Լրահոս

Երկու խնջույք. Կարեն Կարապետյանը սկսում է Սերժ Սարգսյանից պաշտպանությունը

 

Մամուլում երկու տեղեկություն է հրապարակվել երկու տարբեր խնջույքների մասին: Մեկը այն մասին է, որ Օջախ ռեստորանում օրերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թոռնիկի կնունքի հանդիսությունը, իսկ մյուսը` Դիլիջանի Գետափ ռեստորանում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի 44-ամյակը:Մամուլի հրապարակումներում ուշագրավն այդ երկու տարբեր օրերի անցկացված խնջույքների հյուրերի ցանկն է:

Սերժ Սարգսյանի թոռան կնունքի արարողությանը ներկա չի եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: Դա կարող էր տարօրինակ չլինել, հատկապես, որ Հրապարակ թերթը գրելով այդ մասին, հայտնում է նաեւ, որ միջոցառումը եղել է այսպես ասած ընտանեկան նեղ շրջանակի:

Սակայն, բանն այն է, որ այդ շրջանակում միջոցառմանն այդուհանդերձ ներկա են եղել մի շարք պաշտոնյաներ՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Վիգեն Սարգսյան, եւ օլիգարխներ՝ Սամվել Ալեքսանյան, Ռուբեն Հայրապետյան, Առաքել Մովսիսյան եւ նույնիսկ վերջին օրերի աղմկահարույց հերոսը՝ ՍԱՍ-ի Արտակը:Հազիվ թե այդ մարդիկ լինեին անկոչ հյուր:

Հետեւաբար, վարչապետ Կարեն Կարապետյանի այդ շրջանակից բացակայությունը դառնում է իսկապես հետաքրքիր: Առավել եւս, որ Հայաստանի իշխող համակարգի ծագումնաբանության, այսպես ասած արժեհամակարգային հիմքի ու համակեցության մշակույթի պայմաններում ներքին հարաբերությունների ամենաարժանահավատ եւ ճշգրիտ ինդիկատոր հանդիսանում են հենց խնջույքները, տարատեսակ հավաքույթները:

Օրինակ, նախարար Կարայանի ծննդյան տարեդարձին Կարեն Կարապետյանը եղել է, ու ինչպես Ժամանակ թերթն է գրում, ծննդյան տարեդարձի ընթացքում բավական ուրախ տրամադրություն է ունեցել: Ի դեպ, հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի կենացը հիշել են վերջում, այն էլ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հուշումով:Երկու խնջույքն ու դրա մանրամասները լավագույնս ի ցույց են դնում Հայաստանի իշխող համակարգում առկա հարաբերությունների «բաղադրությունը», որն այսպես ասած հրապարակային-քաղաքական մակարդակում արտահայտվում է բավական թույլ, հաճախ նույնիսկ աննկատ:

Թեեւ, օրինակ, մայիսի 1-ին Աշխատանքի տոնի առիթով Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի անդրադարձերում կար արտահայտվածություն:Երկու խնջույքների պատկերի այսպես ասած հետահայաց ֆոնին մայիսի 1-ի առիթով երկու անդրադարձերը ստանում են բավական հետաքրքիր նրբերանգ: Սերժ Սարգսյանը խոսելով աշխատանքի տոնի մասին, դրա առիթով ուղերձում նշում էր հայ աշխատավորի բարի համբավը, ստեղծարար ուժը եւ այն սերնդե սերունդ փոխանցելու անհրաժեշտությունը: Աշխատող մարդու արժեք լինելն ընդգծել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, մայիսի 1-ի առիթով իր սոցցանցային գրառման մեջ: Կարապետյանը գրել է, որ «պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն»:

Ինչն է ուշագրավը՝ Սերժ Սարգսյանի ուղերձում չկա աշխատող մարդուն պաշտպանելու մասին որեւէ խոսք, ի տարբերություն Կարեն Կարապետյանի գրառման: Մինչդեռ պաշտպանել բառի կիրառումը էական է ուղիղ իմաստով, նկատի ունենալով Հայաստանում աշխատողների անպաշտպանվածության աղաղակող խնդիրը:Եվ այդ խնդիրը ցցուն դրսեւորվեց հենց աղմկոտ ձայնագրությունում, որը «պատմում» էր ՍԱՍ-ի ժողովի մասին: Մի ձայնագրություն, որը կամա թե ակամա պարունակում է նաեւ ներիշխանական առանցքային համատեքստ, կապված այսպես ասած ռեյտինգային թեկնածուների խնդրի հետ, որ գտնվում է վարչապետ Կարեն Կարապետյանի «նոր ոգու» դիմաց:

Աներկբա է, որ ՀՀԿ-ն այդպիսով «նոր» եւ «հին» ոգիների բաժանած Սերժ Սարգսյանն այդ բաժանումը փորձելու է օգտագործել իրավիճակը կառավարելու եւ դրա շնորհիվ իր «կաղ բադիկի»՝ այսինքն հեռացող նախագահի կարգավիճակում իշխանական ազդեցության նվազման որեւէ էական միտում թույլ չտալու եւ հետնախագահական ազդեցիկ կարգավիճակի հարց լուծելու համար՝ լինի դա վարչապետի պաշտոնում առաջադրվելու, թե վարչապետի սեփական ամենավստահելի ու ենթարկելի թեկնածուի առաջադրման տեսքով, որն անկասկած Կարեն Կարապետյանը չէ:

Ահա այդ առումով, Կարեն Կարապետյանն ունի ռեյտինգայինների զգալի մասից պաշտպանվելու խնդիր եւ աշխատավորի պաշտպանությունն այդ համատեքստում, հրապարակված ձայնագրության համատեքստում Կարեն Կարապետյանի համար ստանում է նաեւ անձնական պաշտպանության երանգ, Սերժ Սարգսյանի «նեղ» շրջանակի խնջույքում իր բացակայության եւ հատկապես ՍԱՍ-ի Արտակի ներկայության ֆոնին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing