Եթե էդքան պլոճիկավոր եք, ապա նախորդներն են ձեր կյանքը ձախողել՝ ինքներդ դրանցից անձնական վրեժ հանեք

203

Չնայած մենք Լաոյի հույսին ապավինող մշակույթի ժողովուրդ ենք, բայց փաստ է, որ հետանկախական Հայաստանը մենք ինքներս, ամբողջ ժողովրդով կերտեցինք՝ որս տականքին հանդուրժելով, որս տականքին պարտվելով, որս տականքին ապավինելով, որս սրիկայություն անելով, որս սրիկային մեծարելով, որս կեղծելով, որս կեղծիքի վրա աչք փակելով, որս տհասությամբ, որս բանդիտիզմով, թալանով, մարդ ու երկիր հոշոտելով, որս հերոսանալով, որս հերոս ձևանալով։

Նիկոլի գալով փրկիչի սխեման իր ամբողջ թափով մտավ ուժի մեջ՝ բա Նիկոլն է, թող ինքն էլ անի։ Ու պարզվեց, որ Նիկոլն անձամբ ոչ միայն Սերժին պետք է գահընկեց անի, նախորդ բոլորին պատժի, այլ նաև նախորդների արածի համար ներողություն էլ խնդրի, նվաստանա, ծնկաչոք աղաչի՝ թե հարգելիս, լավ էլի, բանտից դուրս արի։

Դա էլ տարբերակ է՝ բա մենք Անդրանիկ ու Նժդեհ հալածած ազգ լինենք, Նիկոլն ով եղավ, որ չհոշոտենք։

Հայտնի միտքը կա՝ եթե անհատույց լավություն ես անում, ապա բարի եղիր նվաստանալու, քարկոծվելու ու ստորացվելու էլ, որովհետև ո՞վ ես դու, որ անպատիժ լավություն անես։

Հիմա Նիկոլինն է։ Խի դու ո՞վ եղար, Նիկոլ, որ Շանթին իր ուզածով չարդարացնես ու չազատես։ Ո՞վ եղար, որ Ամուլսարը մի օրվա մեջ չփակես, բոլորին չնստացնես, ու ձեռի հետ էլ երկիրը Սինգապուր չսարքես։

Ես իհարկե հասկանում եմ Նիկոլի ծանրագույն վիճակը, բայց ոչ թե ցավակցում եմ, այլ ես էլ Նիկոլից իմ պահանջներն ունեմ՝ թե որպես քաղաքացի ու թե որպես գիտնական, որն ի տարբերություն Շանթի, համալսարան է ավարտել, հետանկախական Հայաստանում իր ներածի չափով իրենն է արել, ոչ մեկի դեմ հացադուլերի չի նստել, ոչ մի հարցով հիստերիա չի սարքել, գմփիգների հեղափոխության չի արել, 15 հայրենասերների հետը բանտ չի տարել, նրանց ընտանիքներին անտերության չի մատնել, բանտերում գումարային 10 տարի պետության հաշվին չի ապրել, ու իր համեստ ներդրումն ունի գիտության մեջ՝ դեռ Հարվեյից մնացած, 400 տարի չլուծված՝ արյան շրջանառության հիմնարար խնդիր է լուծել.

Ի դեպ, ես ու կինս էլ ոչ միայն հայ ենք, այլև քաղաքացի ու թոշակառու։ Մենք մեր թոշակները չենք ստանում, որովհետև գրանցում չունենք ու Հայաստանում չենք` տարագիր ենք։ Բայց ստացվում է, որ մեր թոշակների հաշվին, հարգելի Նիկոլ, դու բանտում ես պահում մարդկանց, որոնք շատ վաղուց ու երևի երբեք էլ հանրայնորեն վտանգավոր չեն եղել ու չեն։ Ո՞վ է քեզ իրավունք տվել, մեր չստացվող թոշակը բանտերում անիմաստ բանտարկյալների վրա ծախսելու:

Քեզ թվում է, թե ժողովրդավար ես ու չես կարող իրավականին քո ուզածը պարտադրել։ Իսկ ինձ ու կնոջս էլ թվում է, որ որպես վարչապետ, դու էլ քո լծակներն ունես։ Կարող ես Շանթին բանտում ոչ թե խոսափող տալ, որ քեզ, մեզ ու ամբողջ երկիրը շանտաժի ենթարկի, այլ այնպես անես, որ “իր տեղն իմանա”։

Դու էլ կարող ես գնալ ՏՎ, նստել կամերայի դիմաց և ասել` որ “ես, Նիկոլ Փաշինյանս, որպես վարչապետ հայտարարում եմ հետևյալը։

Անկախության սկզբից եւեթ, երկրում իշխանական, ընդդիմադիր ու քրեական բեսպրեդել է եղել։ Ով ոնց կարողացել՝ հոշոտել է մարդկանց ու ծնկի է բերել երկիրը։ Բանդիտները միլիարդատերեր են դարձած, գողերն՝ օլիգարխ, տհաս ընդդիմադիրներն էլ չնչին քաղաքական դաշտն են ուզուրպացրել ու իրենց բեսպրեդելը պարտադրել էս դժբախտ ժողովրդին։

Դա բավարար չէ, հիմա էլ տեռորը իմ դեմ է շարունակվում՝ մեկը մարդկանց իմ հաշվով վախեցնելով, մյուսը դոշ ծեծելով ու վրաս հոխորտալով, ամենադուխովները՝ դրսերից իմ վրա տղա բերելով, բանտում նստածն էլ՝ ինձ շանտաժելով։

Ես պաշտոնապես եմ հայտարարում, որ դրանց բոլորի հարցերն էլ կամաց կամաց լուծելու եմ, բայց այսօր մի մասնավոր ու իմ՝ վարչապետիս հանդեպ կոնկրետ շանտաժի հարցով եմ խոսում։

Ես կարգադրում եմ բանտապետին, որպեսզի այսօրվանից օրապահիկից դուրս հանվի Շանթ Հարությունյանը, որի հանդեպ ես ոչ մի պարտավորություն չունեմ։ Ես չեմ իրեն բանտարկել ու ես չէ, որ երկրի սուղ բյուջեի հաշվին պետք է իրեն կերակրեմ ու իր եսակենտրոն, ուլտիմատիվ պահանջները կատարեմ։

Հայտարարում եմ նաև, որ այսօրվանից իմ համար բացարձակ շարքային ու անհայտ մարդիկ են բոլոր նախորդ ընդդիմադիրները, որովհետև եթե գործ անող էին, ապա այսօր ես չէ, որ պետք է լինեի վարչապետը ու այս վիճակում չպետք է լիներ երկիրը։

Նաև, քաջ գիտակցելով, որ մեծ է շանսը, որ բանտից բռնի դուրս հրավիրվելուց հետո, Հարությունյանը ոչ թե տուն գնա, այլ հացադուլի նստի, կարգադրում եմ քաղաքաշինության նախարարին, որ քաղաքից դուրս, Սովետաշենի գերեզմանների դիմաց, հատուկ վայր առանձնացնի հացադուլների համար՝ զուգարանով ու չուտելու այլ պարագաներով։

Սրանից հետո, բացի սեփական տնից, որևէ հասարակական վայրում այլևս քաղաքական հարցերով հացադուլն արգելված է, և կարգը խախտողը առաջին իսկ պահին ոստիկանական մեքենայով կհասցվի մինչև գերեզմանամերձ հացադուլանոց։

Հայտնում եմ նաև մնացած բոլոր՝ հին ու մարած ընդդիմադիր քաղաքական դեմքերին ու դիակներին, որ նախորդ իշխանության հեռանալով դուք էլ եք նետված մեր երկրի քաղաքական աղբանոցը։ Այլևս չհամարձակվեք որևէ մեկդ ինձ շանտաժելու որևէ հարցով՝ ես ձեր “թայը” չեմ։

Երկիրը պետք է առաջ գնա, բայց արդեն չորրորդ ամիսն է, ինձ ստիպում են քաղաքական դիակների հետ հաշիվ մաքրոցիի։

Եվ ամենակարևորը՝ եթե էդքան շտապ ու խրոխտ պլոճիկավոր եք, ապա նախորդներն են եղել ձեր կյանքը ձախողողը՝ ինքներդ դրանցից անձնական վրեժ հանեք, բայց չփորձեք ինձ շանտաժելով ձեր օրակարգն ինձ պարտադրել»։

Հարգելի Նիկոլ, սա էլ իմ ու կնոջս քաղաքացիական, ոչ ուլտիմատիվ պահանջն է՝ ուզում եք գնացեք իմ ասածով, ուզում եք՝ Ձերն արեք՝ շարունակեք սրա-նրա մուննաթների տակ մնալը՝ Ձեր գործն է։

Բայց ես գտնում եմ, որ մարդ ասածը բարիք կերտողն է, իր միջավայրն ինքնուրույն մաքրողն ու կողքինին չպարտադրողը։ Իսկ որևէ հարցով դոշ ճղողն ու դրոշակ ճոճողը մակաբույծն է, աճպարարը, սադրիչը, մարդուն ու երկիրը դեպի դժոխք քարշ տվողը։

71 տարեկան եմ, կյանքում առաջին անգամ եմ հրապարակավ իմ իրավունքները բարձրաձայնում ու ինձ ներկայացնում։ Եթե Շանթն իրավունք ունի 30 տարի երկիրն իր մուննաթներով ու նեգատիվով զբաղեցնելու ու երկիր շանտաժելու, Րաֆֆին իրավունք ունի հավերժ մեզ հիմարացնելու ու մեծարվելու, ապա ես հաստատ իրավունքն ունեմ սույն համեստ քաղաքացիական պահանջը ներկայացնելու։

Կես տարի առաջ, երբ մի երևելի հայ լրագրողի, որն ինձ որպես գիտնականի էր դիմել, թե գիտության ու գիտնականների մասին հոդված եմ պատրաստում, էս տարվա արդյունքներդ ներկայացրու, զարմացած պատասխանեցի, թե գիտես, որ ես թոշակի եմ ու մոտիկից ծանոթ չեմ հայկական գիտության խնդիրներին, ո՞նց պատասխանեմ։ Ինձ՝ իր հոր տարիքի մարդուն բառացի ասաց՝ ձևեր մի թափի։ Հետո, երբ իմ բացատրականը մի 2 րոպե էլ երկարեց, պատասխանեց՝ ես հիմա 50 գիտնականների հետ եմ կապի մեջ, քո վրա էդքան ժամանակ չեմ կարող ծախսել։

Հիշողությանս մեջ դաջվել է էդ արձագանքը ու մնացել որպես տեղին հուշ՝ թե իմ գիտնական լինելու արժեքի և թե գիտնականի հանդեպ սելեբրիթիի վերաբերմունքի։

Բոլորս ենք իրար հանդեպ նույն ձևով՝ ես թքած ունեմ բոլորի վրա ու բոլորն էլ թքած ունեն իմ վրա, բայց ոչ երբևէ՝ դատարկ, փուչ, ոչնչություն, մեզ դեպի անդունդը տանող հրապարակ ներխուժածների վրա։

Ռաֆֆի Հովհաննիսյանը նախորդ ընտրական ցիկլում երեք ընտրություն /նախագահի, խորհրդարանի ու Երևանի ավագանու/ լեգիտիմացրեց Սերժի համար, բայց այսօր իբր անբասիր, հարգալից ու նորից մեծարվող է՝ այն դեպքում, որ առնվազն օստրակիզմի ենթարկված պետք է լիներ նման հանցագործությունների համար։

Հարգանքով, ակնկալիքներով և հիշեցմամբ, որ վնասակար սխալն էլ է հանցագործություն, երբեմն՝ նույնիսկ ոճիր։

Հ․Գ․ Զարմանալի է, որ Շանթը Նիկոլին դեռ չի նստացրել:
Արա Հարությունյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache