Լրահոս

Երևանն անսպասելիորեն փոխում է «խաղի կանոնները»

 

gdxftfdterttdr

hayeli.am — Օրեր առաջ Հայաստանի իշխանությունները, կարելի է ասել, հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանն ասել է, որ Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն. «Ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտություն է առաջացել լրջորեն մտածել, վերանայել Մադրիդյան սկզբունքներում տեղ գտած փոխզիջումները: Այնտեղ կար Արցախում հետաձգված հանրաքվե անցկացնելու մասին դրույթ: Դրա նպատակն այն էր, որ այդ ժամանակահատվածում Բաքուն պետք է նախապատրաստի իր հասարակությանը այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց այդ ժամանակը նա օգտագործեց ապրիլին այլ նպատակով»:

Նրա խոսքով, Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները կյանքի չեն կոչվել: «Այդ իրավիճակում բանակցային գործընթաց չի կարող լինել, չի կարող լինել առաջընթաց: Ամեն ինչ կախված է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց: Քննարկման առարկա է այն, որ պետք է հրադադարի ռեժիմն ամրապնդվի, վերջ դրվի ադրբեջանական դիվերսիաներին, ավելացվի ԵԱՀԿ առաքելության լիազորությունները», հավելել է Շ.Քոչարյանը:

Արդյոք պաշտոնական Երևանը հրաժարվո՞ւմ է Մադրիդյան սկզբունքներից…

Նախ, նկատենք, որ այս օրերին լայնորեն քննարկվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի փոփոխության թեման: Սկզբում ռուսաստանյան մամուլը հերքեց Նալբանդյանի փոփոխությունը, բայց հետո նաև ռուսական մամուլը գրեց Նալբանդյանի փոփոխության մասին: Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, ռուսական գծի հավատարիմ դիվանագետ է:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած ոչ այնքան «ռազմավարական դաշնակցի» պահվածքը` առաջին դժգոհությունը հնչում էր հենց Նալբանդյանի ուղղությամբ, նրա գործունեության ու նրա ղեկավարած կառույցից անգործության առնչությամբ:

Պաշտոնական Երևանը, ըստ ամենայնի, Շավարշ Քոչարյանի մակարդակով նման կարևոր հայտարարությունը հենց այնպես չի արել: Ավելին` սա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո խիստ կարևոր նշանակության հայտարարություն է, որը կարող է փոխել բանակցային գործընթացի ուղղությունն առհասարակ:

Շավարշ Քոչարյանի հայտարարության ենթատեքստ կարելի է մատնանշել այն, որ հայկական կողմն այլևս չի պատրաստվում հանդուրժել Ալիևի քմահաճությունները, իսկ սա էլ իր հերթին նշանակում է նաև, որ Երևանը նաև չի ցանկանում հանդուրժել փաստը, որ տարիներ շարունակ Մոսկվան երես է տալիս Ալիևին` շարունակաբար զինելով Ադրբեջանին հարձակողական զենքով, ինչի արդյունքում էլ Ալիևն ապրիլի սկզբին դիմեց ագրեսիայի: Մյուս կողմից, Ալիևն, ըստ էության, արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոնկրետ առաջարկները, որոնք արվեցին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Իսկ նման իրավիճակում Հայաստանի կողմից բանակցություններին մասնակցելը` նշանակում է համաձայնություն տալ Ալիևի սանձարձակություններին և ընդունել նրա «խաղի կանոնները»:

Հետևաբար, այս փուլում, պաշտոնական Երևանն, ըստ ամենայնի, «խաղի կանոնները» փոխելու իր մարտավարությամբ է որոշել հանդես գալ:

Թամար Բագրատունի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...