Լրահոս

Երկակի իրավիճակ է ստեղծվել. Սկսվում է կոշտ դիմակայությունը

 

Խորհրդարանի ընտրությունից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառումով, իր ոգեւորությունը հայտնելով արդյունքի եւ ընդհանրապես ընտրական գործընթացի կապակցությամբ, շեշտելով, որ գործընթացը նախորդների համեմատ անցել է առավել բարձր մակարդակով:Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ իր թիմը մեծ ոգեւորություն ու եռանդ ունի Նոր Հայաստան կառուցելու համար:

 

Կարեն Կարապետյանը խորհրդարանի ընտրության գործընթացին ՀՀԿ քարոզչական դեմքն էր, միանգամայն հասկանալի պատճառով: Տարբեր սոցհարցումներ հայտնում էին, որ Կարապետյանն ունի մոտ 80 տոկոս վարկանիշ: Միեւնույն ժամանակ, Կարեն ՀՀԿ ցուցակում չէր, սահմանադրական պահանջին չհամապատասխանելու պատճառով: Ըստ երեւույթին իշխանությունը չգնաց պահանջի ոտնահարման ճանապարհով, որպեսզի չոտնահարի նաեւ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը: Ցուցակից դուրս Կարապետյանն անկասկած ավելի շատ եւ կարեւոր գործ էր անում ՀՀԿ համար, քան նրան սահմանադրական պահանջի խախտումով ցուցակ ընդգրկելու դեպքում:

Գործն իհարկե ձայն բերելը չէր, Կարեն Կարապետյանը ՀՀԿ ձայն բերողը չէր, այլ իրական բերողների համար հնարավորինս նպաստավոր մթնոլորտ ստեղծողը: Կարեն Կարապետյանն իր անկասկած բարձր վարկանիշով եւ դրական էներգետիկայով կոտրում էր իշխանության հանդեպ ծայրաստիճան մեծ դժգոհության մթնոլորտը, որը հասնում էր անգամ ատելության:Կարեն Կարապետյանը կոտրեց այդ մթնոլորտը, ինչի շնորհիվ ՀՀԿ այսպես ասած ռեյտինգային թեկնածուների համար առավել դյուրին էր կատարել իրենց գործառույթը, որը հենց ձայն բերողի գործառույթն էր:

Դա անկասկած շատ ավելի դժվար կլիներ անել անգամ ընտրակաշառքի գնով, եթե Կարեն Կարապետյանը չկոտրեր լարվածության եւ ատելության մթնոլորտը կամ շոշափելիորեն չթուլացներ այն:Այդպիսով, ստացվում է իսկապես երկակի մի իրավիճակ՝ ՀՀԿ միանձնյա մեծամասնությունն ապահովել են ռեյտինգայինները, որոնց կեսից ավելին բնականաբար հայտնի օդիոզ կերպարներն են, մյուս կողմից նրանց համար դժվար էր լինելու ապահովել միանձնյա մեծամասնության համար բավարար թվով ձայներ, եթե Կարեն Կարապետյանը էապես չլիցքաթափեր լարվածության եւ ատելության, ագրեսիայի մթնոլորտը: Ի վերջո, նաեւ դրա շնորհիվ է առկա ընդհանուր արդյունքի հանդեպ հանրային համեմատաբար հանդարտ վերաբերմունք:

Կարեն Կարապետյանը ընտրությունից հետո հայտարարեց, որ «իրենց թիմը» պատրաստ է եռանդով ու նվիրումով ձեռնամուխ լինել բարեփոխումների տեմպի էլ ավելի արագացմանն ու Նոր Հայաստանի կերտմանը: Ովքեր են այդ «թիմը»: Ռեյտինգայիններն այդ թիմու՞մ են: Նրանք զգալի ներկայություն են ունենալու խորհրդարանի ՀՀԿ մեծամասնության մեջ: Հետեւաբար, նրանք լինելու են այն կոճակ սեղմողը, որով Կարապետյանը վերանշանակվելու է վարչապետ եւ աշխատելու է այդ պաշտոնում: Իհարկե, ռեյտինգայինների մի մասը կլինի այդ թիմում, օրինակ Կարեն Կարապետյանը Տաշիրից՝ ռտուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը, որը վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնել է ներդրումային աջակցություն:Բայց արդյոք բոլոր ռեյտինգայիններն են այդ թիմում:

Բանն այն է, որ այդ թեկնածուները տնօրինում են Հայաստանի տնտեսության զգալի հատված: Հայաստանի համակարգային բարեփոխումները չեն կարող չշոշափել այդ հատվածները, քանի որ հենց այդ հատվածների հետեւանքով է առկա Հայաստանի համակարգային ճգնաժամն ու սնանկությունը:Եթե Կարապետյանի հետ նրանք մեկ թիմում են, արդյոք նրանք հանուն համակարգային բարեփոխումների պատրաստ են ինքնակամ հրաժարվել այն տիրույթներից, որ ունեն տնտեսության մեջ: Թե՞ Կարեն Կարապետյանի թիմն այլ է, լինելու է իսկապես սուր դիմակայություն, եւ Կարապետյանը մտադիր է Սամվել Կարապետյանի եւ նրա թիմի աջակցությամբ տնտեսական ռեսուրսներով, առանց կուլակաթափության, քայլ առ քայլ դուրս մղել օդիոզներին կամ այսպես ասած քրեա-օլիգարխիկ սեգմենտին իր տիրույթներից:Բայց կարո՞ղ է այդ տարբերակը լինել դինամիկ եւ արագ:

Կարեն Կարապետյանը նախընտրական շրջանում հայտարարում էր, որ շարունակելու են բարեփոխումները եւ պատրաստ են նույնիսկ առավել կոշտ քայլերի: Համակարգային դինամիկ բարեփոխումները հնարավոր չեն առանց կոշտության, դա անխուսափելի է: Բայց, ու՞մ, եթե ոչ հենց քրեա-օլիգարխիկ սեգմենտի հանդեպ է պետք այդ կոշտությունը:Համենայն դեպս, այդ սեգմենտը Կարեն Կարապետյանի հանդեպ լինելու է կոշտ, այն էլ չափազանց կոշտ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing