Եթե մի կողմ դնենք Վիգեն Սարգսյանին. Հայաստանի մեծ խնդիրը

1

Զինապարտության մասին օրենքի նախագծի, մասնավորապես տարկետման իրավունքի չեղարկման նախաձեռնությունը, որ առաջ էր քաշել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հանգեց երկու առանցքային «հակափաստարկի»՝ բանակում չծառայած պաշտոնյաները եւ իշխանությունը չունի այդպիսի օրինագծի բարոյական իրավունք, եւ տարկետման չեղարկումը հարված է կրթությանն ու գիտությանը:

Երկու «հակափաստարկն» էլ առավել ի տարբերություն նախաձեռնության, անհամեմատ ավելի քիչ առնչություն եւ համարժեքություն ունեն այն խնդիրներին, որոնց առաջ կանգնած է Հայաստանը որպես պետություն՝ ընդ որում ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաեւ օբյեկտիվ պատճառներով:Աներկբա է, որ Հայաստանը գործ ունի չավարտված պատերազմի հետ եւ թերեւս այդ իրավիճակում է լինելու շատ երկար ժամանակ, ուզենք, թե ոչ: Հայաստանը դժբախտաբար գտնվում է այնպիսի տարածաշրջանում ու հարեւանությամբ, որ զինված ուժերը դեռեւս շատ երկար ժամանակ՝ եթե ոչ միշտ հանդիսանալու են խաղաղության ապահովման անմիջական գործիք:Այդ իրավիճակում առաջանում է երկու խնդիր: Նախ, զորակոչի, զինված ուժերի թվաքանակի խնդիր:

Ընդ որում, այդ խնդիրն առաջանալու է անկախ նույնիսկ ժողովրդագրական պատկերից, որովհետեւ Հայաստանում եթե անգամ չլիներ արտագաղթ, միեւնույն է Ադրբեջանը իր թվաքանակով գերազանցելու էր Հայաստանին, հետեւաբար միշտ լինելու է նվազագույն համարժեքության խնդիր՝ հնարավոր չէ ունենալ Ադրբեջանի բանակի թավաքանակ, սակայն պետք է ունենալ այնպիսի թվաքանակով բանակ, որը կլինի հակառակորդի թվաքանակին այսպես ասած նվազագույնը համարժեք:

Միեւնույն ժամանակ, եթե խոսք կա պատերազմող բանակի եւ դրա վերաբերյալ նախաձեռնությունների այսպես ասած բարոյական բաղադրիչի մասին, ապա առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ բարոյակա՞ն է արդյոք, որ պատերազմող բանակի բեռն ընկնում է տարկետման իրավունք չունեցողների վրա, եւ, օրինակ, քննության կամ առաջադիմության կես միավորով այդ իրավունքը կորցնող երիտասարդը ենթակա է զորակոչի, իսկ մյուսը՝ ոչ:Ընդ որում, կա մեկ այլ հարց էլ՝ տարկետման իրավունք է ստանում այն երիտասարդը, որը այսպես ասած սովորում է պետության, հարկատուների հաշվին: Այսինքն, գործնականում կա կրկնակի բոնուս՝ տարկետում եւ անվճար ուսում:Այդպիսով, եթե կա բարոյական խնդիրը չծառայած պաշտոնյաների տեսանկյունից, ապա այդ խնդիրը կա նաեւ հանրային տեսանկյունից, եւ ավելի լայն իմաստով, քանի որ այդ պաշտոնյաները այսօր կան՝ վաղը կարող են չլինել իրենց պաշտոնին, իսկ հասարակությունն ու զինապարտությունը, պատերազմական իրավիճակն ու մարտահրավերը լինելու են անկասկած շատ ավելի երկար, քան այդ պաշտոնյաների կարիերան:

Հետեւաբար նվազագույնը առաջանում է հարց՝ ո՞ր բարոյական խնդիրն է անհրաժեշտ լուծել, եթե խնդիրը պետության եւ հասարակության շահն է, ոչ թե առանձին որեւէ պաշտոնյայի կամ պաշտոնյաների հետ կապված որեւէ կոնյուկտուրային հարց:Իրավիճակն առավել տարակուսելի է, երբ տարկետման չեղարկումը հակադրվում է գիտության զարգացմանը: Նվազագույնը մեկ օրինակ իսկ բավարար է, այդ «հակափաստարկը» չեղարկելու համար՝ Իսրայելի օրինակը, որը շատ հաճախ է իհարկե հիշատակվում: Այդ երկրում տարկետման իրավունք չկա, բանակից ազատվում են միայն ազգությամբ արաբներն ու հրեական հոգեւոր բարձրագույն դպրոցի սաները: Ընդ որում, նրանք էլ իրականացնում են այլընտրանքային ծառայություն հիվանդանոցներում եւ այլ սոցիալական ենթակառուցվածքներում:Բայց Իսրայելը մեղմ ասած չունի գիտության խնդիր: Այդ առումով բերվող «փաստարկները», թե Իսրայելում գիտության զարգացման մյուս հարցերը լուծված են եւ այլն, այդքան էլ զորեղ չեն, որովհետեւ Իսրայելի բանակը ձեւավորված է պետությանը զուգահեռ՝ 1948 թվականից, այդ ժամանակից ցայսօր պատերազմի մեջ է, եւ չի եղել տարկետում:

Այսինքն, Իսրայելում տարկետումը բացակայել է ամենասկզբից, թեեւ դա չի խանգարել տարիների ընթացքում ունենալ ու զարգացնել զորեղ գիտություն:Ի դեպ, այդ առումով, այստեղ թերեւս հարկ է նշել, որ տարկետման չեղարկման հարցը Հայաստանը պետք է որպես պետություն եւս լուծած լիներ հենց սկզբից, պատերազմի մեջ գտնվող պետության բանակի ձեւավորման սկզբից: Հայաստանում այդ հարցը պետք է օրակարգային չլիներ արդեն առնվազն երկու տասնամյակ:Միեւնույն ժամանակ, առկա է ուշագրավ մեկ այլ հարց. եթե բանակ զորակոչվելը հարված է գիտությանն ու պոտենցիալ գիտնական երիտասարդի գիտական ապագային, այդ դեպքում ինչու՞ պայքար չկա, որպեսզի բանակի արգելքը հանվի նաեւ վճարովի բուհական կրթություն ստացող ապագա գիտնականների համար: Ինչո՞վ են նրանք պակաս ապագա գիտնական, քան անվճար սովորող եւ ներկայում տարկետման իրավունք ունեցողները: Ինչու՞ է դժգոհության ալիքը առաջանում նրանց տարկետումը կասկածի տակ դնելու դեպքում, բայց չկա բողոք, որպեսզի գիտական ապագայի տեսանկյունից հավասար հնարավորություն ունենան երիտասարդները, որոնք առավել եւս իրենք են պատրաստ վճարել իրենց ուսման համար, ոչ թե սովորում են հարկատուների հաշվին:

Այդ հանգամանքը թերեւս մեկ այլ վկայություն է, որ խնդիրը դիտարկվում է ավելի կոնյուկտուրային շրջանակում, քան պետական ու հանրային ռազմավարական անհրաժեշտությունների ու մարտահրավերների:Անկասկած է, որ նոր օրենսդրական նախաձեռնությունը չի լուծում զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի հետ կապված մի շարք խնդիրներ: Դա աներկբա է: Դրա համար պետք են բոլորովին այլ նախաձեռնություններ, այլ մեխանիզմներ: Դրանց ուղղությամբ կատարվո՞ւմ են բավարար, համոզիչ քայլեր, թե ոչ, այլ հարց է:

Բայց, եթե կան չլուծված խնդիրներ, չլուծվող խնդիրներ, դրանց գոյությունը չի կարող լինել որեւէ այլ խնդրում առաջարկվող լուծման դեմ այսպես ասած հակափաստարկ:Չէ՞ որ ընտրակեղծիքի տարիների անխախտ ավանդույթը, ընտրական համակարգի բացակայությունը քաղաքական ուժերի համար չի դառնում ընտրության չմասնակցելու պատճառ: Կամ դատական, իրավական անկախ համակարգի բացակայությունը չի բերում նրան, որ Հայաստանում անիմաստ հայտարարվի փաստաբանությունն ու իրավապաշտպանությունը, եթե միեւնույն է դատական համակարգն ու իրավական համակարգը գործիք է իշխանության ձեռքին:Եթե կոռուպցիայի խնդիրը չի լուծվում ամբողջությամբ, արդյոք դա փաստարկ է թեկուզ մասնակի լուծումների դեմ: Չէ՞ որ մասնակի լուծման բացակայությունից իրավիճակը մեղմ ասած չի դառնալու ավելի լավը:Ըստ այդմ, հանրությունը, հանրությանն առաջնորդող ակտիվ խմբերը հարցերը եւ նախաձեռնությունները պետք է դիտարկեն շատ կոնկրետ, թե արդյոք դրանք փոխում են որեւէ բան, փոխո՞ւմ են դեպի լավը, արդյոք արտահայտում են հանրային մեծ կամ փոքր շահ, համարժեք են պետական ու հանրային որեւէ մարտահրավերի, թե ոչ:Շատ է խոսվում պրոֆեսիոնալ բանակի մասին:Անկասկած, դա խիստ ցանկալի, միաժամանակ իհարկե խիստ թանկ հաճույք է: Եվ թերեւս դարձյալ արժե անդրադառնալ Իսրայելի օրինակին: Հազիվ թե այնտեղ չկա պրոֆեսիոնալ բանակի փող, ծիծաղելի կլինի ասել, թե հրեաները չունեն պրոֆեսիոնալ բանակի փող: Բայց ինչու՞ չեն անցնում: Թերեւս այն պատճառով, որ անկանխատեսելի է, թե տասնյակից էլ քիչ միլիոնի բնակչությամբ եւ պատերազմող պետությունում քանիսը կցանկանան լինել զինվորական, թեկուզ վարձատրության դիմաց:Օրինակ, Իսրայելի բանակը համընդհանուր զորակոչի պայմաններում ներկայում մոտ 170 հազար է, որը թույլ է տալիս համարժեք լինել հակառակորդ պետությունների զինված ուժերին:

Ընդ որում, մեղմ ասած անհեթեթ կլինի նաեւ ասել, թե Իսրայելը քանակի վրա է դրել շեշտը, ոչ թե ռազմական տեխնոլոգիաների: Իսրայելն այդ առումով տեխնոլոգիական առաջատարներից եւ նույնիսկ նորաձեւություն թելադրողներից է, բայց ինչպես նշեցի վերեւում՝ կան քանակի նվազագույն խնդիրներ: Միեւնույն ժամանակ, պրոֆեսիոնալ բանակի դեպքում կա նաեւ պահեստազորի խնդիր, որովհետեւ քիչ թե շատ գործունակ պահեստազոր ապահովվում է պարտադիր զորակոչի պայմաններում:Հայաստանի խնդիրը թերեւս շատ պարզ է՝ խուսափել պատերազմից, եւ նույնքան պարզ է, որ Հայաստանի դեպքում դա հնարավոր է պատերազմին որքան հնարավոր է լավ պատրաստ լինելու դեպքում:Ինչ խոսք, խաղաղություն պարտադրելու ձեւը բանակը չէ, առավել եւս պատերազմին առավելագույնս պատրաստ լինելու համար պետք է զարգացող տնտեսություն, իսկ Հայաստանի դեպքում դա հնարավոր է հանրության ստեղծագործական ներուժի առավելագույն ազատության դեպքում:Բայց դրանք փոխկապակցված խնդիրներ են եւ Հայաստանի անվտանգության համար վտանգավոր է որեւէ շարժառիթով ռազմական եւ քաղաքացիական խնդիրների հակադրությունը, լինի շարժառիթը իշխանություն պահելը, թե իշխանությանը քաղաքական կամ այլ նկատառումներով հարվածելը:



Загрузка...