LifeStyle Լրահոս Հայտնիներ

Երգարվեստում դանդաղ եղեռն է. երգերի հեղինակները՝ Լիլիթի ու Արմանի, Հռիփսիմեի երգերի մասին և ոչ միայն

 

575fded8b8a87_crop

Վերջին շրջանում ստեղծվող հայկական երգերի ու տեսահոլովակների  շուրջ բուռն քննարկումները չեն դադարում: Ըստ համացանցային օգատատերերի՝ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք իրենց պարզունակ երգերով պրոպագանդում են արաբա-թուրքական երաժշտությունը:Asekose.am-ը հայկական շոու բիզնեսում տիրող այս իրավիճակի մասին զրուցել է ներկայումս երգերի ամենապահանջված հեղինակների՝ Ավետ Բարսեղյանի, Հասմիկ Կարապետյանի,Գիսանե Պալյանի և Գայանե Ավետիսյանի հետ:

Ավետ Բարսեղյան

Ես համաձայն եմ, որ հիթային երգից շատ խոր բանաստեղծական միտք պահանջել պետք չէ, այսինքն՝ նման երաժշտությունը  չի կարող դաստիարակչական մեծ նշանակություն ունենալ: Հիթից պահանջել կրթա-դաստիարակչական դեր, սխալ է. այդպիսի երգերն այսօր կան, վաղը չկան:Բնականաբար, պետք է ուշադրություն դարձնել ամեն ինչին՝ թե’ խոսքերին, թե’ շեշտադրումներին: Նմանատիպ երաժշտություն ներկայացուցիչներն իրենց երգերը քննադատողներին ցույց են տալիս իրենց երգերի դիտումները՝ դրանով փորձելով ցույց տալ, որ եթե մարդիկ նայում են, ուրեմն հավանում են: Պետք է հասկանալ պահանջա՞րկն է ծնում առաջարկ, թե՞ հակառակը, սա մշտարթուն խնդիր է: Ես դեռ չեմ կարողանում լուծել այս խնդիրը: Այս ամեն ինչը արտիստի ու իր լսարանի հարաբերությունն է: Սա երկկողմանի խնդիր է. արտիստ պետք է փորձի միաժամանակ և՛ հաճոյանալ իր հանդիաստեսին, և՛ միևնույն ժամանակ նրան ճաշակ թելադրել: Ես չեմ փորձում անընդհատ քննադատորեն մոտենալ: Իմ գործերի մեջ էլ կան գործեր, որոնք չեմ հավանում: Պարզապես կա սահման, որ երգիչ-երգչուհիները պետք է կարողանան պահել: Ցավոք սրտի, ասել, որ այս ամենը պետք է վերահսկվի հեռուստատեսությունների և ԶԼՄ-ների կողմից, սխալ է, քանի որ գոյություն ունի համացանցը: Անընդհատ վատը քննարկելով՝ ակամայից նպաստում ենք դրա տարածմանը: Կա միայն մի տարբերակ. եթե լավ գործ է ստեղծվում, ապա այն պետք է նույն ուշադրությանն արժանանա մասմեդիաների կողմից, լավ գործի ծածանող մեխանիզմը պետք է աշխատի:

Հասմիկ Կարապետյան

Այն, որ շատ հաճախ մեր երգիչ-երգչուհիներն ասում են, որ երգում են այն, ինչ պահանջում է ունկնդիրը, արդարացված չէ: Միգուցե ես հիմա իմ այս խոսքերով շատերի համար թշնամի կդառնամ, միգուցե խոսքերս շատերին դուր չգան, սակայն չեմ կարող կարծիքս չարտահայտել: Ի վերջո, պիտի գա այն ժամանակը, երբ մենք պետք է ճաշակ թելադրենք, քանի որ արվեստագետն է ճաշակ թելադրողը, ոչ թե ժողովուրդը պետք է ասի արվեստագետին, թե նա ինչ անի: Երբ մի լավ բան է ստեղծվում, ժողովուրդն անընդհատ լսում է դա, և, հետևաբար, դրանով նրա մակարդակը բարձրանում է: Իսկ այս հարցում, ցավոք սրտի, միայն երգիչ-երգչուհիները, ովքեր լավ երաժշտություն են մատուցում, չեն կարող միայնակ պայքարել: Այստեղ նրանց օգնության պետք է գան ԶԼՄ-ները, հեռուստաընկերությունները, որոնք, պահանջարկից ելնելով, անընդհատ ցուցադրում և հնչեցնում են անորակը, այսինքն՝ այն, ինչն այսօր «խեղդում է»: Ցավոք սրտի, մեր հասարակության 70%-ն իսկապես սիրում է նմանատիպ երաժշտություն, գրկաբաց ընդունում է: Մեր հանրությանը նման երաժշտությունը դուր է գալիս, քանի որ մատչելի է, շատ շուտ հիշվում է, պարզունակ է և մակարդակը ցածր է: Բայց ո՞վ է ասել, որ մենք պետք է իրենց թելադրանքով ապրենք. արվեստի մարդն այն մարդն է, ով ճաշակ է թելադրում: Եթե համախնբվեն  բոլոր ինֆորմացիոն աղբյուրները, ես վստահ եմ, որ կգա այդ օրը, որ մեր հանդիսատեսը կպահանջի որակյալ երաժշտություն և չի ընդունի այն, ինչ հիմա է մատուցվում: Հիմա մեր երգարվեստում դանդաղ եղեռն է, երգարվեստ կոչվածը գնալով փլուզվում է: Ես իմ գործընկերների աշխատանքը փորձում եմ հարգել, փորձում եմ նրանց համար արդարացում գտնել, որ նրանք գումար են աշխատում՝ նմանատիպ երաժշտություն հրամցնելով: Սակայն պետք է մտածել նաև որակի մասին, նրանք չեն գիտակցում, որ այն, ինչ կատարվում է, մեծ վտանգ է ապագա սերունդենրի համար, քանի որ նրանք ճաշակ են թելադրում երեխանրին: Այն, որ ասում են, թե ժամանակն է թելադրում հեշտ հիշվող խոսքեր, դեռ չի նշանակում  ոչինչ չասող խոսքեր: Չի կարելի երգել ոչ մի իմաստ չպարունակող երգ, որ մի ականջից մտնում է , մյուսից՝ դուրս գալիս: Եթե ես հիմա բնութագրեմ այն, ինչ հիմա կատարվում է երգարվեստում, ապա հստակ կարող եմ ասել, որ այս երգերը կարող էին չլինել, և դրանից երգարվեստը ոչ մի կորուտ չէր ապրի: Կոմերցիոն երաժշտության շրջանակներում կան այնպիսի լավ երգեր, որոնք ասելիք ունեն: Իսկ երաժշտական ելևէջների մասին խոսելիս պետք է նշեմ, որ չի կարելի հայկական երաժշտության անվան ներքո մատուցել ադրբեջանական խաղերով, թուրքամետ տարրերով երաժշտություն: Մեր ականջներն արդեն թոռոմել են այդպիսի երգերից: Վերջին 2 ստեղծագործություններին անդրադառնալով պետք է նշեմ, որ  չունենալով Լիլիթի, Արմանի և Հռիփսիմե դեմ ոչ մի դեմ բան, չեմ կարող խաբել և չասել, որ բացասական եմ վերաբերում նմանատիպ երգերի: Եղել են երգեր գրելու առաջարկներ, սակայն երբ հասկացել եմ, որ դիմացինիս ուզածը պարզունակ ու անհեթեթեթ է, մեր համագործակցությունը :

Գայանե Ավետիսյան

Ցանկացած երգիչ ինքն է որոշում իր լսարանի որակը, ցանկացած երգիչ  իրավունք ունի երգելու և՛ անորակ, և՛ որակյալ երգ: Ես, առհասարակ, դեմ եմ վերջին շրջանի արաբական ելևթջումներով ստեղծվող երգերին, քանի որ դրանք փչացնում են մեր մշակույթը: Մենք ունենք շատ գեղեցիկ երաժշտություն, Կոմիտասը  մեզ համար ստեղծել է մաքրամաքուր երաժշտություն, որից կարող ենք լավ երգեր ստեղծել: Մենք մի քիչ օտարամոլ ենք, երբևէ չես տեսնի, որ Արևելքում երգեն հայկական տարրերով երգեր:Այո, այսօր մեծամասնությունը լսում է նման երգեր, սակայն եթե երգիչները համախմբվեն և ստեղծեն հետաքրքիր երաժշտություն, որը պարունակում է հայկական և ոչ թե արևելյան մեղեդիներ, ապա ժողովրդի ճաշակն էլ կփոխվի, քանի որ ժողովուրդը սիրում և լսում է այն, ինչ մատուցում են: Այնպիսի տպավորություն է, որ երգիչներից յուրաքանչյուրը մտածում է միայն իր մասին: Այսօր խնջույքներում պատվիրում են այն երգերը, որոնք ավելի շատ են պրոպագանդվում: Արաբա-քրդական տարրերով հագեցած երգերը հարիր չեն մեր մշակույթին, որովհետև մենք հարուստ ազգ ենք: Իմ գրած երգերի խոսքերը միշտ չէ, որ լինում են շատ խորը, օրինակ՝ Էրիկի «Անիրական» երգը հիթ դարձավ իր մի քանի հետաքրքիր բառերի համար: Այն այնքան խոր իմաստ չունի, ինչքան Անդրեի «Իմ հայելին ես» երգը: Ե՛վ  Լիլիթ Հովհաննիսյանը, և՛ Հռիփսիմե Հակոբյանն այն երգչուհիներն են, ովքեր ունեն ձայնային հետաքրքիր տեմբր, արտիստիզմ, իրենք կարող էին ավելի լավ կատարումներով հանդես գալ, քան այս վերջին 2 երգերը:

Գիսանե Պալյան

Հանրության մի ստված զանգված սիրում է նմանատիպ երաժշտություն, այսինքն՝ եթե  մեր երգիչ-երգչուհիները չունեն պահանջարկ, նրաք նմանատիպ երգեր չեն ստեղծի: Երաժշտական նորաձևությանը հետևելով՝ նկատում եմ, որ շատ պարզունակ են դարձել խոսքերը; Ես էլ կանգնում եմ նման խնդրի առաջ. եթե առաջ ստեղծում էի ավելի խոր ենթատեքստ ունեցող երգեր, ապա հիմա ամեն ինչ փոխվել է: Սակայն պարզ խոսքեր օգտագործելով էլ կարելի է հետաքրքիր ու թարմ միտք արտահայտել: Վերջին շրջանում ստեղծվող երքերը պարզունակ են ոչ միայն խոսքերի տեսանկյունից, այլև երաժշտության, քանի որ հագեցած են թուրքական, արաբական, հնդկական ելևէջներով: Ես չեմ հասկանում՝ նման երաժշտություն սիրողներն ազգային ինչ պատկանելություն ունեն:  Հաճախ վերցում են մի արաբական երգ ու դրա երաժշտության ներքո հայկական տափակ, անիմաստ բառեր գրում: Նման երգեր գրողները կա՛մ վատ են սովորել դպրոցում, կա՛մ ընդհանրապես չեն սովորել, սխալ շեշտադրումով են ներկայացնում բառերը, սխալ բառեր ու դարձվածքներ են օգտագործում: Նման երգերը պետք է չպրոպագանդվեն:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing