Երրորդ օրն արդեն հրթիռային համակարգ հայտնվեց սահմանին

0

Մեր զրուցակիցն է առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը

Պարոն Վարդանով, ԱՄՆ-ը Հայաստանին զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ պայմանագիր կնքի։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, նաև ամերիկյան հետախուզության զեկույցը, ըստ որի՝ 2018-ին հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ սկսվի։

Պատերազմը հնարավոր է արդեն 25 տարի, այդտեղ նորություն չկա, և դա իրենց «հայտնագործությունը» չէ։ Այստեղ հարցն այն է, որ Ռուսաստանի միջոցով սպառազինության հարցում մենք կարող ենք հարվածի տակ հայտնվել։ Սա ինչ-որ-տեղ քննություն կլինի, թե որքանով է իրական ռուսական եղբայրությունը։ Եթե ռուսները մեզ սպառազինությունը հատկացնեն առանց գումարի, մենք չենք կարող հայտնվել պատժամիջոցների տակ։ ԱՄՆ-ի ուզածն այն է, որ Ռուսաստանի կառավարությունը փող չաշխատի, եթե ինքը մեր օգնությամբ փող չի աշխատում, այդ վարկերը պետք է ջնջվեն, այդ դեպքում Ռուսաստանը օգնության կարգով պետք է մեզ այդ ամենը փոխանցի։ Հետևաբար ռուսական սպառազինություն մատակարարողների հետ համագործակցելով՝ Հայաստանը ոչ մի ձևով պատժամիջոցների տակ չի հայտնվի։ Դա ցույց կտա, թե արդյոք ռուսները մեր դաշնակի՞ցն են, թե՞ չարչի են ու մեր միջոցով թուրքերին ստիպում են, որ նրանք ավելի շատ զենք գնեն իրենցից։

Դուք կարծում եք, որ Ռուսաստանը նման քայլի կգնա՞, երբ ԱԺ-ում սպառազինություն գնելու համար նոր 100 մլն վարկի մասին է խոսվում, չհաշած նախորդ 200 մլն դոլարի վարկը։

Մեր դեպքում դա հասկանալի է, մենք վարկով կամ կանխիկ փողով կամ ցանկացած ձևով պետք է ձեռք բերենք սպառազինություն, որի անհրաժեշտությունն ունենք։ Հիմա մենք ամեն գնով դա պետք է ձեռք բերենք, բայց Ռուսաստանի հետ բանակցելու ընթացքում մերոնք կարողանում են չէ՞ մի 2 բառ ավել ասել, քան իրենց թույլ է տալիս Կրեմլը։ Իրենք այդ երկու բառը պետք է ասեն, և Կրեմլում նստածները հիմար չեն, նրանք թարախ եղել են, բայց հիմար չեն եղել ու հասկանում են, որ Հայաստանում ռազմակայան ունեն ու կարող են հեշտությամբ դա կորցնել պատժամիջոցների պարագայում, որովհետև տնտեսապես մենք չենք դիմանա այդ պատժամիջոցներին։ Կրեմլում նստողները պետք է դա հասկանան, մնում է, որ մերոնք անլեզու չլինեն, կարողանան 2-3  նախադասությունով նկարագրեն իրավիճակը ու ասեն՝ ախպեր ջան, դուք ուզո՞ւմ եք Հայաստան ունենալ որպես այդպիսին, թե՞ ուզում եք Հայաստան ունենալ Արևմուտքի հետ դաշինքի մեջ։ Ոչ թե մենք սպառնում ենք, այլ ուրիշ ելք չենք ունենա։

Պատերազմի մասին խոսակցություններն անընդհատ շրջանառվում են փորձագետների, քաղաքագետների կողմից։ Վերջերս շատ է խոսվում այն մասին, պատերազմը կլինի ոչ միայն արցախաադրբեջանական շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Որքանո՞վ է դա իրական։

Հենց ես եմ ասել, որ հնարավոր է Հայաստանի վրա հարձակում, որովհետև թուրքերը հետևություններ արեցին։ Ապրիլյան գործողությունները լավ դաս եղան իրենց համար, ինչպես նաև մեզ համար։ Նրանք տեսան, որ Ղարաբաղը շատ արագ, մեկ օրում հսկայական մարդկային ռեսուրսներ է ձեռք բերում Հայաստանից։ Երրորդ օրն արդեն հրթիռային համակարգ հայտնվեց սահմանին, որը չկար։ Այդ ամենը Ադրբեջանը շատ լավ հասկանում է և ինչ-որ ձևով պետք է կոմունիկացիաները, ճանապարհը կտրի։ Իսկ այդ ճանապարհը՝ Բերձորը, նախկին Լաչինը, որն արդեն խորը թիկունք է, կտրել հնարավոր չէ առանց Հայաստանի վրա հարձակման։ Եթե Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանի մարդկային ու նյութական ռեսուրսներ հասնեն Ղարաբաղ, նրանք պետք է հաղորդակցությունը կտրեն։ Լաչինը չեն կարող կտրել, որովհետև դա խորը թիկունք է, մնում է կոմունիկացիաները կտրեն Վարդենիսի, Ճամբարակի հատվածներով, ինչպես նաև Վայքի ու Սյունիքի հատվածներով։ Իրենք միայն այդ ձևով կարող են ազդել մեր ունեցած ճանապարհների վրա։

Ձեր կարծիքով՝ այդ ամենը լուրջ քննարկվո՞ւմ է մեզ մոտ։

Ես կարծում եմ՝ քննարկվում է, որովհետև մեր զինվորականներին ինչ ասես կարող ես ասել, բայց չես կարող ասել, որ հիմար են։ Հաստատ մեր զինվորական շտաբները բավական խելամիտ մարդկանցով են համալրված, և իրենք այդ վտանգը շատ լավ պատկերացնում ու հասկանում են։

Ալիևը հայտարարել է, որ «վերադառնալու են» Երևան ու Զանգեզուր, որ դրանք իրենց տարածքներն են։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ դա մեզ մոտ կոշտ ու հստակ արձագանքի չարժանացավ։

Կոշտ արձագանքը ո՞րն է, պետք է այստեղից հայհոյեի՞նք իրենց։ Դա դիվանագիտություն է, ես չգիտեմ, թե դա որքանով է բավարար, բայց ես համոզված եմ, որ մեր ռազմաքաղաքական վերնախավը ինչ պետք էր, որպես ինֆորմացիա ընդունեց։ Չի կարող Ադրբեջանի գլխավոր հրամանատարի խոսքն ուղղակի խոսք լինել։ Նա այդ հայտարարությունով կամ քողարկում է ինչ-որ գործողություն, կամ էլ հրաման է տալիս իր ենթականերին։ Երկու սցենարն էլ պետք է ուսումնասիրվի և երկուսի դեմ էլ պետք է ծրագրեր մշակվեն։ Ես համոզված եմ, որ այդ ամենն արվում է, որովհետև ինչ ուզում ենք ասենք՝ հին մարդիկ, պահպանողական մարդիկ, բայց հիմար չեն մերոնք։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache