Եթե իշխանությունը փորձի կրկնել մարտի մեկ

1

Մեր զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

Պարոն Իգիթյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թավշյա հեղափոխության, հեղափոխական կոմիտեներ ստեղծելու մասին։ Ինչպե՞ս եք գնահատում  ծավալվող զարգացումները։ Այս ամենը հուսադրո՞ղ է, որ էական, բեկումնային փոփոխություններ կլինեն։

Եթե ՀՀԿ-ն մտածում էր, որ ժողովուրդը ոգևորված պետք է ընդունի հատուկ Սերժ Սարգսյանի համար արված փոփոխությունները, երբ Սերժ Սարգսյանը խնդրում էր հասարակությանն ընդունել Սահմանադրությունը և հայտարարում, որ ինքը երբեք չի հավակնի ղեկավարել պետությունը, իրենք այդ ժամանակ մտածում էին, որ հասարակությանը կարելի է մոլորության մեջ գցել, խաբել ցինիկաբար, անել այն, ինչ ուզում են, ու ոչ մի ըմբոստություն չի լինելու, իրենք սխալվում էին։ Հայաստանի իրավիճակում իրենց պալատական սոցիոլոգիական հարցումներով Սերժ Սարգսյանը 24 տոկոս հավանություն ուներ, ի տարբերություն Կարեն Կարապետյանի, որն ավելի շատ ուներ, մի երկրում, որտեղ այսպիսի քաղաքական իրավիճակ կա, երբ ժողովրդի մեծ մասը չի ուզում այդ կուսակցությանը, չի ուզում Սերժ Սարգսյանին, երբ ընդամենը երեք ամիս առաջ հայտարարում էին, թե Սերժ Սարգսյանը որևէ հավակնություն չունի, իսկ հիմա դնում են սուպերվարչապետ, պարզ է, որ այսպես պետք է լիներ։ Ինչ տեսակի ըմբոստություն, ինչ հետևանքներ սա կունենա, դա երկրորդական հարց է։Մի բան պարզ է, որ իշխել այս ձևով մի երկրում, որտեղ հասարակությունը ոչ միայն իշխանություն ձևավորելու հնարավորություն չունի, այլև նույնիսկ վերահսկելու, անհնար է կառավարել այդպիսի երկիր։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն իր իշխող կուսակցության հետ միասին այս 10 տարիների ընթացքում հետընթաց են ապահովել տնտեսության ոլորտում, արտագաղթի հետ կապված և այլն։ Այսինքն՝ որևէ հանգամանքում մենք չենք տեսնում, որ այդպիսի բողոքներ կարող էին չլինել։ Այս զարգացումները շատ տրամաբանական են։ Թե ինչով կավարտվի այս ամենը, ես չգիտեմ, բայց եթե իշխանությունը լրջորեն հայտարարում է, որ Հայաստանը պետք է զարգանա, միակ հանգամանքն այն էր, որ գտնեին մեկ այլ վարչապետի թեկնածու, որը կկարողանար երկիրն առաջ տանել։

Իսկ իշխանությունը պատրա՞ստ է դրան՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, անգամ որևէ այլ թեկնածուի անուն չշոշափվեց։

Հարցը միայն ժողովրդի ըմբոստությունը ոստիկանության կամ ուժային այլ ձևերով ճնշելը չէ։ Տեսեք, դեռ Սերժ Սարգսյանի նշանակումից երկու օր առաջ «Freedom House»-ը հրապարակել էր զեկույց, որտեղ անդրադարձ կար նրա առաջադրմանը, որտեղ նշվում էր, որ Հայաստանն զգալի հետընթաց է արձանագրում ժողովրդավարության ոլորտում և գնում է ավտորիտար երկիր ստեղծելու ճանապարհով։ Այնտեղ գնահատականներ են հնչում ընտրությունների հետ կապված, գրված է, որ հասարակությունը զրկված է իշխանություն ձևավորելու հնարավորությունից և այլն։ Ով հասկանում է, թե այդ կազմակերպությունն ինչ հեղինակություն ունի, արդեն պետք է հուշեր Սերժ Սարգսյանին, որ ունենալով այդպիսի վերաբերմունք միջազգային քաղաքակիրթ հասարակության կողմից, հնարավոր չէ իշխել։ «Freedom House»-ի զեկույցում ժամանակին Հայաստանը ունեցել է հազարամյակի մարտահրավերների ծրագիր, հետո նույն բացասական զեկույցի հետևանքով զրկվել է դրանից։ Այդ զեկույցի հիման վրա որևէ ներդրող չի գա Հայաստան։ Ինչպե՞ս պետք է Սերժ Սարգսյանն այստեղ ապահովի աճ, ներդրումներ, էլ չեմ ասում ժողովրդավարության զարգացում ու 2040 թվականին 4 մլն բնակչություն։ Ի վերջո, իշխելը միայն կառավարական ամառանոցը սեփականաշնորհելով չի լինում։ Դա ենթադրում է բազմաթիվ պարտավորություններ՝ սկսած սոցիալական, մշակութային զարգացումից, ռազմական երաշխիքներ և այլն։ Թեկուզ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ընտրվել էր նախագահ վատ ընտրություններով, բայց ժողովրդի կողմից և ինքը միշտ կարող էր ներկայացնել, որ ժողովրդի անունից է խոսում բանակցային գործընթացում, իսկ հիմա նույն Սերժ Սարգսյանն ասում է՝ որևէ մեկն իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, այդ թվում նաև ինքը։ Այսինքն Սերժ Սարգսյանը միջազգային հանրությունում, մանավանդ բանակցային գործընթացում պետք է ներկայանա որպես տարօրինակ ընտրություններում մեծամասնություն ստացած իր թիմակիցներից 50-60 քվե ստացած մարդ։ Նա պետք է ներկայանա որպես իր ժողովրդի կողմից չսիրված, անցանկալի ղեկավար ու այդ դեպքում իրեն շատ դժվար կլինի։ Մեր միակ զենքը և այն, ինչ կարող էինք հակադրել Ադրբեջանին, ժողովրդավարության հարցերում կես քայլ առաջ անցնելն էր, որը թույլ էր տալիս մեզ մրցակցել իրենց նավթի, մահմեդական աշխարհի երկրների հետ։ Ի՞նչ ունի Հայաստանը հիմա Ադրբեջանի առաջ դնելու. Այնտեղ մեծ սուլթան է, իսկ Հայաստանում՝ փոքր սուլթան։ Սա է իրավիճակը, և ինձ թվում է՝ դրա մասին ոչ թե ես ու դուք պետք է մտածենք, այլ առաջին հերթին Սերժ Սարգսյանը, մտածի՝ արդյոք ինքը կարող է լուծել Հայաստանի առջև դրված թե ներքին զարգացման և քաղաքական կայունության խնդիր և թե միջազգային անվտանգության երաշխիքների հարցը։ Իմ կարծիքով՝ չի կարող։

Պարոն Իգիթյան, նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել՝ ուղղված Հայաստանում տեղի ունեցող խաղաղ ցույցերին։  Սա կո՞չ էր  ուղղված իշխանություններին որևէ կերպ ուժ չկիրառելու։ Եթե կրիտիկական զանգված հավաքվի, արդյոք Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞։

Հարցը միայն կրիտիկական թիվը չէ, որ փողոցում է գտնվում, որովհետև եթե իշխանությունը փորձի իմանալ, թե քանի հոգի են իրենց դեմ, փորձեն ժողովրդի մոտ առկա տրամադրությունները հասկանալ, կտեսնեն, որ իրենց դեմ շատ մարդ ունեն։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, օրինակ՝ ՀՀԿ-ականների ասածները, Շարմազանովի, Սերժ Սարգսյանի ասածը, որ ոստիկանությունը ճիշտ է անում, բոլոր քաղաքակիրթ երկրներում՝ ԱՄՆ-ում, ոստիկանները նման բաներ են անում, և եթե դիտարկենք հենց դեպարտամենտի հայտարարությունը, այնտեղ պարզ նշված է, որ նրանք պաշտպանում են ոչ թե Շարմազանովին՝ ասելով, որ աջուձախ ոստիկանությունը և իշխանությունը կարող են ամեն ինչ անել, այլ ասում են, որ Հայաստանում ժողովուրդը իրականացնում է խաղաղ ցույցեր անելու իր սահմանադրական իրավունքը։ Եվ այսպիսի վերաբերմունք կլինի քաղաքակիրթ այլ երկրների և հեղինակավոր կազմակերպությունների կողմից։ Եվ եթե Հայաստանը փորձի կրկնել մարտի մեկ, սա կլինի այս իշխանությունների վերջին քայլը միջազգային ասպարեզում, որովհետև շատ մեծ խնդիրներ կունենա, երբ ուժ կիրառի հասարակության խաղաղ ցույցերին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache