարգում։ «Բայց, բնականաբար, այս բացահայտումները նպաստելու են այդ գործընթացի վերսկսմանը»,-ընդգծեց Խաժակյանը։

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա խմբակցության ղեկավարի խոսքերով՝ «Երևան» հիմնադրամը բացահայտումներ պետք է իրականացնի ոչ թե կոնկրետ անձանց դիմումների կամ վերլուծությունների հիման վրա, այլ համադրի ամբողջ մուտքային տվյալները, պարզի հիմնադրամում իրականացված ներդրումների դրդապատճառը։ Դրանից հետո, Խաժակյանի խոսքերով՝ արդեն կերևա քաղաքապետի և նրա քաղաքական թիմի մասնակցությունը այդ ամենին։

«Բայց ես կարող եմ կարծիք հայտնել, որ որևէ պաշտոնյա, դա կլինի թաղապետ, թե թաղապետի տեղակալ, եթե նման գործողություն է կատարում, քաղաքացիներին պարտադրվում է հիմնադրամ գումարներ մուտք անել, ապա գիտի նաև, թե ինչպես դրանից օգտվել։ Եթե նման բան է կատարվում, ուրեմն նրան էլ են պարտադրել։ Երկու դեպքում էլ հետքերը գնում են Երևանի քաղաքապետարան։ Ինչը նշանակում է, որ այս գործընթացը եղել է համակարգված, հաշվարկված ամենաբարձր մակարդակով և առնվազն այդ մեխանիզմի մասին տեղյակ է եղել նաև Երևանի քաղաքապետը։ Եթե նորմալ քննություն լինի, ապա կլինեն ձերբակալված պաշտոնյաներ, և Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ինքնաբերաբար տեղի կունենան»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքերով էլ՝ այս գործընթացը կարող է քաղաքապետի հրաժարականի սկիզբը ազդարարող գործընթաց լինել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Փաշինյանին հաջողվեց ՀՀԿ խմբակցությունը դարձնել փոքրամասնություն հենց գործարար պատգամավորներին պատկանող սուպերմարկետներում ԱԱԾ ստուգումների ու բացահայտումների շնորհիվ։ «Սա էլ կարող է լինել նման մի դեպք։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ժամանակ առաջ բացահայտվեց «Յունիգրաֆ-իքս» ընկերության հետ կապված պատմությունը։

Եվ եթե նախկինում քաղաքապետի անունը չէր շրջանառվում, ապա «Երևան» հիմնադրամի դեպքը բոլորովին այլ է։ Այս դեպքում հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց քաղաքապետն է։ Բայց դժվար է ասել, թե իրադարձությունները ինչպես կզարգանանք»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ քաղաքապետի հրաժարականը այս գործողությունների ու բացահայտումների ֆոնին միանգամայն սպասելի է նաև մեկ տարվա ընթացքում նախապատրաստվող արտահերթ ընտրությունների կոնտեքստում։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախության հոդվածներով: «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը, ինչպես արդեն նշեցինք, քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, անդամների թվում են՝ փոխքաղաքապետներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache