Լրահոս

Եթե Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք. ՀՀԿ-ական պատգամավոր

 

86763

armtimes.com —  Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանն այն տեսակետին է, որ ՌԴ-ի կողմից նոր սպառազինության պայմանագրի կնքումը Ադրբեջանի հետ հուլիսի 8-ից 9-ը Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Արեւմուտքին ուղղված պատասխանն է:

«ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ ՌԴ-ի տեսանկյունը համընկնում է Ադրբեջանի տեսանկյունի հետ, իրենք կողմ են խնդրի ռազմական լուծմանը»,-ասաց Ենոքյանը:

Աղասի Ենոքյանը հիշեցրեց, որ Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Ուելսի գագաթաժողովին էր հաջորդել, եւ այս ընթացքում բազմաթիվ կոնֆլիկտներ են սրվել ՌԴ-ի շնորհիվ, ինչպես Ուկրաինա, Սիրիա, նաեւ ապրիլին ՌԴ-ի կողմից հրահրված կոնֆլիկտ հայ-ադրբեջանական սահմանին.

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հստակ արգելափակոց դրեց, փորձում են իրենց ապահովագրել ՌԴ-ի հերթական ագրեսիայից, ՌԴ-ն ոչ բարոյական պատասխան տվեց գագաթաժողովից հետո: Տեսնում է, որ միջազգային ջանքեր են գնում կայունություն ապահովելու համար, գնաց այնտեղ, որտեղ Արեւմուտքն ավելի թույլ է, Լավրովի հայտարարությունը, որ տեսնում ենք խնդրի լուծում, իհարկե չգիտեմ՝ ինչպես են տեսնում, եթե լուծումը ՀՀ-ին հայտնի չէ: Սա ՌԴ-ի ասիմետրիկ պատասխանն է ՆԱՏՕ-ին, նա փորձում է միջազգային անվտանգությունը խառնել այնտեղ, որտեղ կարող է»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ասուլիսի մյուս բանախոս Լեռնիկ Ալեքսանյանն այն կարծիքին չէր, որ ՌԴ-ին ձեռնտու է պատերազմական վիճակը.

«Եթե մեր ռազմավարական գործընկերն է ՌԴ-ն, դա դեռ չի նշանակում, որ թշնամի պետք է լինի Ադրբեջանի համար: Կարծում եմ՝ ՌԴ-ի նպատակը միայն այն է, որ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնի, իրավիճակն է թելադրում, որ ՌԴ-ն անմիջապես ՀՀ-ի կողքին չկանգնի»,-ասաց նա:

«Ցավն այն է, որ մենք էլ ենք վարում այնպիսի քաղաքականություն, որը ձեռնտու է ՌԴ-ին»,-հակադարձեց Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետի համար մտահոգիչ է նաեւ այն, որ ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ քննարկումներին ԼՂՀ ներկայացուցիչ չի մասնակցում, եւ այդ հարցը չի բարձացվում հայկական կողմից: ՀՀԿ-ական պատգամավորը մանրամասնեց՝ այն, որ արաբական հեռուստաընկերության հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, այն ազդակն է, որ բանակցությունների հաջորդ փուլին ԼՂՀ ներկայացուցիչ պետք է լինի:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ակտիվ քննարկվող տարածքների զիջման խոսակցություններին, ՀՀԿ-ականի խոսքից հասկանալի դարձավ, որ ՀՀԿ-ի օրակարգում կա նման հարց ավելին՝ «կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել՝ ԼՂՀ անկախության դիմաց».

«Հնարավոր է՝ ինչ-որ տարածքներ զիջվեն անկախության դիմաց, բայց անվտանգության սահմանները պահպանելով»,-ասաց նա:

Մեր հարցին՝ չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմացումից նման հայտարարությունների հետ կապված, Ալեքսանյանը նկատեց.

«Ես այն մտքին չեմ, որ ժողովուրդն առաջնորդվում է լոկ ռոմանտիկ պատկերացումներով, գիտեմ նաեւ էն մարդկանց, որ կամուֆլաժները հագնում են, գնում սահման: Հիմա ոնց որ թե մոդա է, որ գնանք Բաքուն գրավենք, բայց այդ հարցում պետք է օբյեկտիվ լինել՝ ամենամեծ ռոմանտիկները հայրենասերներն են եղել, բայց նրանք տանուլ են տվել»,-ասաց նա:

Աղասի Ենոքյանն էլ հավելեց, որ եթե ինչ-որ տարածքներ զիջելու դիմաց ԼՂՀ ճանաչում լինի, նման դիվանագիտական պրոցեսն ընդունելի է:

Մեր դիտարկմանը՝ մի՞թե չեք համոզվել ապրիլյան դեպքերից հետո, որ միակ հարցը, որի շուրջ միավորվում ու համախմբվում է հայ ժողովուրդը Արցախն է, արդյոք մտավախություն չկա՞, որ մինչ ՀՀԿ-ն փորձի ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, դա կլինի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց, որ եթե տարածքներ հանձնելու մասին է խոսում, դա դեռ չի նշանակում, որ հայրենասեր չէ.

«Ժողովուրդը շատ բազմաշերտ է,  մեր գենի մեջ նստած է, որ թուրքը մեր թշնամին է, ամենամեծ չուզողը ես եմ, որ տարածք հանձնվի, բայց եթե օրինակ Աղդամը  տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Շուշիի ազատագրումից հետո երկրորդ կարեւոր օպերացիան Աղդամի ազատագրումն էր, որին մասնակցել են ԼՂՀ ինքնապաշտպանական բոլոր ուժերը, Աղդամի ազատագրումը սկսվել է 1993 թվականի ամռանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing