Երիտասարդները չեն հաշտվելու այդ իրավիճակի հետ, մնացածները թող մտածեն

0

  lragir.am — Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

Պարոն Սաքունց, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հեղափոխական կոմիտեներ ստեղծելու մասին։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։ Հիմա, երբ արդեն վարչապետի ընտրությունը կայացավ, հնարավո՞ր է ուժի գործադրում։

Ընդհանրապես ոստիկանների կողմից ուժ և հատուկ միջոցներ կիրառվեցին, սակայն դրա համար ոչ մի հիմք չկար։ Ընդհանրապես որևէ հիմք չի էլ լինելու, որովհետև ցուցարարները գտնվում են խաղաղ, առանց զենքի պայքարելու շրջանակներում։ Ինչ վերաբերում է պետական մարմինների գործունեությունը խաթարելուն, դա դասական քաղաքացիական անհնազանդության օրինակներ են, որոնց մասին բոլորը գիտեն։ Իրենք էլ լավ գիտակցում են, որ կարող են այդ ընթացքում օրենքով սահմանված հետապնդումների ենթարկվել։ Սա է քաղաքացիական անհնազանդություն ասածը՝ այսինքն՝ դեմ գնալ սահմանված կանոններին՝ այդ կանոնները փոխելու նպատակով։ Իսկ թե ինչպիսին են այդ կանոնները, ակնհայտորեն ոչ իրավական, ոչ ժողովրդավարական պետության կանոններն են, և այն, որ Սերժ Սարգսյանը ֆորմալ ձայների քվեարկությամբ ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետ, դա չի նշանակում, որ իր էությամբ նա ժողովրդավարական կամ իրավական է, որովհետև նորից հիշեցնեմ, որ նման տիպի քվեարկություններ բազմիցս են եղել և ԽՍՀՄ-ում, և Նացիստական Գերմանիայում, լինում են նաև Բելառուսում, Ադրբեջանում, Հյուսիսային Կորեայում։ Այնպես որ, թվերի այդ մեխանիկական արդյունքներով ինչ-որ ժողովրդավարության կամ իրավական հիմնավորվածության մասին խոսելը տեղին չէ։ Այն դեպքում, երբ փողոցում զուգահեռաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում։

Թե ինչ կհաջողվի կամ չի հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որովհետև ինքն է առաջարկում այդ ծրագիրը։ Բայց կարող եմ ընդամենը մեկ փաստարկ հիշատակել, իսկ մեկ ամիս առաջ որևէ մեկը Հայաստանում կարո՞ղ էր ենթադրել, որ այդքան մարդ դուրս է գալու փողոց, հատկապես երիտասարդները։ Բոլորը մտածում էին, որ Հայաստանում բնակչությունն ընդհանրապես հուսահատված է, անտարբեր է, որևէ ռեսուրս չունի  դիմագրավելու անօրինականությանը, բայց հիմա տեսանք, որ հատկապես երիտասարդությունը բավական մեծ ակտիվություն ցուցաբերեց։ Քաղաքացիական այս շարժման հաջողությունը պայմանավորված է դրանով։

Որքանո՞վ հնարավոր կլինի պահել այս տեմպը եւ մեծացնել։

Ես չգիտեմ՝ ինչ ձևով կշարունակվի և որքան կտևի, բայց մի բան հստակ է՝ Սերժ Սարգսյանի՝ գերկենտրոնացված մեկ անձի իշխանությունը վիրավորական է արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար։ Մարդիկ, ովքեր չունեն այդ արժանապատվության զգացումը, գուցեև հաշտվեն, հատկապես Արսինե Խանջյանի հրապարակած նամակից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին համեմատում է ոչխարի հոտի հետ: Ապա ԱԺ-ում նրա օգտին քվեարկածները, որ բացարձակապես տարրական արժանապատվության զգացումից զուրկ են, և սա խոսում է այն մասին, որ իրապես մարդկանց համար իրենց կոռուպցիոն ակնկալիքները, որոնք կարող է բավարարել Սերժ Սարգսյանը, առավել կարևոր են, քան տարրական արժանապատվության զգացումը։ Կարծում եմ՝ հատկապես երիտասարդները չեն հաշտվելու այդ անարժանապատիվ իրավիճակի հետ, մնացածները թող մտածեն։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache