Լրահոս

Ես չեմ զարմանա, եթե աջ կողմում սիրտ ունեցող մարդկանց ստիպեն փոխել սրտի տեղը, իսկ ձախլիկներին՝ գրել աջ ձեռքով

 

 

Աջ ղեկով ավտոմեքենաների վերաբերյալ մեջ եմ բերում տրանսպորտի նախարարության հայտարարությունը. «Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա»:
Խնդրում եմ նորից կարդալ մեջբերման “այս պահին” երկու բառը, և կհասկանաք, թե ինչպես այդ նախարարությունը միանգամից հազարավոր մարդկանց արդեն իսկ պատճառեց հսկայական նյութական վնաս և հոգեկան մտատանջություն: Հիմա աջ ղեկով ավտոմեքենա ունեցողները և նաև նրանց ընտանիքի անդամները այլևս զրկված են անհրաժեշտության դեպքում ավտոմեքենան վաճառելուց և սպասում են, թե երբ է այդ պահը գալու:
Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաներ հայտնվեցին մոտ 50 տարի առաջ: Ես հիշում եմ, երբ առաջին անգամ ճանապարհային ոստիկանը տեսավ աջ ղեկը ավտոմեքենայի մեջ, զարմացած ասաց. “ամեն թիթիզություն տեսել էի, բացի սրանից”:
Ղեկը փոխելու հարց պիտի բարձրացներ Ճանապարհային ոստիկանությունը, հիմնվելով ծանրակշիռ փաստարկների վրա: Եթե չի եղել նման բան, ապա տրանսպորտի նախարարություն պետք է փակի հարցը ու ներողություն խնդրի այն մարդկանցից, ովքեր այսօր կորցրել են քունը:
Հիմա եթե նույնիսկ ճանապարհային ոստիկանությունը բերի փաստարկներ ու նման հարց բարձրացնի, ինչպես ասում են՝ պատվերը «կզռռա»:
Իմ խորհուրդը տրանսպորտի նախարարությանը` երբեք, կրկնում եմ՝ երբեք մի ասեք, թե այս հարցով զբաղվում եք, մտահոգված լինելով ժողովրդի անվտանգության ապահովմամբ: Այլապես կնմանվեք առողջապահության նախարարությանը, որ ասում է, թե ծխախոտը պետք է թանկացնել, որ մարդիկ քիչ ծխեն ու ուշ հիվանդանան: Ես չեմ զարմանա, որ նման մտածելակերպով և տրանսպորտի նախարարությանը հետեւելով, առոջապահության նախարարությունը օրենք մշակի՝ աջ կողմում սիրտ ունեցող մարդկանց ստիպելու փոխել սրտի տեղը, իսկ ձախլիկներին՝ գրել միայն աջ ձեռքով:
Աջ ղեկով ավտոմեքենայի վարորդ, ձախլիկ Առնոս Հովհաննիսյան


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing