Լրահոս

Երկրորդ Իգլայի տեղը

 

Հրապարակ թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին Արցախ է այցելել 3 ուղղաթիռով, ինչը թերթի անանուն աղբյուրը բացատրել է անվտանգության նկատառումներով: Ըստ տրամաբանության, ուղղաթիռները երեքն են, որպեսզի դրանց սպառնացող որեւէ մեկն ապակողմնորոշվի, թե ի վերջո որ մեկի մեջ է Սարգսյանը:
Հրապարակը հարցրել է իր աղբյուրին, թե չէ՞ որ Իգլան հայտնաբերվել է, ինչին ի պատասխան ստացվել է պատասխան, թե իսկ չէ՞ որ կարող է լինել երկրորդը:Ինչպես հայտնի է, Իգլայի գործով կան ձերբակալվածներ, այդ թվում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:
Ընդ որում, ուշագրավ է, որ թեեւ Բաբայանի վերաբերյալ հնչում են գնահատականներ քաղաքական հետապնդման մասին, ինքը Բաբայանն, առնվազն իր փաստաբանի խոսքերի համաձայն՝ ձեռնպահ է մնում կատարվողը քաղաքական հեապնդում գնահատելուց, թեեւ միաժամանակ հերքում է նաեւ Իգլայի հետ կապը եւ առավել եւս որեւէ անօրինական մտադրության առկայությունը:Գործի վերաբերյալ նոր տեղեկություններ ու ապացույցներ դեռեւս չկան: Հրապարակվել է միայն Վրաստանում այդ գործով Հայաստանի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկությունը:
Միեւնույն ժամանակ, անանուն աղբյուրով շրջանառության մեջ է դրվում տեղեկություն «երկրորդ Իգլայի» առկայության մասին:Ի՞նչ է դա նշանակում: Դրանով նախապատրաստվում է պրոֆիլակտիկ միջոցառումների հո՞ղ, թե՞ անվտանգության կառույցներն իսկապես ունեն որոշակի տեղեկություններ հնարավոր երկրորդ օրինակի կամ տարբերակի մասին:
Բայց այդ դեպքում արդյոք ամեն ինչ չէր արվի այդօրինակ տեղեկությունը դուրս չտալու համար, այդպիսով նախապես չզգուշացնելով «հանցավոր մտադրություն» ունեցող որեւէ մեկին, որը կարող է պարզապես իջնել «ջրի հատակը», տեղեկանալով, որ անվտանգության կառույցները հավանական են համարում առկայությունը եւ հետեւաբար փնտրում են երկրորդ Իգլան:
Թե՞ անվտանգության կառույցները ոչինչ էլ չեն փնտրում՝ կամ հստակ գիտեն ու անմիջականորեն վերահսկում են հավանական «երկրորդի» տեղն ու շարժը, կամ դրա «հավանականությունը» ստեղծվում է իբրեւ ազդակ, որ հարկ եղած դեպքում կարող է լինել երկրորդ «Իգլան» եւ հայտնվել անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում, եթե հասարակական-քաղաքական իրավիճակը հայտնվի վերահսկողությունից եւ կառավարելիությունից դուրս գալու ռիսկի տակ:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara