Լրահոս

Երևանը Մոսկվային պայմաններ է առաջադրում. նոր շրջադարձ ԼՂ հարցում

 

1461341514-6295

yerkir.am-ը գրում է. Երեկ, այն բանից հետո, երբ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցությունների ելակետը պետք է լինի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցումը և հրադադարի պահպանման պարտավորությունը Բաքվի կողմից չկատարելը, ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ մի հետաքրքրական հայտարարությամբ։ Դրանում նշվում էր, որ ԼՂ հակամարտության զինադադարի հիմք են շարունակում մնալ 1994թ. և 1995թ. կնքված հրադադարի համաձայնագրերը, որոնք կրում են անժամկետ բնույթ։ ՌԴ ԱԳՆ-ն նաև հավելում էր, որ այս դիրքորոշումը շեշտվել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցչության կողմից Ադրբեջանի ներկայացուցչությանը ապրիլի 12-ին հղված նոտայում։

Հրադադարի ռեժիմին վերադառնալու պահանջի մասին Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ կայացած համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Դրանք (համաձայնագրերը-հեղ.) անժամկետ են եւ պետք է հարգվեն բոլորի կողմից։ Այս փուլում հրադադարի մասին համաձայնագրի կատարումից բացի, կարևոր են անվտանգության միջոցների իրականացումը և միջադեպերի հետաքննման մեխանիզմների անցկացումը, որոնք ներկայացված են եղել 2011թ.-ին եւ մշակվել են ԵԱՀԿ-ի կողմից»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ հարցում պետք է նախաձեռնողականություն հանդես բերի ԵԱՀԿ գործող նախագահությունն ընդունած Գերմանիան։

Այս հայտարարությունների համադրումից կարելի է կատարել մի քանի եզրահանգում։ Առաջին՝ Մոսկվան ընդառաջում է այս փուլում բացառապես կրակի դադարեցման, հրադադարի ռեժիմին վերադառնալու հարցը բանակցությունների առարկա դարձնելու՝ Երևանի պահանջին՝ իբրև հակամարտության կարգավորման մեխանիզմների շուրջ բանակցությունների վերսկսման նախապայման։ Թերևս դա է պատճառը, որ Մոսկվան միայն 10 օր անց է տեղեկացնում Ադրբեջանին նոտա հղած լինելու մասին։ Ի հավաստումն նրա, որ կողմնակից է նախ լուծելու Ադրբեջանին զսպելու, հետագայում ագրեսիայի դիմելուց նրան զերծ պահելու հարցը՝ Մոսկվան շեշտադրում է կատարում երկու գործոնի վրա։ Նախ՝ առաջ է քաշում դեռևս 2011թ․ եռակողմ ձևաչափով համաձայնեցված և ԵԱՀԿ-ի շրջանակներում ընդունելի համարված՝ շփման գոտում անվտանգության միջոցների ներդրման եւ միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման հրամայականը, երկրորդ՝ ըստ էության, Երևանին անուղղակի հասկացնում է, որ ապրիլյան էսկալացիայի պատասխանատու է համարում Ադրբեջանին՝ չնայած նրան, որ Լավրովը Երևանում ապրիլյան պատերազմի մասին խոսելիս բավարարվեց կատարվածը միայն «բռնությունների բռնկում» անվանելով։ Դրա մասին վկայում է այն փաստը, որ Մոսկվան ապրիլի 12-ին հենց ադրբեջանական կողմին է նոտա հղել, չնայած այդ քայլի գաղտնի արվելուն։

Երկրորդ՝ ինչպես ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը, այնպես էլ Բաքվին հղված նոտայի բովանդակությունն անուղղակիորեն շեշտում են, որ, այսպես թե այնպես, ԼՂՀ-ն շարունակում է մնալ հակամարտող կողմ, քանի որ հանդիսանում է հիշատակվող Բիշքեկյան համաձայնագրերի կողմ։ Սա նշանակում է, որ Մոսկվայում ապրիլի 5-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերի միջև կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածության ձեռբերումը չի կարող դիտարկվել որպես նոր ստատուս քվոյի հաստատման և հրադադարի եռակողմ ձևաչափը երկկողմի վերածելու հիմք։ Բաքուն քառօրյա պատերազմից հետո հենց դրան էր փորձում հասնել։

Երրորդ՝ անկախ նրանից, որ Մոսկվան հիմա ինքնուրույն է ստանձնել միջնորդական առաքելությունը, չի փորձում հարվածի տակ դնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, այսինքն ձգտելու գործել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ կոնսուլտացիաների դաշտում։ Այդ հանգամանքը Սերգեյ Լավրովը հաստատել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նաև այդ պատճառով էր ասուլիսի ժամանակ Լավրովը նշում, որ Գերմանիան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, պետք է իրենից կախվածն անի։

Տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանը կտրուկ փոխել է իր մոտեցումները ԼՂ շուտափույթ կարգավորմանը հարցում։ Լավրովի այցից ընդամենը մեկ օր առաջ, հղում կատարելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, ռուսական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով բացահայտում էին կարգավորման այսպես կոչված «լավրովյան պլանը», ըստ որի՝ հայկական կողմին պարտադրվում էր տարածքներ զիջել Ադրբեջանին՝ ՌԴ-ի կողմից երաշխավորված խաղաղության դիմաց, առանց ԼՂ-ի կարգավիճակի հարցը շոշափելու։ Եվ հանկարծ մեկ օրվա ընթացքում Մոսկվայից արվում են հայտարարություններ, թե առաջնայինը ոչ թե դա է, այլ հրադադարի ռեժիմին վերադառնալը։ Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այսպիսի կտրուկ շրջադարձը, արդյոք սա իսկապե՞ս հայկական կողմի շահերից բխող շրջադարձ է, թե՞ զուտ տպավորութուն է՝ այլ հանգամանքներ թաքցնելու, հայաստանյան և ղարաբաղյան հանրային ուշադրությունը շեղելու համար։ Այս իմաստով հարկ է ուշադրություն դարձնել երկու փաստի։

Նախ՝ Երևանում Լավրովը կոշտ գնահատականներ տվեց ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիայից Ադրբեջանին ուղղված աջակցության կոչերին՝ դրանք որակելով որպես պատերազմին նպաստող և ԵԱՀԿ ՄԽ-ի դիրքորոշմանը հակասող։ ԼՂ սրացումների տակ թուրքական պաստառի ընդգծումը տիպիկ ռուսական քաղաքականություն է ՝ հատկապես ռուս-թուրքական ներկայիս առճակատման ֆոնին։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ ընդամենը երեք օրից Բաքու է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումին։ Մոսկվայում, թերևս, սպասում են, թե ինչ ուղերձներ կհղվեն Բաքվից, գուցե համոզվելու՝ որքանո՞վ է լուրջ ԼՂ հարցի պրոադրբեջանական լուծումով Բաքվին Թուրքիայից կտրելը, եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներ ներքաշելը։

Երկրորդ փաստն այն է, որ Լավրովն այդպես էլ ոչինչ չասաց այն մասին, թե ինչ նոր առաջարկություններով է եկել Երևան՝ հաշվի առնելով, որ նրա այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե նա երբեք որևէ տեղ «դատարկ ձեռքերով» չի մեկնում։ ՌԴ արտգործնախարարն, իհարկե, հատուկ ընդգծեց, որ Հայաստանը չի եղել 2011թ․ առաջարկված «կազանյան փաստաթղթի» մերժողը, հասկացնելով, որ մերժողը եղել է Ադրբեջանը։ Սակայն դրանից հասկանալի չդարձավ, թե արդյո՞ք հիմա խոսքը գնում է «կազանյան փաստաթղթի» վերակենդանացման մասին, և առհասարակ, ինչի՞ շուրջ են բանակցում Երևանի հետ։ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ Լավրովն ակնարկել է, որ եթե հաջողվեր կարգավորման սկզբունքների հարցում նախնական համաձայնությունների գալ, դա բանակցությունների շարունակման և էսկալացիան բացառելու հիմք կհանդիսանար: Եթե Լավրովը, ընդունելով հանդերձ, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել, և որ կարգավորման առաջարկված սկզբունքները Ադրբեջանն է մերժել, եկել է այս հարցի պատասխանն ստանալու Երևանում, նշանակում է, որ հիմնական քայլերը հենց հայկական կողմից է ակնկալում: Հետևաբար չի բացառվում, որ կրակը շփման գծում դադարեցնելու, գուցե նաև զորքերը ետ քաշելու Երևանի պայմանների հանդեպ ըմբռնում ցուցաբերելով, ռուսական կողմը, հաշվի առնելով այս փուլում զիջումների չգնալու Երևանի դիրքորոշումը, վերջինիս առաջարկում է հետևյալ փոխզիջումը. Ադրբեջանը պարտավորվում է դադարեցնել կրակը, վերադառնալ հրադադարի ռեժիմին, որի դիմաց հայկական կողմը պարտավորվում է քննարկել այսպես կոչված «լավրովյան պլանը»։ Սերժ Սարգսյանի այն պնդումը, սակայն, որ սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ, նշանակում է, որ Հայաստանը հիմա պատրաստ չէ շարժվել այդ «փոխզիջման» տրամաբանությամբ: Գնդակը հիմա Մոսկվայի և Բաքվի խաղադաշտում է:

Գևորգ Դարբինյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...