Եթե գիտեին, ինչո՞ւ տվեցին այդ պատրվակը վարչապետին

101

1in.am — ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ էր որոշել հրաժարական տալ և դեկտեմբերին անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություն, իսկ խորհրդարանում հայտնի օրինագծի ընդունումը պարզապես սեփական քաղաքական ծրագրերը արագացնելու պատրվակ էր: Խոսքը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխության օրինագծի մասին էր, որով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փաստացի կանխարգելում էին վարչապետի հրաժարականի ճանապարհով ԱԺ լուծարման միակ սահմանադրական տարբերակը: Ամենահետաքրքիրն այն է, որ Արմեն Աշոտյանն իրավացի է, երբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ էր մշակել այդ ծրագիրը:

Պարզապես ՀՀԿ փոխնախագահը ասում է մի բան, որը ոչ միայն նորություն չէ, այլ հնչել է անգամ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի ելույթում: Ավելին, այդ ելույթից առաջ էլ հնչել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի բնորոշումը, որ Հայաստանում իշխանության անցման մոդելը ֆանտաստիկ մոդել էր, օրինակելի մոդել: Գուտերեշը դրան անդրադարձել էր երկու անգամ: Ըստ այդմ՝ Արմեն Աշոտյանն ասում է այն, ինչ բացահայտ ներկայացվել է ի լուր աշխարհի: Հետևաբար՝ առավել հետաքրքիր է դառնում, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀԿ խմբակցությունը ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ տվել Նիկոլ Փաշինյանին այդ «պատրվակը», եթե գիտեր, որ նա ունի այդ քաղաքական ծրագիրը: Սխալվե՞լ են: Իհարկե չի բացառվում:

Չի բացառվում, որ այդ ուժերը իրապես հավատացել են Երևանի ավագանու ընտրությունից հետո իրենց իսկ շրջանառության մեջ դրած քարոզչա-տեղեկատվական «թեզին», թե հասարակության 57 տոկոսը չի գնացել ընտրության, և, ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանին աջակցողները այն մեծամասնությունը չեն, որքան թվում է ընտրության արդյունքից: Մյուս կողմից, այդուհանդերձ, աներևակայելի է թվում, որ քաղաքական ուժը, քաղաքական մտածողության կրող գործիչը կարող է գնալ այդօրինակ սխալ ճանապարհով, հատկապես այն ամենից հետո, ինչ Հայաստանում տեղի է ունեցել ապրիլ-մայիսին: Մյուս կողմից՝ 67 պատգամավոր գնացե՞լ է սխալ ճանապարհով, թե՞ նրանց տարել է ինչ-որ մեկը, իրականում մտցնելով անկյուն և փակուղի, այն դեպքում, երբ կար հակառակի հնարավորությունը՝ դուրս գալ նոր հարթություն, աջակցել քաղաքական օրակարգին՝ արտահերթ ընտրությանը, այդպիսով նաև, մի կողմից, Նիկոլ Փաշինյանին զրկել «հակահեղափոխություն» խաղարկելու հնարավորությունից և հիմքից, մյուս կողմից՝ հավակնել հանրության թեկուզ որոշակի շրջանակի մոտ ռեաբիլիտացիայի, դրական վարկի ձևավորման:

Մինչդեռ եղավ բոլորովին այլ հետևանք, և եթե օրինագծի նպատակը Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը կանգնեցնելն էր, իրականում այդ օրակարգը փաստացի դարձավ անկասելի, միևնույն ժամանակ այդ օրակարգում որևէ տեղի ու դերի հեռանկարից զրկելով օրենքի տակ ստորագրած ուժերին: Այստեղ, սակայն, տեղի ունեցավ բավականին ուշագրավ մի բան, հատկապես ՀՀԿ-ի համար: Այն, որ ՀՀԿ-ն, ըստ էության, այսպես, թե այնպես չուներ կորցնելու ոչինչ, ակնառու էր: Եվ այդ իմաստով, հոկտեմբերի 2-ի իրադարձությունների հետևանքով ամենամեծ կորցնողը ԲՀԿ-ն էր: Իսկ մենք դեռ ապրիլ-մայիսից ենք շոշափել այն հանգամանքը, որ թավշյա հեղափոխության առաջին փուլի հաղթանակից հետո մրցակցության որոշակի գիծ է լինելու ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունը՝ արդեն, իհարկե, նոր իրողությունների տրամաբանությամբ, ինչը հատկապես ցցուն արտահայտվեց նաև կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, երբ ԲՀԿ-ն այնպես էր քննադատում ՀՀԿ-ին, որ կարծես թե Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ նախագահն էր: Այդ իմաստով, ՀՀԿ-ն հոկտեմբերին հերթական անգամ պարտվելով Նիկոլ Փաշինյանին, փաստացի հերթական անգամ, և այս անգամ շատ կարևոր հաղթանակ տարավ ԲՀԿ-ի նկատմամբ:

Լուսանկարը՝ Photolure-ի



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache