Լրահոս

Եթե Հայաստանում խորանան հակառուսական տրամադրությունները, Մոսկվան իր սահմանապահներին դուրս կբերի. Կռիլով

 

կռիլօվ

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի հետ:

– Պարոն Կռիլով, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Հայաստանում խորացան հակառուսական տրամադրությունները՝ կապված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ։ Ի՞նչ եք կարծում՝ այս դժգոհությունները կարո՞ղ են Մոսկվային ստիպել վերանայել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը տարածաշրջանում Մոսկվային ամենալոյալ երկիրն է։

–Հայաստանում հակառուսական տրամադրությունները ոչ թե այս կամ նախորդ տարի են ի հայտ եկել,  այլ բավականին երկար ժամանակ։ Կարծում եմ՝ սկսվել է 2008 թվականից՝  վրաց-ռուսական պատերազմից հետո։ Հստակ աշխատանք է  տարվում՝ ինֆորմացիոն քարոզչական բնույթի։ Հայաստանին դժվար էր օգտագործել, երբ այստեղ շատ խորն էին պրոռուսական տրամադրությունները, խնդիրը սկսվեց փոխվել՝ փորձագետները, երիտասարդական կազմակերպությունները հստակ աշխատանք տարան։ Օրինակ՝ Ռուսաստանում ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից հարցում անցկացվեց 2014 թվականին, և պարզվեց, որ  հայկական մամուլը մտնում էր Ռուսաստանի նկատմամբ թշնամություն ունեցող աշխարհի բոլոր երկրների տասնյակում։ Այս ամենն, իհարկե, ազդում է Ռուսաստանի վարած քաղաքականության վրա՝ և՛ պետական, և՛ հասարակական մակարդակով։ Հիմա տեսնում ենք ԶԼՄ-ներում բացասական միտումներ։ Ցեղասպանության հարյուրամյակի ժամանակ ռուսական մամուլում կային այնպիսի հրապարակումներ, որ նախկինում հնարավոր չէր  տեսնել։ Հեղինակներն ընդհուպ նշում էին, որ Ցեղասպանություն չի եղել։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է և փոխվում է ոչ լավ ուղղությամբ. դա միանգամայն ակնհայտ է։

Պերմյակովի գործը հիշեք, ինչքան  ծայրաստիճան էմոցիոնալ հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանը  չի տա գործը հայկական արդարադատությանը, հիմա նրան դատում է Հայաստանի դատարանը, բայց ես հրապարակումներ չեմ տեսնում այդ մասին։

Այս ամենն ինչի՞ կբերի։ Ռուսաստանի իշխանությունները ստիպված կլինեն արձագանքել ինչ-որ կերպ։ Ես այժմ  զեկույց եմ պատրաստում այն մասին, թե ինչպես  է փոխվել Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Եվ որ ամենակարևորն է այս իրավիճակում՝  մեր իշխանությունները չեն բացառում ամենավատ սցենարը Հայաստանի մասով՝ Վրաստանի կամ Ուկրաինայի օրինակով։ ընդհուպ ռուսական զորքերի դուրսբերումն այստեղից, իհարկե՝ ամենահավանական տարբերակը չէ, բայց հնարավոր է։

– Նկատի ունեք՞ 102-րդ ռազմաբազան։

– Այո, սահմանապահներին։ Դուք եք, չէ՞, ակցիաներ անում ռուս սահմանապահներին դուրս հանելու պահանջով. մեր իշխանությունները չեն կարող դա չլսել։ Կրկնում եմ՝ ամենահավանական տարբերակը չէ, բայց հնարավոր է։

– Իսկ ռուսական զենքի վաճառքի մասով վերանայումներ կլինե՞ն։ Ռուսաստանը կշարունակի՞ զենք վաճառել Ադրբեջանին՝ հատկապես, երբ անգամ պետական մակարդակով դժգոհություններ կան առ այն, որ մեր զինվորներին սահմանին ռուսական զենքով են սպանում։ Սա բիզնե՞ս է, թե՞ հստակ քաղաքականություն։

Դա շատ բարդ  և ցավոտ հարց է։ Եթե նայենք, թե Ադրբեջանն ինչ սպառազինություն է կորցրել ապրիլին, ապա հիմնականում ուկրաինական տանկեր և ուղղաթիռներ։ Երբ ձեր փոխարտգործնախարարը ասում է, որ Ռուսաստանը պետք է իրեն պահի Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նման և զենք չմատակարարի Ադրբեջանին, նա մոռանում է, որ Ռուսաստանը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին է զենք մատակարարում: Երբ Ռուսաստանը իրեն սկսի պահել արևմտյան երկրների նման, նա Հայաստանին էլ զենք չի մատակարարի։ Ադրբեջանը Թուրքիայից էլ, Ուկրաինայից էլ զենք է ձեռք բերում: Երբ ասում են, որ եվրոպական երկրները զենք չեն մատակարարում Ադրբեջանին՝ դա սխալ է, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այս իրավիճակում Ռուսաստանի համար լավ ելքեր չկան, բոլորը  վատն են, այսինքն՝ վատ և ամենավատ։

Ուղղակի վատ ելքը Մոսկվայի համար Ադրբեջանին զենք վաճառելն է շուկայական գներով, իսկ Հայաստանին կամ շատ էժան, կամ անվճար՝ որպես ՀԱՊԿ գործընկեր։ Այդ զենքը երկու կողմից էլ  կրակում է. եթե մենք դա չանենք, առաջին հերթին կտուժի Հայաստանը, իսկ այս կերպ բալանսը պահվում է։ Չնայած խնդրի դժվարությանը՝ պետք չէ միայն էմոցիոնալ կերպով մոտենալ։

Եթե զենքի վաճառքի դժգոհություն անգամ պետական մակարդակով է հնչում, ընդհուպ Սերժ Սարգսյանն է Գերմանիայում դժգոհել՝ մարդ, ով Ռուաստանի հետ մշտապես լոյալ քաղաքականություն է վարել, հնարավո՞ր է՝ 2017-ին ընդառաջ Ռուսաստանը փորձի նոր գործընկերներ փնտրել Հայաստանում։

– Այստեղ շատ բան չունեմ ասելու, բայց որ վերաբերմունքը փոխվում  է՝ միանշանակ է:

– Պարոն Կռիլով, Դուք դեռ տեսնո՞ւմ եք հակամարտության կարգավորման դիվանագիտական հնարավորություն,թե՞ հակառակը՝ ապրիլյան պատերազմական օրերը ցույց տվեցին, որ խնդիրը միայն ռազմական ճանապարհով կարող է կարգավորվել։

– Ապրիլին մեծ հաշվով նոր բան տեղի չունեցավ. արդեն մի քանի տարի է՝ այս իրավիճակը շարունակվում է, որովհետև Ադրբեջանը վարում է Հայաստանին  հյուծելու քաղաքականություն՝ շփման գծում իրավիճակը թեժ պահելու քաղաքականություն։  Մինչև որ մոնիթորինգի հստակ մեխանիզմ չներդրվի միջազգային ռազմական դիտորդների առկայությամբ, և Ադրբեջանը չասի, որ իրենք պարզապես Հայաստանի կրակոցներին ի պատասխան են   օպերացիա իրականացրել, այս իրավիճակը կշարունակվի։ Մինչև համակարգը չներդրվի, խաղաղ գործընթացի մասին չենք կարող խոսել։ Քանի դեռ այն չկա, ընդհանրապես ոչ մի բանի մասին խոսել պետք չէ, և իրավիճակը դեռ շատ երկար կշարունակվի։ Հայաստանը պետք է մտածի շատ հստակ քաղաքականություն վարելու մասին՝ ի պատասխան Ադրբեջանի, իսկ եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանն, իհարկե, կպարտվի։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing