Լրահոս

Եթե գերագույն գլխավոր հրամանատար չունենք, իմանանք, գնանք ինքներս հողեր վերցնենք

 

timthumb

NewsBook-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը:

– Պարոն Պապյան, երեկ Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցին: Որքանո՞վ արդյունավետ կարող է գործել այս համակարգը և իրապես կարո՞ղ է սթափեցնել ադրբեջանական կողմին:

– «Հետաքննություն» բառն ինքնին ենթադրում է միջադեպին հաջորդող գործողություններ: Այսինքն` այս գործընթացը հրադադարի խախտումների հետևանքով սպանությունները չի կանխելու: Ամեն դեպքում, հետաքննություն անցկացնելու և ճիշտ եզրահանգումներ կատարելու համար բազմաթիվ փաստեր և քաղաքական կամք է անհրաժեշտ, բայց արդյոք որևէ մեկի մոտ կասկած կա, որ ապրիլյան քառօրյա պատերազմը հրահրել է Ադրբեջանը: Ամենաբարձր մակարդակով նրանք մի քանի անգամ հաստատել են դա` հայտարարելով, որ իրենք են սկսել կրակել: Այնպես որ, հետաքննության կարիք չկա` պարզելու, թե ով է հրադադարի ռեժիմն առաջինը խախտել:

Ամեն դեպքում, եթե Վիեննայում Ադրբեջանի նախահարձակ գործողությունները դատապարտող հայտարարություն լիներ, բոլորովին այլ բան կստացվեր: Իհարկե, նման բան տեղի չունեցավ, հետևապես ես խիստ կասկածում եմ, որ հետաքննության մեխանիզմները կարողանան ինչ-որ բան պարզաբանել, ես այդ մեխանիզմների հետ մեծ հույսեր չեմ կապում:

– Ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում են գրավել` ընդհանուր առմամբ 200-300 մետր տարածք: Այսօր արդեն` Վիեննայից Երևան վերադառնալիս օդանավում լրագրողներին հարցազրույց տալիս, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները գրավել են անվտանգության գոտու 800 հա տարածություն: Ինչպե՞ս քառօրյա պատերազմից հետո այս թվերն այսքան արագ փոխվեցին:

– Այստեղ կարող է 2 բան լինել` կամ Սերժ Սարգսյանին այն ժամանակ ճիշտ չեն զեկուցել, կամ էլ նա ի սկզբանե ամեն ինչ իմացել է, սակայն պատերազմական թեժ օրերին հարմար է գտել խոսել փոքր ծավալներով կորուստների մասին: Իսկ հիմա, քանի որ այլևս իմաստ չկա դա թաքցնել, և լարվածությունն էլ թուլացել է, միգուցե ճիշտ է համարում ճշմարտությունը բարձրաձայնել:

– Հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ ոմանք Երևանում` սրճարաններում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ ցույց տալիս` նման մարդկանց առաջարկելով գնալ և հողեր վերցնել: Արդյո՞ք սա երկրի առաջին դեմքին հարիր հայտարարություն է:

– Մենք բանակ ունենք, և հողեր վերցնելը բանակի պարտականությունն է: Բանակն իր հերթին ունի գերագույն գլխավոր հրամանատար, ով պարտավոր է պաշտպանել երկրի շահերն ու տարածքային ամբողջականությունը և սահմանները: Իսկ շարքային քաղաքացիները հարկատուներ են, որոնց տված հարկերի և զավակների արյան գնով այդ սահմանները պահվում են: Հետևաբար այդ մարդիկ իրավունք ունեն սրճարաններում և խաշի սեղանի շուրջ քարտեզներ գծել: Դա մարդկանց իրավունքն է:

Հանուն արդարության` պետք է ասել` քարտեզներ գծում են նաև առաջնագծում գտնվող զինվորներն ու սպաները, որոնք հայտարարում էին, որ պատրաստ են եղել առաջ գնալու, սակայն իրենց կասեցրեցին: Մեկ անհատը չի կարող իր ձեռքում կենտրոնացնել քաղաքական, տնտեսական և ռազմական ամբողջ իշխանությունը և պարտականությունները դնել այլոց վրա: Տարածքներ վերցնելու պարտականությունը «քարտեզներ գծողների» վրա դնելը նշանակում է մեզ վերադարձնել պետականազուրկ վիճակի: Ի վերջո, մենք գերագույն գլխավոր հրամանատար ունե՞նք, թե՞ չունենք: Եթե չունենք, իմանանք, գնանք ինքներս հողեր վերցնենք:

Հարցազրույցը` Անի Ղազարյանի


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing