Եթե այս ամենը ձգվեց մինչեւ գարուն, հեղաշրջում կլինի

83

Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Ռոբերտ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցում խոսեց քաղաքականություն իր վերադարձի մասին։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս առումով։

Ռոբերտ Քոչարյանը իր համար և ակամայից դարձավ հակահեղափոխականության դրոշակակիրը։ Գուցե ինքն անձնապես կուզեր վայելել իր միլիարդները, որոնք իբր գոյություն չունեն Աֆրիկայում և այլուր, բայց քանի որ հեղափոխություն է եղել, ամեն ինչ բացահայտվելու էր և իրեն էր հասնելու և հասավ, նա ստիպված է գնալ այս քայլին։ Հիմա պետք է հասկանանք, որ Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք անձնապես շահագրգռված են, որ Քոչարյանը կամ քոչարյանատիպ մեկը դառնա առաջնորդ և իրենք չկորցնեն իրենց ունեցածը։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է, որովհետև այս մարդիկ վերահսկում են դատական իշխանությունը, օրենսդիր իշխանությունը, մասամբ վերահսկում են մամուլը և ելնելով ինքնապաշտպանությունից՝ իրենք ամեն ինչի պատրաստ են։ Քոչարյանի ելույթում հստակ ուղերձներ կային այն բոլոր ուժերին, որոնց ուզում է ներգրավել իր պայքարի մեջ։ Դա բանակի ղեկավարությունն էր, իբր թե բանակը վարկաբեկվում է, բայց ուղերձը հետևյալն էր՝ գեներալներ, ձեզ էլ են բռնելու, մենք միասին ենք թալանել, քանի ուշ չի, եկեք միասին պայքարենք դրա դեմ։ Սա շատ վտանգավոր է, դա բանակի պառակտման և երկիրը թուլացնելու քայլ է։

Հստակ ուղերձ կար Արցախին, որը նա դիտարկում է որպես իր հիմնական միջնաբերդը։ Ցավոք սրտի, դա այդպես է, և ես ասել եմ ու նորից եմ կրկնում, որ Նիկոլ Փաշինյանի մեծագույն սխալներից մեկն այն էր, որ ինքը գնաց Արցախ և փոխանակ առաջարկեր, որ Բակո Սահակյանը հրաժարական տա և նոր իշխանություն ձևավորվի, աջակցեց նրան։ Բակո Սահակյանը Արցախի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են միասին վերցրած։ Նրանք միասին այդ ամբողջը արել են, և Բակո Սահակյանը երբեք չի աջակցի ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ հեղափոխությանը։ Այսինքն՝ Քոչարյանն ակնկալում է, որ իր հենասյուները կլինեն բանակն ու Արցախը։

Երրորդը արտաքին ուժերն են, հատկապես Ռուսաստանը, և Քոչարյանը բացահայտ ուղերձ հղեց՝ հայտարարելով, թե Ռուսաստանի հետ այդպես չեն խոսում։ Այսինքն՝ ինչպե՞ս չեն խոսում, իրավահավասարությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքում և միջպետական հարաբերություններում ամրագրված դրույթ է, և Ռուսաստանն ինքը հանդես է գալիս դրա օգտին, երբ ուզում է իր հարաբերությունները զարգացնի ԱՄՆ-ի հետ։ Ի վերջո, Ռուսաստանի հզորությունը ԱՄՆ-ի նկատմամբ, բացի ռազմականից, նույնն է, ինչ մերը Ռուսաստանի նկատմամբ։ Այդ ինչո՞ւ է Ռուսաստանն ուզում ԱՄՆ-ի հետ հավասար լինի, իսկ մենք չենք կարող Ռուսաստանի հետ հավասար լինել՝ հարգելով Ռուսաստանի շահերը։ Ի վերջո, նայեք, հեղափոխական իշխանություններն ամենից շատ ո՞ւմ հետ են շփվել վերջին ամիսների ընթացքում և ում են այդքան ռեվերանսներ արել, իհարկե, Ռուսաստանին։ Այնպես որ, վտանգավոր վիճակի մեջ ենք։ Արդյունքի առումով կասկածներ չունեմ, հեղափոխությունը հաղթելու է, պարզապես ցավալի խնդիրներ է առաջացնում այս ամենը և դժվարություններ է ստեղծում ժողովրդի համար։

Նկատի ունեք, որ եթե անգամ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անի քաղաքականություն վերադառնալու համար և ՀՀԿ-ՀՅԴ տիրույթում մոբիլիզացիա իրականացնի, միևնույն է, չի՞ հաջողելու։

Բնականաբար, չի հաջողելու, որովհետև և ՀՀԿ-ն, և ՀՅԴ-ն միասնաբար, եթե քաղաքականություն ասելով հասկանում ենք քվեներով խնդիր լուծելը, ապա նրանք հնարավորություն չունեն անգամ խորհրդարան մտնել, ու դա ակնհայտ է։ Վտանգավոր պահերից մեկը դա է, ու դա իրենք էլ գիտեն։ Դա նշանակում է, որ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ոչ թե շեշտը դնում են, որ ընտրությունների ժամանակ քարոզչություն կանեն, մեծամասնություն կստանան և իշխանություն կվերցնեն, այլ մտածում են այլ մեթոդների մասին, թե ինչպես պետք է հասնեն դրան։ Վտանգավորը հենց դա է։ Եթե ես իմանայի, որ նրանք կգնան ընտրության և արդար ձևով քվե կստանան, այդտեղ խնդիր չկա։ Այստեղ վտանգն այլ դաշտում է։

Հատկապես որ խորհրդարանում այսօր ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն մեծամասնություն են և հաջորդ տարի ցանկացած պահի կարող են անվստահությո՞ւն հայտնել վարչապետին։

Սահմանադրությունն ասում է, որ մեկ տարվա ընթացքում վարչապետին չեն կարող անվստահություն հայտնել։ Փաշինյանն իր հերթին, ըստ օրենքի, չի կարող ցրել խորհրդարանը։ Բայց եկեք այսպես նայենք. ինչո՞ւ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ քվեարկեցին Փաշինյանին վարչապետ ընտրելու օգտին։ Նրանք իրենք իրենց համար ապահովեցին մեկ տարի տեղ արևի տակ, տեղ կերակրատաշտակի մոտ, մյուս կողմից իրենք դրանով իրենց համար ապահովեցին անձեռնմխելիություն, որ եթե իրենց դեմ քրեական գործ հարուցվի, իրենց ԱԺ-ն չի տա։ Մանվել Գրիգորյանն արտառոց դեպք էր։ Իսկ մեկ տարի հետո, այն պահին, երբ արդեն հնարավոր լինի, տեսականորեն հնարավոր է անվստահություն հայտնել Փաշինյանին և վարչապետ ընտրել Քոչարյանին։ Ամեն անգամ մտածել, որ ժողովուրդը հարյուր հազարներով դուրս կգա փողոց և կփորձի լուծել այն խնդիրները, որոնք իշխանությունը չի կարողանում լուծել, սխալ է։

Եթե այս ամենը ձգվեց մինչև հաջորդ տարվա գարուն, ես ձեզ վստահեցնում եմ, որ լուրջ քարոզչություն է իրականացվելու, նաև իշխանություններն են սխալներ թույլ տալու։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանի կողքը կան մարդիկ, որոնք ոչ մի բան չեն հասկանում։ Ես որքան էլ բարի աչքով եմ նայում, փորձում եմ արդարացնող փաստարկներ գտնել, բայց իշխանության մեջ գտնվող մարդիկ երբեմն այնպիսի բաներ են ասում կամ անում, որ հասկանում ես, որ նրանք գտածո են հակահեղափոխության համար։ Սա է խնդիրը։ Հակահեղափոխության մարտավարությունը պարզ է՝ սպասել մեկ տարի, որից երեք ամիսն անցել է, այդ ընթացքում օգտագործել իրենց հնարավորությունները, թույլ չտալ որևէ մեկի նկատմամբ դատական գործողություն, գնել մեդիա դաշտում որոշ խաղացողների՝ լրատվամիջոցների և անհատների, օգտագործել իրենց հնարավորություններն ԱԺ-ում և փորձել հեղաշրջում անել օրենսդրական ճանապարհով։

Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև իր հարստությունների մասին, հայտարարեց, որ իր օրոք մենաշնորհներ չեն եղել, որ տնտեսությունը չի կարող զարգանալ միայն կոռուպցիայի դեմ պայքարով, որ եթե ինքն այդքան բանկեր և ունեցվածք ունի, թող հրապարակեն փաստերը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

Մի բան պետք է ընդունել, որ Քոչարյանի օրոք տնտեսությունը զարգացել է, բայց այստեղ կարևոր հարցն այն է, արդյոք դա եղել է շնորհիվ Քոչարյանի վարած քաղաքականության, թե՞ ի հեճուկս Քոչարյանի վարած քաղաքականության։ Միգուցե, եթե այդ քաղաքականությունը ճիշտ լիներ, Հայաստանի տնտեսությունը ոչ թե 8 անգամ, այլ 18-20 անգամ զարգանար։ Ես ինքս բավական շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով, ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի, անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն։ Մեծ ներդրումային ծրագրեր են եղել ժամանակին, և ամենավերևից դա արգելվել է, որովհետև դա կարող էր, օրինակ, խփել գազային շահերին և այլն։ Քոչարյանի բախտը բերել էր, որ այդ շրջանում համաշխարհային տնտեսությունը զարթոնքի մեջ էր և մեծ տեմպերով զարգանում էր։ Այդ տարիներին տարեկան միայն 2,5 մլրդ դոլարի տրանսֆերտներ էր գալիս Ռուսաստանից։

Ես չգիտեմ, թե Քոչարյանն ինչքան ունեցվածք ունի, բայց ես անձամբ գոնե գիտեմ, որ մարդիկ վարձակալում են Սեդրակ Քոչարյանից որոշակի գույք, որի ընդհանուր գումարը մենակ Սեդրակի անունով, մի քանի մլն դոլար է։ Դա հնարավոր չէր աշխատավարձով ձեռք բերել։ Հիմա կարող է Քոչարյանի ունեցվածքը 4 մլրդ չի, 2 կամ 1 մլրդ է, կամ 12 մլրդ է։ Խնդիրը դա չի, այլ այն, որ տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում, և դա դարձել էր համակարգ։ Ես դեսպան եմ եղել, ես բերում էի մարդկանց, որ ներդրում անեն, հենց առաջին օրը արդեն խոսում էին իրենց փայի մասին։ Խոսում էի պատվիրակություն բերելու մասին, իրեն հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչ հարցեր պետք է քննարկի այդ պատվիրակության հետ, այլ ասում էր՝ բերեք իմ հյուրանոցում տեղավորեք, և լիքը նման բաներ կան։ Հսկայական անարդարություններ են տեղի ունեցել, այդ ամբողջը մենք գիտենք։ Ասել, որ տեղի է ունեցել տնտեսական աճ, անգամ երեք տարի ներագաղթ է եղել, բայց դա շնորհիվ Քոչարյանի չի եղել, դա ի հեճուկս նրա վարած քաղաքականության է եղել։

Ես, անկեղծ ասած, մի քիչ Արցախի իշխանությունների վրա եմ զարմացած։ Ես 2006 թվականին դուրս եմ եկել համակարգից, որովհետև ակնհայտ էր դառնում, որ մադրիդյան սկզբունքները պետք է ամրագրվեն, և 2007 թվականի նոյեմբերին Քոչարյանը դա ընդունեց։ Սկզբունքը հետևյալն էր՝ ինչի դեմ չես կարող պայքարել, գոնե դրան մասնակից մի եղիր։ Բայց արցախցիները, որ ամենաշատ տուժողն են եղել այս հարցով, որ իրենց դուրս են թողել բանակցային գործընթացից, ինչո՞ւ են պաշտպանում Քոչարյանին։ Ինչքա՞ն կարելի է առաջնորդվել, այսպես կոչված, տեղական հայրենասիրությամբ։ Հայրենասիրությունը չի լինում տեղական, հայրենասիրությունն այն է, որ ամբողջ հայրենիքի նկատմամբ է այդ սերը։ Բայց այ ամենի մեջ դրական բան էլ կա. քաղաքական դաշտում Քոչարյանի ի հայտ գալը մի տեսակ սառը ցնցուղ է ժողովրդի համար, հուսանք նաև իշխանության համար, որ ավելի զգոն գործեն և որոշ հարցերում պետք է լինել ավելի կտրուկ։ Այն վտանգները, որ կարելի է կանխատեսել, արդարացնում են կտրուկ գործողությունները։ Պետք չէ երկիրը ներքաշել նման վտանգավոր զարգացումների մեջ։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache