«Երիտասարդ ընտանիքին…» ծրագրում փոփոխություններ են սպասվում

32

Կառավարությունն առաջարկում է փոխել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»պետական նպատակային ծրագրի որոշ դրույթներ։ Ֆինանսների նախարարության հեղինակած նախագիծը, որը հրապարակվել է e-draft.am կայքում, փոփոխություններ է ենթադրում կանխավճարի, տարիքային շեմի և տոկոսադրույքի մասով։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ամուսինների տարիքային գումար դիտարկել ոչ թե 65, այլ 70 տարին, իսկ կախավճարի չափը դարձնել 20 տոկոս՝ ներկայիս 30-ի փոխարեն։

Այսինքն՝ առաջարկի համաձայն հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 80 տոկոսը, ընդ որում՝ ոչ ավելի, քան 20 մլն դրամը` անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից:

Օրենքի գործող նախագծում ամրագրված է, որ հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տոկոսով, որից պետությունը կսուբսիդավորի՝ 2 տոկոս Երևանում, և 4 տոկոս՝ մարզերում։

Այս դրույթն առաջարկվում է հետևյալ կերպ փոխել․ «Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետության կողմից կսուբսիդավորվեն՝ 2 տոկոսային կետով և 4 տոկոսային կետով համապատասխանաբար Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ձեռք բերվող անշարժ գույքի համար տրամադրվող հիփոթեքային վարկերը»։

Ըստ կառավարության՝ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 20 տոկոս կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, ինչը կարող է որոշակիորեն աշխուժացնել շուկան։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը տրվել է 3342 վարկ (1747 վարկ Երևանում, 1595՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 27 մլրդ 303 մլն ՀՀ դրամ (17 մլրդ 6 մլն ՀՀ դրամ Երևանում, 9 մլրդ 7 մլն՝ ՀՀ մարզերում): Վարկի միջին ժամկետը` 13.5 տարի, իսկ միջին տոկոսադրույքը` 9.6 տոկոս:

Նախատեսվող փոփոխությունների նպատակը ծրագիրը բնակարանի կարիք ունեցող ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների համար հասանելի դարձնելն է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache