Երկրորդ նախագահի շանսերը

81

aravot.am — Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն վերադառնում է քաղաքականություն, այլեւ պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Դա, իմ կարծիքով, ողջունելի քայլ է՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այդ գործչին վերաբերվում: Դա լավ «թեսթ» է, որի միջոցով երկրորդ նախագահը կկարողանա ստուգել, թե ինչպիսին է իրականում իր վարկանիշը: Առաջիկա ընտրություններում նա չի ունենա վարչական լծակներ, չի կարողանա ոչ մեկին սպառնալ կամ ճնշել, չի կարողանա լրատվամիջոց փակել, նաեւ՝ չի կարողանա ընտրակաշառք բաժանել: Հետեւաբար, այն ձայները, որոնք կհավաքի Քոչարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, կլինեն նրա «հալալ» ձայները՝ այն, ինչին նա արժանի է: Փորձարկման մաքրության համար նա պետք է անձամբ առաջնորդի նախընտրական ցուցակը, որպեսզի այլ անձնական գործոններ դեր չխաղան:

Որքան ես շփվում եմ հասարակ  մարդկանց հետ, երկրորդ նախագահի հասցեին, բացի հայհոյանքներից եւ անեծքներից, ուրիշ գնահատականներ չեմ լսում: (Համենայնդեպս, վերապահում անեմ՝ այդ մարդիկ «ապակուսակցական» են,  ՀՀՇ-ական չեն՝ Տեր-Պետրոսյանին  նրանք վերաբերվում են գրեթե նույն ձեւով): Ի տարբերություն շարքային քաղաքացիների, պաշտոնյաների եւ գործարարների մի մասը դրական վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ: Որքան հասկանում եմ, նրա իշխանության օրոք գոյություն ուներ հստակ կոռուպցիոն մեխանիզմ՝ ով, ում, երբ եւ ինչքան պետք է «մուծվի»՝ մեխանիզմ, որը հաջորդ տասնամյակի ընթացքում թեեւ պահպանվեց, բայց` ձեւախեղվեց, ինչը եւ առաջացրեց հիշյալ գործարարների ու պաշտոնյաների դժգոհությունը:

Մինչեւ վերջին ժամանակներս ես վստահաբար կկանխատեսեի, որ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը կամ շարժումը չի կարողանա հաղթահարել ընտրողների ձայների 4-6 տոկոսանոց շեմը: Այս պահին ես նույն վստահությունը չունեմ: Նախ՝ երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու խթան դարձավ նրա դեմ հարուցված գործը, որը բարոյական եւ քաղաքական առումով միանգամայն արդարացված է, բայց իրավական տեսակետից, իմ կարծիքով, խոցելի է: Հատկապես Քոչարյանին «բռնել-բաց թողնելն» է այդ ամենի համար հող նախապատրաստել:

Իսկ երկրորդ նախագահի հետագա «առաջխաղացումն» ամբողջությամբ կախված է ներկա կառավարության աշխատանքի արդյունքներից՝ նախեւառաջ տնտեսական ոլորտում եւ Արցախի հարցում: Որքան շատ ժամանակ անցնի, այնքան այս երկու բնագավառներում առաջընթացի բացակայությունը դժվար կլինի բացատրել նախկինից մնացած «ծանր ժառանգությամբ»:

… 1998 թվականի մարտին, երբ Քոչարյանն իշխանության էր գալիս ՀՀՇ-ի դեմ ծավալված հիստերիայի ֆոնի վրա, հեռուստաբանավեճի ժամանակ ես ենթադրեցի, որ եթե կես տարուց Սյունիքի մարզում խոտը ժամանակին չհնձեն, դրանում կմեղադրեն առաջին նախագահին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache