Լրահոս

«Երեխեն մի տարո՞վ էր պետք պետությանը, զոհվավ ու վե՞րջ»

 

Ապրիլյան պատերազմում զոհված Նորիկ Սարգսյանի ընտանիքը դժվարությամբ է լուծում սոցիալական առօրյա խնդիրները: Բազմանդամ այս ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում, իսկ ընտանիքի հիմնական եկամուտը խոպանից ստացված գումարն է:
Նորիկ Սարգսյանի մայրը՝ Լենա Սարգսյանը Lragir.am-ի հետ զրույցում ներկայացնում է իրենց խնդիրները, վերհիշում ապրիլյան դեպքերը:
Նորիկը ծառայել է մեկ տարի 4 ամիս, զոհվել նախորդ տարվա ապրիլի 1-ի գիշերը՝ Ջրականի (Ջաբրայիլ) դիրքերում:
«Իր հերթապահությունն էր, հենց էդ գիշեր բարձրացել էր դիրքեր, դեպքը տեղի էր ունեցել: Մենք չէինք իմացել: Դե պատերազմ էր, ասում էին՝ հնարավորություն չկա զանգելու, կապ չկա, բայց կողքի ընկերը մեր գյուղից էր, ամեն օր զանգում էր: Հետո զանգեցինք մեծերին, ասեցին՝ մենք չենք կարա ասենք: Որ էդ բառերն ասեցին, արդեն զգացինք, որ մի բան կար: Երեխեն գերի էր ընկել, իրանք ասեցին՝ չենք կարա իմանանք՝ գերիների մեջ կենդանի է, թե մահացած: Հետո իմացանք, որ իրենց տարածքը գրավված էր, թուրքերի ձեռքն էին, արդեն ամեն ինչ պարզ էր»,- պատմեց Նորիկի մայրը: Դեպքից տասը օր անց միայն Կարմի խաչի օգնությամբ հայկական կողմին փոխանցվեց Նորիկի մարմինը:
Այս ընտանիքը բազմանդամ է՝ 12 մարդ, Նորիկը տիկին Լենայի հինգ որդիներից մեկն էր: Մյուս չորս որդիներից երկուսը անչափահաս են, իսկ եկուսը մեկնել են արտագնա աշխատանքի՝ իրենց մանկահասակ երեխաների հոգսերը հոգալու համար: Լենա Սարգսյանն ասում է, որ ընտանիքի հիմնական եկամուտը Ռուսաստանից որդիների ուղարկած գումարն է:
Զոհված զինծառայողի մայրն ասում է՝ ընդամենը մեկ տարի են զգացել ուշադրություն, դրանից հետո հատկապես պետական գերատեսչություններից որևէ ուշադրություն չկա իրենց ընտանիքի հանդեպ: “Էդ մի տարին էր, եկան, երևացին, տարին լրացել ա, ոչ մի բան: Ոչ թե նախարարությունից էին, այլ հիմնականում դրսից էին գալիս, ով ինչքան կարեցավ օգնեց”,- նշեց նա: Բարերարների աջակցությամբ վերանորոգել են փոքրիկ բնակարանի հյուրասենյակը, որպեսզի, ինչպես մայրն է ասում, գոնե նորմալ պայմաններում դիմավորեն Նորիկի համար իրենց այցելող հյուրերին: Այս բնակարանը չափազանց փոքր է 12 հոգանուց ընտանիքի համար, տանից ոչ հեռու կիսկառույց ունեն, ասում է՝ գոնե պետությունն աջակցեր դա ավարտին հասցնել, որպեսզի ընտանիքի մի մասը այնտեղ տեղափոխվի: Տիկին Լենայի խոսքով՝ ընտանիքը դեռ կբազմանա, քանի որ դեռ չամուսնացած երկու անչափահաս որդի ունի:
“Հիմի ուշադրություն չկա, բայց չորս տարուց էն մի երեխես ծառայության ա գնալու, էլի կգան կչոքեն իմ դուռը: Իրանք մենակ էդ կարան անեն, ուրիշ ոչ մի բան, մենակ տանեն ու հետ չբերեն”,- ասում է նա:
Լենա Սարգսյանը վիրավորված է պետական կառույցների վերաբերմունքից: Նախ անարդարություն է որակում այն, որ 1000 դրամների հիմնադրամի աջակցությունից ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները չեն օգտվում: Նա պատմում է, որ զոհված զինծառայողների ծնողները հավաքվել ու Պաշտպանության նախարարություն են գնացել՝ պարզելու, թե այդ աջակցությունից իրենց հասնելո՞ւ է: “Ասացին ամսական 200 հազար փող են տալիս, հետո գնացինք, պարզվեց, որ նոր զոհերին է դա վերաբերում: Արդարություն չկա, արդարությունը մի տարվա համար չէր, որ եկան սուգ արին, բերաններս փակին մի երկու կոպեկով ու պրծավ: Երեխեն մի տարո՞վ էր պետք պետությանը, զոհվավ ու վե՞րջ”,- բողոքում է նա: Լենա Սարգսյանն ու նրա ամուսինն ամսական 60 հազար դրամ աջակցություն են ստանում պետությունից: Պետք է նաև անվճար բուժօգնությունից օգտվեն, ուզեցել են Երևանում բուժզննում անցնել, բայց արժանացել են անմարդկային վերաբերմունքի:
“Թուղթ են տվել, որ որպես զոհվածի ծնող՝ կարանք ձրի բուժվենք: Բայց դե Երևանում ըսկի չեն էլ նայում էդ թղթի վրեն: Էտի խո՞սք ա, որ բժիշկն ինձ ասեց՝ քո երեխեն մարտունեցի ա, թող Մարտունա հիվանդանոցը քեզ բուժի: Շատ վիրավորվա, ասեցի՝ երեխես մենակ Մարտունա համա՞ր ա կռվել, որ դու ըտենց նստած ես ըտեղ ու աշխատում ես: Բա էտի եղավ արդարությո՞ւն”,- դժգոհեց զոհված զինծառայողի ծնողը:

Մանրամասները տեսանյութում

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing