ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ՉԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՇԱՐԺՈՒՄ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ

1

hraparak.am — Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Հանրապետության հրապարակում է, ուր մեկնարկել է հերթական մեծ հանրահավաքն արդեն առանց առաջնորդների։ Առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին այսօր առավոտյան ոստիկանները ուժով տարել են ոստիկանական բաժանմունքներ ու ձերբակալել։ Հրապարակում տեսանք նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանին, Գևորգ Գորգիսյանին, Արտակ Զեյնալյանին ու Մանե Թանդիլյանին։ Նրանք, սակայն, որևէ ելույթ չեն ունեցել ու դեռ պարզ չէ՝ կխոսե՞ն, թե՞ ոչ։

Hraparak.am-ը հետաքրքրվեց Րաֆֆի Հովհաննիսյանից՝ արդյոք իրեն առաջարկ եղե՞լ է՝ առաջնորդել շարժումը, և ո՞վ կարող է դա անել։

«Նախ առաջարկ չի եղել, երկրորդն էլ, ուղղակի հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ ես մասնակցել եմ տևապես որպես շարքային քաղաքացի՝ չխնդրելով հարթակ կամ խոսք՝ շատ հպարտ լինելով, որ ես այս երիտասարդական հրաշալի շարժման թեկուզ երրորդ էշելոնում եմ։ Այս ընթացիկ շրջանում, որ փորձում են հավասարակշռությունից հանել շարժումը, պետք ունենք նաև ուղեկցողների, և վստահ եմ, որ «Իմ քայլը» շարժումն ունի նաև երկրորդ էշելոն։ Ես վստահ եմ, որ Արամ Սարգսյանը և մյուսներն այստեղ չեն հայտնվել շարժում ղեկավարելու հարցով, և պահանջում ենք, որ Նիկոլը, Սասունը, Արարատը, բոլոր մեր նաև քաղաքական բանտարկյալներն ազատ արձակվեն և իրենք ունենան հնարավորություն խոսելու սեփական ժողովրդի հետ։ Եվ հետո արդեն հավաքական ղեկավարմամբ մենք պետք է կարողանանք հասնել մեր նպատակին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով հեռու մնալ մեծամտությունից։ Նրա խոսքով՝ այս հարցը միայն հավաքական ուժով կլուծվի, անհատ-անհատ, տարբեր լիդերներով բացառվում է։ Նա նաև ասաց, որ եթե իրեն խնդրեն, ինքը ելույթ կունենա հարթակում։

-Պարոն Հովհաննիսյան, հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում, արդյոք պե՞տք է իսկապես հասնեն նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, թե՞ այլ սցենար ևս պատկերացնում եք։

 -Նախ ես բանակցության կողմ չեմ, ես պարզապես գիտեմ, որ մենք ունենք ոչ իրավական, ոչ լեգիտիմ իշխանություն, և պարզապես դե ֆակտո գործող վարչապետ։ Եվ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության և այս երիտասարդ սերնդի՝ Սերժ Սարգսյանն ուղղակի իր բանականությամբ կամ եթե կա վեհափառ, Արմեն Սարգսյան կամ որևէ այլ խորհրդատու իր շուրջը, ինքը պիտի զիջի իր սեփական պաշտոնը, աթոռը, ագահությունը հանուն այս երկրի։

-Ոստիկանությունը պարբերաբար սպառնալի հայտարարություններ է տարածում, որ եթե չցրվի հավաքը, իրենք կդիմեն բոլոր միջոցներին՝ հարկադրաբար ցրելու այն։ Այսինքն՝ իշխանությունների կողմից, ըստ էության, հստակ որոշում կա՝ ուժով ցրելու հավաքը։

-Ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց, Աստված չանի, եթե հանկարծ այդպես եղավ, դա կբացատրի պարոն Սարգսյանի հղումը Մարտի 1-ին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache