Լրահոս

Երկու նշանային հարված Ադրբեջանին. Ինչ է սպասվում շփման գծում

 

Մինսկի խմբի վերջին հայտարարությունը լայն քննարկման առարկա է դարձել իր հասցեական գնահատականի շնորհիվ: Դրանում նշվում է, որ ադրբեջանական կողմն է կրակ բացել առաջինը, որից հետո հայկական կողմը պատասխան կրակ է բացել:
Իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է կառավարվող հրթիռ եւ շարքից հանել հայկական հակաօդային պաշտպանության համակարգի մասերից մեկը: Ի պատասխան հայկական կողմը խոցել է ադրբեջանական ՀՕՊ համալիր:
Իրավիճակի մյուս առանձնահատկությունը շփման գծում ստեղծված իրավիճակն է: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը հայտնվել է ռազմա-քաղաքական փակուղում, ինչն ամրագրվեց Վիեննայի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններով: Մասնավորապես, խոսքը հետաքննության մեխանիզմի ներդրման մասին է:
Ադրբեջանը փորձեր է կատարում տապալելու Վիեննայի օրակարգը, սակայն դա առայժմ չի հաջողվում: Հայաստանն իր հերթին նախապայմաններ է առաջադրել բանակցությունը շարունակելու համար, մասնավորապես՝ հետաքննության մեխանիզմի ներդրումն ու Ղարաբաղի կարգավիճակը:
Ադրբեջանը հայտարարում է, որ աշխարհը ստիպում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, իսկ հետաքննության մեխանիզմի ներդրումը նշանակում է սահմանների փաստացի ճանաչում: Բաքուն հայտարարել է, որ երբեք դրան չի գնա:
Իսկ բոլորովին վերջերս Ադրբեջանն առաջ է քաշել նոր «հայեցակարգ»՝ տարածքներ խաղաղության դիմաց, որի իմաստը հանգում է հետեւյալին՝ հայկական զորքերը դուրս են բերվում, որի դիմաց Ադրբեջանը խոստանում է չպատերազմել: Փաստացի, որեւէ խոսք չկա կարգավորման մասին:
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում փաստացի պատասխանեց Բաքվին, կրկին առաջ քաշելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Կազանյան փաստաթղթի համատեքստում:
Այս պայմաններում, բնականաբար, բանակցություններն արդեն իմաստ չունեն:
Քաղաքական այս դիրքորոշումներին զուգահեռ Ադրբեջանը փորձեր էր կատարում վերականգնելու պատերազմի իր «իրավունքը»: Այս տարվա փետրվարին Ադրբեջանը փորձեց վերսկսել դիվերսիոն հարձակումների քաղաքականությունը, սակայն կանխիչ ուժեղ ու բավական անսպասելի հարված ստացավ, տալով զոհեր: Անսպասելին այստեղ այն էր, որ պարզվեց՝ հայկական կողմում արդեն տեղադրվել են «հետաքննության մեխանիզմներ», ըստ որոշ տեղեկությունների՝ ամերիկյան գերժամանակակից համակարգեր: Ադրբեջանը հասկացավ, որ այդ միջոցն արդեն սպառված է:
Դրանից հետո փորձ արվեց կիրառել անօդաչու թռչող սարքեր, ինչն արդյունավետ էր ապրիլյան պատերազմի ժամանակ: Սակայն հայկական զինուժը մեծ բարձրության վրա ոչնչացրեց ադրբեջանական գրոհային ԱԹՍ, որից հետո պարզ դարձավ, որ հայկական կողմը տիրապետում է հակաօդային գերժամանակակից միջոցների:
Ադրբեջանը կրակեց հայկական ՀՕՊ-ի վրա, եւ դա անկասկած ԱԹՍ-ի «պատասխանն» էր: Դա երկրորդ հարվածն էր այդ երկրի «փաստարկներին»:
Մինսկի խմբի հայտարարությանն ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իր տարածքում ադրբեջանական զինուժն ինչ ուզի՝ կանի: Ի՞նչ նոր բան է այս անգամ կիրառելու Բաքուն շփման գծում:
Մինսկի խմբի հայտարարությունը, կամ միջազգային հանրության արձագանքն այսպես ասած «պարտադիր ուժ» չունեն, համենայնդեպս այս փուլում: Հայաստանը կարծես թե գտել է Ադրբեջանին փակուղուց դուրս չթողնելու ձեւը, եւ այս քաղաքականությունը պետք է շարունակվի հստակ ու առանց զիջումների, զուգահեռ մշտապես արդիականացնելով զինուժի հնարավորությունները: Այդ պարագայում ռազմական շանտաժի քաղաքականությունը կկորցնի իր իմաստը:
Ղարաբաղյան հակամարտությունն այսպիսով մտել է «դիրքային ռազմա-քաղաքական պատերազմի» փուլ, որտեղ հայկական կողմն ունի որոշակի առավելություն, այդ թվում՝ «պատասխան հարվածի լեգիտիմ իրավունք»: Ներկայում առաջնայինն այդ առավելությունը պահպանելու ու զարգացնելու խնդիրն է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing