Երկու ամսվա ընթացքում 6 մլն 757 հազար դրամ արժողության ժամացույցներ են գնել

156

hetq.am — Երեք գերատեսչություն՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, Ոստիկանությունը և Հատուկ քննչական ծառայությունը այս տարվա փետրվար-ապրիլ ամիսներին ընդհանուր 6 մլն 757 հազար դրամ արժողությամբ հուշանվեր-ժամացույցներ գնելու պայմանագրեր են կնքել:

ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանն ապրիլի 16-ին պայմանագիր է կնքել «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի հետ՝ թվով  35 հատ ձեռքի ժամացույց գնելու համար: Պայմանագրի արժեքը եղել է 1 մլն 217 հազար դրամ:

Գնված ժամացույցներից 3-ը ամենաթանկն են՝ յուրաքանչյուրը 57,000 դրամ, մյուս ժամացույցներից յուրաքանչյուրի արժեքը 54,000 դրամ է, 9 հատը՝ 36,000 դրամ, իսկ 20 հատի յուրաքանչյուր միավորի արժեքը 28,000 դրամ: Ժամացույցները պետք է մատակարարվեն երկրորդ եռամսյակի ընթացքում:

Հատուկ քննչական ծառայությունը պայմանագիր է կնքել Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ՝ այս տարվա փետրվարի 26-ին:

Պայմանագրով մինչև մարտի 31-ը պետք է գնորդին մատակարարվեր 6 հատ ժամացույց: Վերջինս տեխնիկական բնութագիրը հետևյալն է՝ ՀՔԾ լոգոյով, արծաթ-ոսկեպատ, մեխանիզմը՝ մեխանիկական, ՀՔԾ պետի ստորագրությամբ:

Ժամացույցներից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 150,000 դրամ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 900,000 դրամ:

Նույն գործարանից ժամացույցներ է գնել նաև ոստիկանությունը: Մարտի 27-ին ոստիկանության պետի տեղակալ Ա. Համբարյանի և գործարանի միջև կնքվել է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր:

Ոստիկանությունը 1 հատը 116,000 դրամ արժեքով ձեռք է բերել 40 հատ ժամացույց: Վերջիններս ունեցել են հետևյալ տեխնիկական բնութագիրը՝ 925 հարգի արծաթյա, ոսկեպատ, գույնը՝ դեղին, ապակին՝ շափյուղա, գոտին՝ կաշվե, մեխանիզմը՝ մեխանիկական: Ժամացույցի հետնամասում փորագրված է եղել՝ «ՀՀ ոստիկանապետից»:

Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 4 մլն 640 հազար դրամ: Ժամացույցները պետք է ըստ խմբաքանակների մատակարարվեն մինչև տարեվերջ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache