Եթե կլանային ներկայացուցիչների համար մի դուռը փակում ենք, այնպես չլինի, որ հետո մի ուրիշ դուռ բացենք. փոխնախարար

32

Պետք չի հապշտապ որոշում կայացնել ու միանգամից կտրուկ փոփոխություններ անել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին, Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Դավիթ Գեւորգյանը:

«Քաղաքական դաշտը պետք է որոշակի տեսք ստանա: Հին քաղաքական կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ ինչ-որ տրամաբանությամբ են գործել, ընտրություններին մասնակցել են ինչ-որ տրամաբանությամբ, ակնհայտ է, որ նոր իրողությունների պայմաններում նրանք նախկին գործելաոճը չեն կարող ունենալ: Մենք արդեն տեսնում ենք, որ այդ կուսակցություններում որոշակի փոփոխությունների միտում կա: Նրանք փորձելու են նոր դեմքերով, նոր մոտեցումներով հանդես գալ»,-հայտարարեց փոխնախարարը:

Նա նկատեց, որ առաջիկա ընտրություններին ընտրակաշառքը, կլանային շահերը, ձայներ հավաքելը տեղ չեն ունենալու. «Մենք ունենալու ենք նոր իրավիճակ, նոր արդյունքներ: Այսինքն եթե մի մոդել նախկին քաղաքական պայմաններում չի գործել, չի նշանակում, որ այդ մոդելը վատն է կամ ամբողջովին վատն է: Իհարկե, թերություններ կան, փոփոխություններ պետք է լինեն, բայց մենք պետք է հասկանանք, թե եղած մոդելները նոր իրողության պայմաններում ոնց են աշխատում, որ նոր գնանք փոփոխությունների»:

Ինչ վերաբերում է կուսակցություններին, դաշինքներին, Դավիթ Գրիգորյանը նշեց. «Մենք հիմա տեսնում ենք, որ շատ կուսակցություններ փորձում են ազատվել օդիոզ դեմքերից, հայտնի կլանների ներկայացուցիչներից: Քաղաքական նոր իրողությունը ստիպում է կուսակցություններին ազատվել այդ մարդկանցից: Այսպես ասած, եթե մենք կուսակցությունների մասով կլանային ներկայացուցիչների համար մի դուռը փակում ենք, այնպես չլինի, որ հետո մի ուրիշ դուռ բացենք նրանց համար»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե հնարավորություն տրվի քաղաքացիական նախաձեռնությամբ թեկնածուներ առաջադրել, ապա շատ հանգիստ Գյումրիում, Վանաձորում կամ մեկ այլ քաղաքում շատ հանգիստ տվյալ մարդը, ում կուսակցությունները չեն ուզում տեսնել իրենց ցանկում, կարող է քաղաքացիական նախաձեռնություն սկսել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache