«Ես չգիտեմ որևէ երկիր, որ ժողովրդի թեկնածուն ընտրվի հրապարակում». Կարեն Կարապետյան

0

azatutyun.am — «Ես չգիտեմ որևէ երկիր, որ ժողովրդի թեկնածուն ընտրվի հրապարակում», — այօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետի թեկնածուին պետք է ընտրի ժողովուրդը՝ իր առաջնորդած ցուցարարները։

«Ազատություն». — Դուք խոսեցիք արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, այսինքն՝ Դուք պատրաստ եք նման զարգացման, բայց տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է իշխող մեծամասնությունն Ազգային ժողովում ընտրի ժողովրդի վարչապետի թեկնածուին։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք այս առաջարկը՝ ընտրել, այսպես կոչված, ժողովրդի վարչապետի թեկնածուին։

Կարեն Կարապետյան. — Այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուն ո՞րն է, մի հատ բացատրեք։

«Ազատություն». — Փաշինյանը բացատրել է, որ Հանրապետության հրապարակում կոչերով ընտրելու է թեկնածուին։

Կարեն Կարապետյան. — Ես որևիցե մի երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում, դրա համար գոյություն ունեն ընտրություններ։ Այնտեղ կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք. էդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի, և ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը։ Դուք գիտե՞ք որևիցե երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք՝ եկեք անենք արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կգնա։ Այլ տարբերակ՝ Սահմանադրությունն այսօր չի արգելում Ազգային ժողովում իրենց ֆրակցիան ներկայացնել՝ իրենց թեկնածությունը, թող ներկայացնեն, և եթե հաղթեն, ապա այո՛, բայց մենք չենք կարող, հասկանո՞ւմ եք, սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով ասենք՝ «ես ժողովրդի ընտրյալն եմ, էս հատվածի ընտրյալն եմ, էն հատվածի ընտրյալն եմ», և այլն։

«Ազատություն». — Դուք բացառո՞ւմ եք այս հնարավորությունը, որ իշխանությունը կգնա այդ քայլին։

Կարեն Կարապետյան. — Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալը տենց չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ։ Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածուն, և դա իմ կամքը չի կամ իմ ցանկությունը։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache