Երկրում կա ժողովուրդ, որը հստակ գիտի, թե ինչ է պետք է անել, եթե հանկարծ որևէ իշխանություն փորձի լկտիանալ․ Փաշինյան

1

azatutyun.am — «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց՝ «բացարձակապես էական չէ, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև էականն այն է, որ կա երկրի ղեկը, երկրի իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ»:

Աջակիցներին ներկայացնելով օրվա ընթացքում Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունները և արձանագրելով, որ մայիսի 1-ին նախատեսված վարչապետի ընտրություններին ներկայացված միակ թեկնածուն հենց ինքն է, և որ ինքը ստացել է 3 «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների աջակցությունը, իսկ Հանրապետական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը, Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Հրապարակը այս հայտարարությունը ողջունեց «Նիկոլ, Նիկոլ» բացականչություններով: Ընդհատելով նրանց՝ Փաշինյանը շարունակեց․ — «Մինչև հիմա շատերին էր թվում, թե հենց սաէ լինելու վերջին շրջանի քաղաքական գործընթացի ամենակարևոր իրադարձությունը: Իրականում, սակայն, այսօր, հիմա կարելի է արձանագրել, որ ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել դրանից առաջ, ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել օրեր առաջ և մեզ բոլորիս ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո կա ժողովուրդ, որը ոտքի է կանգնել և սեփական ձեռքն է վերցրել իրեն իսկ պատկանող իրադարձությունը: Ես ուզում եմ ասել, որ բացարձակապես էական չէ, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև էականն այն է, որ կա երկրի ղեկը, երկրի իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ: Որովհետև ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք է անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն Հայաստանի Հանրապետությունում փորձի լկտիանալ, փորձի իրեն կորցնել, փորձի հոտառությունը կորցնել, և փորձի տեղը չբերել սեփական ժողովրդին»:

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է «պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը»: Նրա այս հայտարարությունը ջերմ ընդունելության արժանացավ հրապարակում հավաքված հազարավոր աջակիցների մոտ:

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache