Լրահոս

ԵՏՄ-ն նոր անդա՞մ կունենա. Տհաճ լուր Հայաստանի իշխանության համար

 

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր երկիրը կարող է մոտ ապագայում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Իգոր Դոդոնը, որը այսպես ասած ռուսական կամ եվրասիական կողմնորոշման կրող է եւ հաղթել է նախագահի ընտրությանը եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցներին, հայտարարել է, որ առաջիկայում Մոլդովոն փոխըմբռնման հուշագիր կստորագրի ԵՏՄ հետ, իսկ հետո նաեւ կարող է անդամակցել այդ կազմակերպությանը:
Ապրիլի 3-ին նախատեսված է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Քիշնեւում, որը կլինի ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Իգոր Դոդոնի միջեւ: Հաջորդ քայլը կարող է լինել շրջանակային համաձայնագրի ստորագրումը:Մինչ այդ Մոլդովայի նախագահը մարտի 17-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը կարողացել է հասնել նրան, որ մոլդովական մի քանի ապրանք Ռուսաստանի շուկայում կհայտնվեն առանց մաքսատուրքի:
Խոսքը վերաբերում է գինիներին, պահածոներին եւ գյուղմթերքին:Միեւնույն ժամանակ, Դոդոնը, ըստ հայտարարության, Պուտինի հետ հանդիպմանը լուծել է նաեւ աշխատանքային միգրանտների հարցը, որոնց թիվն ըստ տարբեր հաշվարկների կազմում է 700 հազարից մեկ միլիոն մարդ:Կդառնա՞ Մոլդովան ԵՏՄ վեցերորդ անդամը:2013 թվականի նոյեմբերին Մոլդովան ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման եւ Ազատ առեւտրի համաձայնագիրը, որից հետո լարվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Այդ ժամանակ Մոլդովայում իշխանությունը եվրոպական ինտեգրացիայի կողմնակից ուժերն էին: Մի քանի ամիս առաջ իշխանության եկավ այսպես ասած ռուսական կողմնորոշմամբ Դոդոնը, որն այժմ փորձում է կարգավորել հարաբերությունը Մոսկվայի հետ եւ պատրաստակամություն է հայտնում արագացված կարգով անցնել ԵՏՄ անդամակցության ճանապարհը:Այդ համատեքստում իհարկե հարց է, թե ինչ է սպասում Եվրասոցացման հետ: Բանն այն է, որ Եվրամիության հետ Ասոցացումը չի ենթադրում այլ մաքսային միության անդամակցում: Հենց այդ պատճառով նաեւ չստորագրվեց Հայաստանի հետ համաձայնագիրը, քանի որ Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարեց ԵՏՄ-ն «ընտրելու» մասին:Ի՞նչ կարձագանքի Եվրամիությունը Մոլդովային: Ի՞նչ կլինի Ասոցացման գործընթացի հետ: Հարցն առնչվում է նաեւ միաժամանակ այն առավելություններին, որ Մոլդովան ստացավ Ասոսացումից:

Մասնավորապես, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից հետո Մոլդովան ստացավ առանց վիզային ռեժիմ, որն ուժի մեջ մտավ 2014 թվականի ապրիլի 28-ից: Մոլդովայի քաղաքացիները ունեն 6 ամսվա ընթացքում Եվրամիությունում առանց վիզայի 90 օր գտնվելու իրավունք:Իգոր Դոդոնը առաջարկում է ռուսաստանցի գործարարներին օգտվել այդ իրավունքից: Նա հայտարարում է, որ եթե նրանք Մոլդովայում կատարեն 100, 150 կամ 200 հազար դոլարից ավելի ներդրում, ապա կարող են ստանալ Մոլդովայի քաղաքացիություն եւ այդպիսով օգտվել Եվրամիության հետ անվիզա ռեժիմից:Դա իսկապես հետաքրքիր առաջարկ կարող է լինել ռուսաստանցի գործարարների համար:

Փորձագետները նշում են, որ օրինակ եվրոպական երկրներում այդպիսի հնարավորություն ընձեռող շեմը 250 հազար եվրոն է:Միեւնույն ժամանակ հարց է առաջանում՝ եթե Մոլդովան անդամակցի ԵՏՄ-ին, այսինքն դառնա այլ մաքսային միության անդամ, արդյո՞ք Եվրամիությունը կվերանայի առանց վիզային ռեժիմի հանգամանքը, հատկապես որ այդ անվիզա ռեժիմը եղել է ասոցացման համաձայնագրի էֆեկտը:Այդ ամենով հանդերձ, Մոլդովան կարող է հայտնվել ուշագրավ վիճակում, երբ մի կողմից Ասոցացման համաձայնագիր ունի ԵՄ հետ, մյուս կողմից խաղ է սկսել Ռուսաստանի հետ, որի արդյունքում արդեն իսկ ստանում է որոշակի արտոնություններ իր համար կարեւոր ապրանքների մասով:
Այլ կերպ ասած, Քիշնեւը կարծես թե փորձում է նստել միաժամանակ երկու աթոռի վրա, ինչը նրա մոտ ստացվում է:Այսինքն, այդ առումով Քիշնեւը կարծես թե ստանում է Եվրամիության ու Ռուսաստանի միջեւ այսպես կոչված կամրջային դերակատարման հնարավորություն: Այն, ինչի հույսն ուներ Հայաստանի իշխանությունը:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing