Լրահոս

Եթե ԵԱՏՄ-ին չանդամակցելու համար ՌԴ-ն սպառնում էր ՀՀ-ին, պատկերացրեք՝ դուրս գալու դեպքում ինչ կլինի. Արա Պապյան

 

Եվրասիական տնտեսական միությունը պարտադրանքի միություն է, և եթե չանդամակցելու համար ՌԴ-ն սպառնում էր Հայաստանին, պատկերացրեք՝ դուրս գալու դեպքում ինչ կլինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԵԱՏՄ կազմից դուրս գալու գործընթացի վերաբերյալ խոսակցություններին:

«Անդամակցության տատանման պահին ՌԴ-ն մեր իշխանություններին բացահայտ ասում էր՝ տեսեք Վրաստանին, Ուկրաինային: Դա շանտաժի և տեռորի բացահայտ դրսևորում էր: Պատկերացրեք, եթե չանդամակցելու համար սպառնում էին, դուրս գալու համար ինչ պետք է լինի»,- նշեց Պապյանը:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, թե Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի՝ հիմք ընդունելով ՌԴ Պետդումայի ընդունած նոր օրինագիծը, որի համաձայն՝ Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում: ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսակցությունները նաև ակտիվացել են ՀՀ-ի և Եվրամիության միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի ֆոնին:

Արա Պապյանն ընդգծում է, որ միջազգային պայմանագրերի ունենում են ամփոփիչ հոդվածներ, որտեղ մանրամասն ներկայացված է լինում, թե ինչպես է դադարեցվում պայմանագրի գործունեությունը ինչ-որ մի երկրի համար, բայց ԵԱՏՄ պայմանագրում նշված չեն դուրս գալու մեխանիզմները:

«Օրինակ՝ նշված է լինում, որ կողմերից մեկը գրավոր դիմում է  այսինչ մարմնին, 6 ամիս հետո, եթե չի փոխում իր մտադրությունը, ապա սա է լինում, նա է լինում: Այսինքն` հստակ է ամեն ինչ, բայց ԵԱՏՄ-ում այսպիսի բան չկա: Ամբողջ խնդիրը սա է»,- շեշտեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ ժողովրդավար երկրներում որևէ միությանը անդամակցելու կամ դուրս գալու որոշումը կայացվում է հասարակության կողմից: Պապյանը օրինակ բերեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը (Brexit), երբ Մեծ Բրիտանիան հանրաքվեի միջոցով նման որոշում կայացրեց։

«Տեսականորեն կարելի է մտածել, որ պետք է հանրաքվե արվի երկրում կամ գոնե խորհրդարանը որոշում կայացնի և դիմի ԵԱՏՄ ղեկավարությանը, բայց մենք լավ հասկանում ենք չէ՞, որ գործ ունենք Ռուսաստանի հետ, որը բնավ իրավական և օրինական երկիր չէ»,- նշեց Արա Պապյանը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing