ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՂ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ Է

0

hraparak.am -Նախօրեին Վանաձորում «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից իրականացվող ընդվզման ակցիայի ընթացքում կուսակցության անդամների ու համակիրների եւ մի երիտասարդի միջեւ խոսակցություն էր ընթանում, որը նաեւ ուղիղ եթեր էր հեռարձակվում: ԵԾ-ականներից մեկը հիշյալ քաղաքացուն, ում ձեռքին ֆոտոապարատ կար, մեղադրում էր ակցայի մասնակից երիտասարդներին ճնշելու, ահաբեկելու մեջ: Քիչ անց վերջինիս մոտեցավ ԵԾ նախագահ Զարուհի Փոստանջյանն ու փորձեց պարզել, թե ո՞վ է խորհրդավոր քաղաքացին ու ինչո՞ւ է լուսանկարում ու ահաբեկում երիտասարդներին: Քաղաքացին ներկայացավ որպես Վահե, եւ ասաց, որ ինքը նկարում է ամեն ինչ՝ թե բնություն, թե մարդկանց, թե իրադարձություններ, ինչին ի պատասխան Զ. Փոստանջյանն ասաց՝ ուզում ենք իմանալ՝ «դուք ՀՀԿ-ական ոհմակից եք, թե՞ ոչ»:

Երիտասարդը Փոստանջյանից փորձեց պարզել, թե ինքը ո՞ր ոհմակի անդամ է, ապա ԵԾ-ակաների նման պահվածքը որակեց ավագանու անդամին ոչ հարիր եւ նրան ու բոլոր «դաստիարակվածներին ու անդաստիարակներին» հրավիրեց սուրճ խմելու:

Մենք պարզեցինք, որ խորհրդավոր քաղաքացին Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական անդամ Վահե Դոխոյանն է, ով մեզ հետ զրույցում պարզաբանեց նախօրեին տեղի ունեցածը: «Ես ձեզ երկու բառով պատմեմ ու խոսեմ շատ անկեղծ. նախ, ցանկացած իրադարձություն՝ կլինի իշխանամետ, թե իշխանությանը դեմ, թե չգիտեմ ինչ, Վանաձորում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն մեր բաժինը լուսաբանում է, անհրաժեշտության դեպքում տրամադրում է եւ լրատվամիջոցներին, եւ սեփական կայքերով տարածելու, ինչու չէ՝ նաեւ մեր արխիվի համար: Էդ միջոցառման ժամանակ մենք նկարահանումներ ենք իրականացրել, էդտեղ աշխատում էր իմ բաժնի օպերատորը, եւ ես՝ ֆոտոապարատով: Իսկ էն, ինչի մասին խոսում էր Փոստանջյանը, հավաստիացնում եմ, ընդամենը զրպարտություն էր եւ իրենց մարող միտինգին բում հաղորդելու համար չգիտես ինչի՝ որոշեցին, որ ես ինչ-որ, էրեխեքին վախացրել եմ, կամ ինչ-որ բան: Նման բան չի եղել, ես առհասարակ ոչ մեկի հետ կոնտակտի մեջ չեմ մտել, ոչ լավն եմ ասել, ոչ վատը: Եւ երեխաները, երբ ասում էին, թե ինչի՞ եք նկարում, մենք էլ նկարե՞նք, ես ասում էի՝ նկարեք, էրեխեք ջան, ինչ ա՞ եղել, եւ եթե կադրերը տեսել եք, էնտեղ մի պատանի կար, նա գլուխը շոյելով անցել եմ, ասել՝ նկարի՛, բալիկ ջան, ինչքան ուզում ես, դուք ազատ քաղաքացիներ եք այնպես, ինչպես ես»:

 Այսինքն, միայն այն, որ դուք լուսանկարում եք, հիմք տվեց ԵԾ-ականներին ենթադել, թե դուք սպառնում ե՞ք երտասարդներին, թե՞ ինչ որ նախապատմություն է եղել:

«Չէ՛, ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, ես կրկնում եմ, նույնիսկ բառ չեմ փոխանակել, ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Ես չգիտեմ՝ դուք իրենց աշխատելաոճին ինչքանով եք տեղյակ, իրենք ուզում են ամեն գնով նչ որ բան սարքեն, էդ բառը պիտի օգտագործեմ ու դա տեղին է: Փոստանջյանին ուղեկցող աղջիկը, որի անունն էլ չգիտեմ, չգիտես ինչի՝ որոշեց, որ ես ահաբեկում եմ երեխաներին: Պատկերացնում եք՝ 14-15 տարեկան, մեր մարզաբնակ երեխաներն են, իմ երեխաների տարիքի, ես էլ պետական պաշտոնյա եմ, ինչքանով ա տրամաբանությանը մոտ, որ ես ահաբեկեի, մանավանդ, որ ես ոչ միտինգի լավն էի լուսաբանում, ոչ լավը>: Դոխոյանն ասաց նաեւ, որ երեկվա դրությամբ Լոռու մազպետարանի մոտ մոտ 10-15 ակտիվիստ է հավաքվել, նրանց է մոտեցել ԵԾ-ականներից մեկը եւ «մի անթրաշ երիտասարդ», միասին «միացում» են բացականչել, սակայն նրանց ոչ ոք չի միացել, ակցիան տեւել է մոտ երեք ժամ: «Կա տեսագրություն, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը եկավ ու Փոստանջյանին մեղադրեց պառակտման մեջ, քանի որ Փաշինայնը կոչ էր անում միանալ Երեւանին, սակայն ինքը, ըստ իրենց որակման, մանր ցույցեր է անում: Փոստանջյանն էլ նրան որակեց դավադիր, ով եկել է խանգարելու, եւ այլն, եւ այլն: Իրար մեջ լեզու չգտան, Փոստանջյանն էլ հավանաբար համարելով իր միսիան ավարտված՝ այսօր մարզերով չի շրջել, որքանով տեղյակ եմ: Էս պահին Վանաձորում խաղաղ վիճակ է, ոչ մի ակցիա չկա»,- փոխանցեց Դոխոյանը:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache