Լրահոս

Երկու հանդիպում, որոնք վճռում են իրավիճակը

 

arm147125968847

lragir.am – Հայկական զինուժի միջազգային աջակցությունը
Երեւանում մեկնարկելիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների ժողովից առաջ հետաքրքիր հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները: ՌԴ նախարար Շոյգուն, ինչպես հայտնի է, այցելել է Բաքու եւ հանդիպումներ ունեցել Ալիեւի հետ, քննարկել ռազմա-տեխնիկական գործակցության հարցեր ու փոխանակել Արցախի հակամարտության վերաբերյալ կարծիքներ:
Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ իր գործընկերներին ընդունելուց առաջ, պաշտպանության նախարարությունում հյուրընկալել է ԱՄՆ կոնգրեսական, ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Շաբիթին եւ քննարկել ռազմական ոլորտում հայ-ամերիկյան հարաբերության հարցերը, ասելով, որ հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունն ամուր է:
Երեւանում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հավաքից առաջ ՌԴ եւ Հայաստանի նախարարների «երկու ուղղությունները» բավական խորհրդանշական են: Լինելով միեւնույն ռազմա-քաղաքական դաշինքի անդամ, հանդիսանալով ռազմավարական «դաշնակիցներ», Հայաստանն ու Ռուսաստանն ունեն տրամագծորեն տարբեր խնդիրներ, շահեր, անվտանգության մարտահրավերներ: ՀԱՊԿ նիստից առաջ երկու նախարարների հանդիպումները, իհարկե անկասկած ոչ նպատակաուղղված, բայց խոսում են հենց այդ մասին, խորհրդանշում են հենց այդ տարբերությունը:
Թեեւ, այդ տարբերությունը բավական ակնառու է նաեւ առանց այդ խորհրդանիշների՝ անցնող տարիների զարգացումների տեսքով: Հայաստանի «դաշնակից» համարվող պետությունը սպառազինել ու սպառազինում է Հայաստանին պատերազմով սպառնացող պետությանը: Ընդ որում, սպառազինում է էապես ավելի ծավալով եւ ուժգնությամբ, քան Հայաստանին: Իսկ ՀԱՊԿ կոչվող ռազմա-քաղաքական կառույցը բացարձակապես անհաղորդ է իր անդամի հանդեպ կատարվող ոտնձգություններին եւ անգամ քաղաքական հայտարարությունների հարցում ցուցաբերում է չափազանց մեծ ժլատություն:
Բայց, դա միանգամայն օրինաչափ է ու տրամաբանական, քանի որ մի բան է Ռուսաստանի ու ՀԱՊԿ այլ անդամների շահը, եւ մեկ այլ բան է Հայաստանի շահն ու անվտանգությունը: Անտրամաբանականը այն է, որ դրանով հանդերձ, Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ ամենապարտաճանաչ անդամն ու շարունակում է Ռուսաստանին տրվող հրապարակային երդումները՝ բոլոր պատեհ եւ անգամ խիստ անպատեհ առիթներով:
ՀԱԿՊ եւ Ռուսաստանի ռազմա-քաղաքական գործընկերը Կովկասում Ադրբեջանն է, քանի որ այդ երկրի շահն է համահունչ Մոսկվայի եւ ՀԱՊԿ մյուս մայրաքաղաքների շահին: Հայաստանի զինուժի բնական դաշնակիցն ու շահընկերը եվրատլանտյան հանրությունն է եւ դրա առաջատար ԱՄՆ-ն, քանի որ Հայաստանի զինված ուժերի իրականացրած խնդիրները համահունչ են հենց այդ բեւեռի շահին, քանի որ հայկական զինուժը իրականացնելով Հայաստանի եւ Արցախի անվտանգության պաշտպանությունը, նաեւ պաշտպանում է միջազգային անվտանգության համակարգը եւ առաջատար քաղաքակրթական համակարգի՝ եվրատլանտյան բեւեռի անվտանգության սահմանը:
Այդ ամենը դեռեւս չունի որեւէ իրավա-քաղաքական արտացոլում, սակայն խորքային առումով դրա արձանագրումն ունի առնվազն երկու տասնամյակի պատմություն, քանի որ հենց դրա շնորհիվ է, որ Արցախի առաջին պատերազմում հայկական զինված ուժերի հաջողությունը վայելել է միջազգային գրեթե կատարյալ լեգիտիմություն: Ամբողջ խնդիրը այն է, որ անցնող երկու տասնամյակի ընթացքում հայկական «էլիտայի» մտածողության եւ վարքի հետեւանքով իրադրությունը մնացել է լոկ զինված ուժերի ֆունկցիոնալության հույսին: Իսկ այդ հանգամանքը սահմանափակում է հայկական զինուժի միջազգային քաղաքական աջակցության առավել արդյունավետ գործողությունների հնարավորությունը, քանի որ փաստացի դրանց խողովակ կարող է հանդիսանալ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը:
Այդուհանդերձ, Հայաստանի զինված ուժերը երկու տասնամյակ առաջ նպաստել են միջազգային անվտանգության համակարգի հետխորհրդային, հետսառըպատերազմյան արդիականացմանը, հանդիսանալով նոր աշխարհակարգի ձեւավորման առաջին փուլի գործուն եւ արդյունավետ մասնակից: Ներկայում, աշխարհակարգի խորքային վերանայման երկրորդ փուլում Արցախի սահմանը ստացել է անկյունաքարային նշանակություն:
Բանն այն է, որ կամ փոխվում է այդ սահմանը, կամ երկրորդ եւ վճռորոշ փուլով փոխվում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համակարգը: Խոշոր հաշվով, այդ երկրորդ փուլը մասնավորապես Կովկասի եւ Հայաստանի մասով պահանջում է տնտեսա-քաղաքական, ոչ թե ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի փոփոխություն: Համաշխարհային մրցակցությունը Կովկասի մասով տեղափոխված է այդ ոլորտ, եւ սահմանը, առաջնագիծը, ստատուս-քվոն պահող հայկական զինուժը երկու տասնամյակ առաջ գծած լինելով շրջանակը, ներկայում փաստացի պահում է այդ շրջանակը՝ ասել է թե Կովկասի քաղաքակրթական տրանսֆորմացիայի հնարավորության աշխարհագրական սահմանը:
Արցախի սահմանի փոփոխության հարցը փաստացի վերածվել է այդ խնդրի տապալման կամ նենգափոխման միջոցի՝ նրանց ձեռքին, ովքեր թե լայն, թե տարածաշրջանային իմաստով անընդունակ եւ սնանկ են տնտեսա-քաղաքական, կամ այլ կերպ ասած քաղաքակրթական մրցակցության հարցում եւ բացի ռազմա-քաղաքական շանտաժից, չեն տիրապետում ստեղծարար մրցակցային որեւէ տեխնոլոգիայի:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am