Լրահոս

Երկու ուժեղ հարված նախագահության ավարտին

 

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով 2018-ի խնդրի մասին, երբ Հայաստանն անցնելու է լիարժեք խորհրդարանական կառավարման, ասել է, որ ոչինչ պարզ չէ, երբ կգա 2018 թվականի ապրիլը, Հայաստանում կարող է լինել բոլորովին այլ քաղաքական իրավիճակ, արտաքին բոլորովին այլ մարտահրավեր:
Մինչ այդ, Դավիթ Հարությունյանը «սադրել էր» Եվրամիության հետ սկանդալը, կոշտ արձագանքելով ԵՄ դեսպան Սվիտալսկիի այն հայտարարությանը, թե ԿԸՀ-ն արժանահավատ չէ, եւ անհրաժեշտ է դրա կազմի փոփոխություն:
ԵՄ դեսպանը փաստացի հայտարարել էր, որ ապրիլի 2-ի քվեարկության արդյունքը կասկածելի է: Իշխանությունը Դավիթ Հարությունյանի միջոցով հայտարարեց, որ դա Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է: ԵՄ դեսպանները տարբեր առիթներով նման հայտարարություններ բազմիցս են արել, սակայն իշխանության կոշտ պատասխանը բավական անսպասելի էր:
ԵՄ հետ սկանդալից հետո ԱՄՆ դեսպանը հայտարարեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայում 8 միլիարդ դոլարի ներդրման հնարավորության մասին: Նրան հետեւեց Ֆրանսիայի դեսպանը, իսկ ԵՄ մյուս առաջատար երկրի՝ Գերմանիայի դեսպանն ասաց, որ Հայստանի հետ արդեն գործակցում են այդ ոլորտում, տրամադրելով 150 մլն եվրո:
Հայաստանի իշխանությունն առայժմ հստակ ու հոդաբաշխ չի արձագանքել այս հայտարարություններին: Դրանց կարեւորությունը դժվար է գերագնահատել՝ Հայաստանին փաստացի առաջարկվում է անվտանգության ու ինքնիշխանութան նոր մակարդակ, նկատի առնելով ներկայիս ներքին ու արտաքին իրողությունները:
Ըստ էության, այս երկու իրադարձությունները լուրջ հարված էին Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ դրանք ավելին էին, քան պարզապես լեգիտիմության բացակայության արձանագրում ու էներգետիկ ոլորտում ներդրումների առաջարկներ: Արեւմուտքում պատրանքներ չկան ոչ իշխանության լեգիտիմության եւ ոչ էլ նրա՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակության մասով:
Սերժ Սարգսյանը ներկայում փորձում է ավարտին հասցնել նոր իշխանության ու համակարգային ստատուս-քվոյի ձեւավորման իր քաղաքական ծրագրերը եւ միաժամանակ ստանալ արտաքին շահագրգիռ կողմերի հավանությունը:
Արեւմուտքը փաստացի կասկածի տակ է դրել Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերը, մի կողմից խոսելով ԿԸՀ-ի անարժանահավատության, մյուս կողմից՝ անելով տնտեսա-քաղաքական ինքնիշխանության, շրջափակումը ճեղքելու ուղիղ առաջարկ՝ այդպիսով նրան կանգնեցնելով փաստի առաջ: Բանն այն է, որ լեգիտիմ ու ինքնուրույն որոշումներ կայացնող իշխանությունն առաջնորդվում է սեփական երկրի շահերով եւ անմիջապես կարձագանքեր նման առաջարկին:
Ահա այս երկու իրադարձությունից հետո Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե երբ կգա 2018 թվականի ապրիլը, Հայաստանում կարող է լինել բոլորովին այլ քաղաքական իրավիճակ, արտաքին բոլորովին այլ մարտահրավեր:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing